«Առողջութիւն կ’լինի քո պորտի համար»
Այն կարծիքը կա, որ հիվանդությունները մեծամասամբ առաջանում են էմոցիոնալ այնպիսի ստրեսների պատճառով, ինչպիսիք են վախը, տառապանքը, նախանձը, զայրույթը, ատելությունը և մեղավորության զգացումը։ Սա ի նկատի ունենալով՝ ին՜չ մխիթարական է աստվածաշնչյան այն արձանագրությունը, թե՝ ‘Տիրոջ վախը առողջություն [«բուժում», ԷԹ] է քո պորտի (ծան.) համար և պարարտություն՝ քո ոսկորներին’ (Առակաց 3։7, 8)։
Ոսկորները մարմնի հիմքն են կազմում։ Հետևաբար, «ոսկորներ» բառով Աստվածաշունչն այլաբանական իմաստով ներկայացնում է մարդու ներքին էությունը, որն իր վրա անմիջականորեն կրում է զգացմունքների և հույզերի ազդեցությունը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ Տիրոջ վախը բուժիչ է պորտի համար։
Այս համարում օգտագործված «պորտ» արտահայտության վերաբերյալ Աստվածաշնչի մեկնաբանները տարբեր կարծիքներ են հայտնում։ Նրանցից մեկն ասում է, որ «պորտը», գտնվելով «մարմնի կենտրոնական մասում», հավանաբար ներկայացնում է բոլոր կարևոր օրգանները։ Ըստ մեկ ուրիշ մեկնաբանի՝ «պորտ» բառը գուցե ակնարկում է պորտալարին, որի մասին խոսվում է Եզեկիէլ 16։4–ում։ Եթե այսպես է, ուրեմն Առակաց 3։8–ը հավանաբար մատնանշում է մեր ամբողջովին կախված լինելը Աստծուց՝ ինչպես անօգնական սաղմ, որը սնվելու համար ամբողջությամբ կախված է իր մորից։ Կա նաև այն կարծիքը, որ «պորտ» բառն այստեղ ներկայացնում է մարմնի մկանային հյուսվածքները։ Այդ դեպքում, ելնելով համատեքստից, կարելի է ենթադրել, որ «պորտ» բառի գործածությամբ մկանային հյուսվածքներն առանձնացվում են «ոսկորներից»՝ մարմնի ավելի ամուր մասերից։
Ինչ մեկնաբանություններ էլ որ տրվեն, մի բան ակնհայտ է. Եհովայի հանդեպ աստվածահաճո վախ դրսևորելը իմաստուն ընթացք է։ Աստծո սկզբունքների համաձայն ապրելն այսօր կարող է նպաստել մեր առողջությանը։ Դեռ ավելին, մենք կարժանանանք Եհովայի հավանությանը, ինչն էլ իր հերթին գալիք նոր աշխարհում կառաջնորդի մեզ դեպի կատարյալ առողջությամբ անվերջ կյանքի՝ և՛ ֆիզիկապես, և՛ էմոցիոնալ առումով (Եսայիա 33։24; Յայտնութիւն 21։4; 22։2)։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Dr. G. Moscoso/SPL/Photo Researchers