«Մի բան, որ յուրաքանչյուրին էլ ուրախություն կպատճառեր»
ՏՈՒՎԱԼՈՒՆ ինը կղզիներից բաղկացած մի գեղեցիկ երկիր է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանում, և բնակչությունը կազմում է մոտ 10 500 մարդ։ Գիտենալով, որ Աստծո կամքն է, որպեսզի ‘բոլոր մարդիկ փրկվեն ու հասնեն ճշմարտության գիտությանը’, տեղի Եհովայի վկաները հույս էին փայփայում, որ օրերից մի օր հնարավորություն կունենան աստվածաշնչյան գրականությունը ընթերցել իրենց մայրենի լեզվով (Ա Տիմոթէոս 2։4)։ Դա բարդությունների հետ կապված խնդիր էր, քանի որ այդ լեզվով ոչ մի բառարան չկար։ Խնդիրը լուծում ստացավ 1979 թ.–ին՝ Տուվալույում ծառայող մի Եհովայի վկա միսիոների կողմից։ Կնոջ հետ միասին հաստատվելով տեղի բնակիչներից մեկի տանը՝ ժամանակի ընթացքում նա սովորեց այդ լեզուն, ապա աստիճանաբար սկսեց կազմել տուվալու լեզվին համապատասխան իր անձնական բառարանը։ Արդեն 1984–ին այդ լեզվով լույս տեսավ «Դուք կարող եք հավիտյան ապրել Երկրային դրախտում» գիրքը՝ հրատարակված Նյու–Յորքի «Դիտարան» ընկերության կողմից։
Տուվալուի նախկին պրեմիեր–մինիստր պարոն Տ. Պուապուան մի նամակ էր գրել, որում արտահայտել էր իր երախտագիտությունը «Հավիտյան ապրել» գրքի առնչությամբ։ Այնտեղ մասնավորապես ասվում էր. «Սա մի նոր, առանձնահատուկ ու կարևոր գիրք է՝ ի լրումն մեր ազգային հարստության։ Ձեզ, անշուշտ, մեծ ուրախություն կպատճառի տեղեկությունն այն մասին, թե այդ գրքի շնորհիվ ի՜նչ հրաշալի դեր եք խաղացել այս ժողովրդի հոգևոր կյանքի կազմակերպման բնագավառում։ Վստահ եմ, որ այս գիրքը կմտնի Տուվալուի պատմության մեջ՝ գտնելով իր ուրույն տեղը կրթության նպատակով հրատարակված գրքերի շարքում.... Սա մի այնպիսի նախաձեռնություն է, որ յուրաքանչյուրին էլ ուրախություն կպատճառեր»։
Թղթին հանձնված թարգմանչական գրառումները 1993 թ.–ին ծնունդ տվեցին տուվալուերեն–անգլերեն բառարանին։ Դա առաջին բառարանն էր, որում ընդգրկված էին ընդհանուր խոսակցական լեզվի միավորներ։ Վերջերս Տուվալուի Ազգային լեզվի կոմիտեն թույլատրություն խնդրեց՝ այն օգտագործելու մայրենի լեզվով իրենց առաջին բառարանի կազմման աշխատանքներում։
Սկսած 1989–ի հունվարի 1–ից՝ տուվալու լեզվով ամիսը մեկ անգամ լույս է տեսնում «Դիտարան» պարբերագիրը։ Եթե դուք այս պարբերագիրն ընթերցում եք օտար լեզվով, ապա ինչո՞ւ չբացել երկրորդ էջը և պարզել, թե արդյոք Դիտարանի հրատարակման լեզուների ցանկում չի՞ ընդգրկված նաև ձեզ ավելի հարազատ որևէ լեզու։ Անկասկած, մայրենի լեզվով ընթերցանությունը լրացուցիչ ուրախություն կպարգևի ձեզ։