Ընթերցողների հարցերը
Ի՞նչ չափով պետք է հավատարիմ քրիստոնյա կինը հակառակվի ամուսնու տված ապահարզանին։
Առաջին մարդկային զույգին ամուսնական կապով միացնելիս՝ Աստված ասաց, որ ամուսինն ու կինը պետք է միմյանց ‘հարեն’ (Ծննդոց 2։18–24)։ Մարդկանց կողմից անկատար ուղի բռնելու արդյունքում՝ ամուսնական կյանքը բազում խնդիրների հետ է բախվել։ Բայց ինչ վերաբերում է Աստծո կամքին, այն մնացել է անփոփոխ. ամուսինները պետք է միմյանց ‘հարեն’։ Պողոս առաքյալը գրել է. «Ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի։ Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի» (Ա Կորնթացիս 7։10, 11)։
Այս խոսքերը ցույց են տալիս, որ անկատար մարդիկ երբեմն լքում են իրենց կողակցին։ Օրինակ՝ Պողոսն ասում է, որ եթե ամուսինները բաժանվում են, երկուսն էլ «թող առանց ամուսնու մնան»։ Ինչո՞ւ։ Որովհետև թեպետ իրենք բաժանվել են, սակայն Աստծո աչքին նրանց կապը դեռ չի քանդվել։ Պողոսն այդպես ասաց, քանի որ Հիսուսը քրիստոնեական ամուսնությունների համար հետևյալ չափանիշն էր սահմանել. «Ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է» (Մատթէոս 19։9)։ Ապահարզանի՝ Սուրբ Գրություններով հիմնավորված միակ պատճառը, ըստ որի ամուսնությունը կարող է չեղյալ համարվել, «պոռնկությունն է» [հունարեն՝ պոռնե՛ա բառից]՝ սեռային անբարոյականությունը։ Ակներևաբար, Պողոսի նկատի ունեցած դեպքում ամուսնական կողմերից ոչ մեկը անբարոյականություն չէր գործել, ուստի, եթե նրանք ամուսնալուծվեին, այդ ամուսնությունը Աստծո տեսակետից վերջ գտած չէր համարվելու։
Այնուհետև Պողոսը խոսում է այն իրավիճակների մասին, երբ քրիստոնյան անհավատ կողակից ունի։ Ահա թե ինչ ուղղություն է նա տալիս. «Եթէ անհաւատը ուզում է բաժանուել իր կողակցից, թող բաժանուի. քանի որ այսպիսի դէպքում հաւատացեալ եղբօր կամ քրոջ վրայ հարկադրանք չկայ. քանզի Աստուած մեզ խաղաղութեան կոչեց» (Ա Կորնթացիս 7։12–16)։ Ինչպե՞ս պիտի վարվի հավատարիմ կինը, եթե նրա կրոնական համոզմունքները չկիսող ամուսինը լքել է նրան և նույնիսկ ուզում է դատարանով ամուսնալուծվել։
Թերևս, կինը չի ցանկանում բաժանվել։ Գուցե դեռ սիրում է ամուսնուն, զգում է իրենց փոխադարձ հուզական ու սեռական պահանջները և գիտակցում է, որ իր ու երեխաների համար ապագայում նյութական սուղ իրավիճակում հայտնվելու վտանգը կա։ Նաև՝ գուցե դեռ հույս ունի, որ ժամանակի ընթացքում ամուսինը կընդունի իր կրոնական համոզմունքներն ու կփրկվի։ Սակայն, եթե ամուսինը քայլեր է ձեռնարկել ամուսնությանը (ոչ աստվածաշնչյան պատճառներով) վերջ դնելու ուղղությամբ, կինը, ինչպես գրում է Պողոսը, կարող է ‘թույլ տալ նրան, որ բաժանվի’։ Նույնը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ հավատացյալ ամուսինն է որոշում ամուսնալուծվել՝ արհամարհելով ամուսնությանը վերաբերող Աստծո տեսակետը։
Նման իրավիճակում, սակայն, միգուցե հարկավոր լինի պաշտպանել իրեն ու երեխաներին։ Ինչպե՞ս։ Թերևս նա ցանկանում է երեխաներին վերցնել իր խնամակալության տակ, որպեսզի շարունակի նրանց մասին հոգ տանել, զբաղվել նրանց բարոյական դաստիարակությամբ և Աստվածաշնչի հրաշալի ուսմունքների հանդեպ նրանց մեջ հավատ ներշնչել (Բ Տիմոթէոս 3։15)։ Ապահարզանը կարող է վտանգի տակ դնել մոր իրավունքները։ Ուստի, նա թերևս քայլեր ձեռնարկի՝ իշխանությունների առջև պատշաճորեն ներկայանալու՝ երեխաներին մոտիկ գտնվելու իր իրավունքը պաշտպանելու նպատակով ու ամեն բան անի, որպեսզի ընտանիքը լքող ամուսինը իր վրա պարտավորություն վերցնի հոգալ նրանց մասին։ Ամուսնալուծությանը հակառակվող կնոջը որոշ երկրներում հնարավորություն է տրվում երեխաների խնամակալության և ֆինանսական ապահովության վերաբերյալ իրավական փաստաթղթեր ստորագրել՝ առանց ամուսնալուծվելու նրա պարտադիր գրավոր համաձայնության, որը ամեն կերպ ուզում է ստացած լինել նրա ամուսինը։ Այլ վայրերում նման փաստաթղթերի ձևակերպումը վկայում է այն մասին, որ նա համաձայն է ամուսնալուծվելու, հետևաբար՝ եթե նրա ամուսինը մեղադրվում է պոռնկության մեջ, նման փաստաթղթերի ստորագրումը նշանակում է, որ կինը հրաժարվում է իր ամուսնուց։
Հարևանությամբ ապրող բնակիչների ու ժողովի անդամների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չի լինի մանրամասնություններին, ինչպես օրինակ, այն բանին, թե արդյո՞ք ամուսնալուծությունը տեղի է ունեցել աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Հետևաբար, մինչ այդ մասին որևէ հարց կծագի, լավ կլինի նախագահող վերակացուին և ժողովի մեկ այլ երեցի նախապես ծանոթացնել իրողությանը (ցանկալի է գրավոր տեսքով), որպեսզի ընթացքում կամ ավելի ուշ որևէ հարց բարձրանալու դեպքում առկա փաստեր լինեն։
Այժմ վերադառնանք Հիսուսի խոսքերին. «Ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է»։ Եթե ամուսինը իրոք մեղավոր է պոռնկության մեջ, սակայն չի ուզում բաժանվել կնոջից, ապա կինը (Հիսուսի բերած օրինակում անմեղ կողմը) կարող է ընտրություն կատարել՝ կամ ներել նրան և շարունակել ապրել նրա հետ, կամ՝ մերժել և ամուսնալուծվել։ Եթե նա պատրաստ է ներել ամուսնուն և շարունակել իրենց համատեղ ամուսնական կյանքը, դրանում նա բարոյական տեսակետից ոչ մի սխալ չի գործում և քննադատությունների ենթակա չէ (Ովսէէ 1։1–3; 3։1–3)։
Եթե անբարոյականություն գործած ամուսինը ցանկանում է ամուսնալուծվել, կինը այս դեպքում ևս կարող է ներելու պատրաստակամություն ցուցաբերել՝ հույս ունենալով, որ ամուսինը ետ կվերադառնա։ Դա արդեն թողնվում է նրա հայեցողությանը՝ սեփական խղճի վրա հիմնվելով ու ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում կայացնել. վիճարկե՞լ ամուսնու ապահարզանը, թե՝ ոչ։ Որոշ երկրներում ապահարզանը վիճարկող կինը կարող է որոշ փաստաթղթեր ստորագրել, որոնք երեխաների խնամակալությունը ստանձնելու և նյութական ապահովություն ստանալու իրավունք են տալիս նրան՝ առանց նշելու, որ նա համաձայն է ապահարզանին։ Այդ թղթերում չի նշվում, որ նա հրաժարվել է ամուսնուց։ Սակայն կան երկրներ, որտեղ, ընդհակառակը, ապահարզանը վիճարկող կնոջը ստորագրելու են ներկայացնում թղթեր, որտեղ նշվում է այդ հանգամանքը։ Նման թղթեր ստորագրելը վկայում է այն մասին, որ նա հրաժարվում է իր մեղավոր ամուսնուց։
Բոլոր դեպքերում, հավանական թյուրիմացություններից խուսափելու համար ցանկալի է, որ կինը ժողովի պատասխանատուներին նամակ ներկայացնի, որտեղ թվարկի, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ նկատառումներով։ Նա կարող է նշել, որ ամուսնուն հայտնել է նրան ներելու ու համատեղ ապրելու իր ցանկության մասին։ Դա կնշանակի, որ ապահարզանին նա դեմ է, և որ պատրաստ է եղել ներելու ամուսնուն ու չի հրաժարվել նրանից։ Այսպիսով ցույց տալով, որ նա պատրաստ է ներել ու շարունակել ամուսնական համատեղ կյանքը, զուտ ֆինանսական և/կամ խնամակալությանը վերաբերող փաստաթղթերի ստորագրումը չի նշանակի, թե նա մերժել է ամուսնուն։a
Հաստատելով ամուսնուն նույնիսկ ապահարզանից հետո ներելու իր պատրաստակամությունը՝ ոչ կինը, ոչ էլ ամուսինը ազատ չեն կրկին ամուսնանալու։ Եթե անմեղ կողակցի ներելու ցանկությունն անարձագանք է մնացել, և նա հետագայում որոշում է հրաժարվել նախկին կողակցից նրա անբարո վարքի պատճառով, այդ դեպքում երկուսն էլ ազատ են։ Հիսուսը պարզ բացատրեց, որ անմեղ կողակիցը իրավունք ունի նման որոշում կայացնել (Մատթէոս 5։32; 19։9; Ղուկաս 16։18)։
[ծանոթագրություն]
a Կախված տեղանքից՝ իրավական ընթացակարգերն ու փաստաթղթերը իրարից տարբերվում են։ Ապահարզանին վերաբերող փաստաթղթերը ստորագրելուց առաջ հարկավոր է դրանք ուշադիր աչքի անցկացնել։ Եթե անմեղ կողմը այնպիսի թղթեր է ստորագրում, որտեղ ասվում է, որ նա դեմ չէ ապահարզանին, դա հավասարազոր է նրան, որ նա հրաժարվում է ամուսնուց (Մատթէոս 5։37)։