Տեսադաշտում կրոնների համախմբո՞ւմն է
«ՄԵՐ եկեղեցիների պատմության մեջ մենք այսօր ականատես ենք մի նշանակալի իրադարձության»,— այսպես է արտահայտվել Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի նախագահ Քրիստիան Կրաուսը։ Նմանապես՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2–րդը խոսեց «քրիստոնյաների միջև լիարժեք միասնության վերահաստատման դժվարին ճանապարհին կատարված մի վճռորոշ քայլի մասին»։
Այս խանդավառ հայտարարությունները անմիջական արձագանքն են 1999 թ. հոկտեմբերի 31–ին Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում ստորագրված համընդհանուր պաշտոնական այն վճռագրի, որով հաստատվում էր միացյալ դեկլարացիա՝ արդարադատության սկզբունքներով վավերացված։ Այս իրադարձության համար ժամանակի ու տեղի հաջող ընտրություն էր կատարվել. ենթադրվում է, որ 1517 թվականի նույն օրը՝ հոկտեմբերի 31–ին, Մարտին Լյութերն իր 95 թեզերը մեխել է Վիտենբերգի մայր–եկեղեցու ճակատին, և այդպիսով հռչակվել է բողոքական ռեֆորմացիան։ Իսկ Աուգսբուրգը հենց այն վայրն է, որտեղ 1530 թ.–ին լյութերականները ներկայացրել են իրենց հիմնական դրույթները՝ «Աուգսբուրգյան խոստովանությունը», որը, սակայն, մերժվեց կաթոլիկ եկեղեցու կողմից՝ անանցանելի ճեղքվածք բացելով բողոքականության ու կաթոլիկության միջև։
Հարց է ծագում. արդյո՞ք այս միացյալ դեկլարացիան կլինի եկեղեցիների տարաձայնությանը վերջ դնող վճռական քայլ՝ ինչպես որ դա ակնկալվում է։ Բոլոր անդամները չէ, որ լավատեսական տրամադրվածություն են հանդես բերել այդ ուղղությամբ։ Բողոքականներից գրեթե 250 կրոնական ներկայացուցիչներ առարկության խնդրագիր են ներկայացրել՝ զգուշացնելով չենթարկվել կաթոլիկ եկեղեցու ազդեցությանը։ Բողոքականներին նաև զայրույթ է պատճառել այն հանգամանքը, որ Կաթոլիկ եկեղեցին 2000 թվականի համար հատուկ ինդուլգենցիա (թողություն) է հայտարարել. մի բան, որից էլ հասունացավ պառակտումը գրեթե հինգ հարյուրամյակ առաջ։ Եվ այսպես, մինչև օրս ուժի մեջ են մնում թե՛ «Աուգսբուրգյան խոստովանությունը» և թե՛ Տրենտի խորհրդում ներկայացված կաթոլիկյան մերժումը, այնպես որ՝ դեռևս վաղ է միասնություն ակնկալել։
Քրիստոնեական աշխարհում տիրող անհամաձայնություններն ու պառակտումներն այնքան խորն են, որ դժվար թե հնարավոր լինի դրանք հարթել՝ միացյալ դեկլարացիա ստորագրելով։ Բացի դրանից, հավատքի միասնությունը հիմնավորապես կախված է Աստվածաշնչի՝ Աստծո Խոսքի ճշմարտությունների ըմբռնումից (Եփեսացիս 4։3–6)։ Ի տարբերություն փոխզիջումների միջոցով ձեռք բերված ընդհանրությանը՝ ճշմարիտ միասնությունը հաստատվում է միմիայն Աստծո խորհուրդների իմացության ու դրանց կիրառման ճանապարհով։ Հավատարիմ Միքիա մարգարեն հայտարարել է. ‘Բոլոր ժողովուրդները գնում են՝ յուրաքանչյուրն իր աստծո անունով, իսկ մենք մեր Տեր Աստծո անունով պիտի գնանք հավիտյանս հավիտենից’ (Միքիա 4։5)։
[նկար 32-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Ռալֆ Օրլովսկի/REUTERS/Archive Photos