Համաշխարհային խաղաղություն. ինչպե՞ս
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ խաղաղությունը երևո՞ւմ է հորիզոնում։ Մի ժամանակ շատերը դրական պատասխան կտային այս հարցին, բայց այսօր նրանք թերահավատ են դարձել։ Ըստ Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում լույս տեսնող «Daily Mail & Guardian» օրաթերթում հրատարակված մի տեղեկագրության, որտեղ քննարկվում են ապագայի հետ կապված պրոբլեմները՝ «ընդամենը 10 տարի առաջ միջազգային նոր հասարակարգի վերաբերյալ խոստումներն այսօր չափազանց լավատեսական են թվում»։
Տեղեկագրության հեղինակներն անդրադառնում են այն լավատեսական ոգուն, որը տիրում էր ընդամենը մի տասնամյակ առաջ։ Սառը պատերազմը նոր էր ավարտվել, և գերտերությունների միջև այլևս լարվածություն չկար։ Թվում էր, թե սկսվում է մի նոր դարաշրջան, ու շատերն ակնկալում էին, որ մարդկությունը սկսելու է բազմանշանակ մի առաջընթաց ապրել՝ լուծելով աղքատության, հիվանդությունների և բնապահպանության ոլորտում ծառացած հարցերը։ «Այդ կանխատեսումներն այսօր պարզապես ուտոպիական են,— ասվում է տեղեկագրության մեջ։— Նորանոր ընդհարումներ են տեղի ունենում այնպիսի վայրերում, որտեղ հազիվ թե կարելի էր սպասել։ Համաշխարհային մասշտաբով շարունակ աճում է աղքատությունը։ Այսօր երկու երկրներ ևս միջուկային զենքեր ունեն։ ՄԱԿ–ի հեղինակությունը մեծապես ընկել է մի շարք աղետալի իրավիճակներում նրա թերաժեք արձագանքների պատճառով։ Մարդկանց մտայնությունը ուտոպիայից փոխվում է հակաուտոպիայի»։
Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկանում են, որ մարդկանց թափած ջանքերը երբեք չեն կարող լիովին հաջողություն ունենալ, որքան էլ որ դրանք ազնիվ նկատառումներով լինեն։ Իսկ ինչո՞ւ։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում, ամբողջ աշխարհը չարի մէջ է (Ա Յովհաննէս 5։19)։ Քանի դեռ Սատանան է իշխում, երկրի վրա անհնար է դրախտային պայմաններ հաստատել, թեև Աստված այդ նպատակով էր երկիրը ստեղծել։
Իսկ մյուս կողմից, հիմքեր կան լավատես լինելու. Եհովա Աստված խոստանում է համաշխարհային խաղաղություն հաստատել ոչ թե իրերի ներկա համակարգը վերանորոգելու ճանապարհով, այլ՝ «նոր երկիր» հաստատելով, ‘որում արդարություն է բնակվում’ (Բ Պետրոս 3։13)։ Աստծո Թագավորության միջոցով է, որ մեր մոլորակը խաղաղավետ, երջանիկ օթևան կդառնա, որտեղ ապրելն ու աշխատելը հարատև ուրախություն կպարգևեն բոլոր հնազանդ մարդկանց։ Դեռ ավելին, Աստված խոստանում է, որ «պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։ Այս խոստումները հիմնված են ոչ թե մարդկանց անհուսալի կանխատեսումների, այլ անսուտ Ստեղծիչի վստահելի խոսքի վրա (Յայտնութիւն 21։4; Տիտոս 1։2)։