Երբ լռությունը համաձայնության նշան է
«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ. գերմանական եկեղեցիներն ու Հոլոքոստը» գրքում բացահայտորեն խոսվում է նացիստական ռեժիմի ներքո կրոնի խաղացած դերի մասին։ «Քրիստոնյաների համար սովորական էր պաշտպանել այդ ռեժիմը,— պնդում է գիրքը,— նմարդկանց ճնշող մեծամասնությունը ընդհանրապես դեմ չէր հրեաների հետապնդմանը։ Այս դեպքում լռությունը շատ բան է ասում» («Betrayal—German Churches and the Holocaust»)։
Ինչո՞վ էր նացիզմը հրապուրել իրենց քրիստոնյա համարող մարդկանց։ Ինչպես բացատրվում է գրքում, շատերին հրապուրում էր հիտլերյան «գերմանական հասարակության մեջ օրենքի և կարգապահության քաղաքականությունը»։ «Նա ելույթ էր ունենում պոռնկագրության, պոռնկության, արհեստական վիժումների, համասեռամոլության և ժամանակակից արվեստի «անպատկառության» դեմ. նա նաև բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով պարգևատրում էր համապատասխանաբար չորս, վեց և ութ երեխա ծնած կանանց, դրանով իսկ քաջալերելով մայրերին կատարել իրենց ավանդական դերը ընտանիքում։ Ավանդական արժեքներին անցնելու այս կոչը ռազմականացված ազգայնամոլության հետ միասին, որը Հիտլերը հակադրեց ստորացուցիչ Վերսալյան պայմանագրին, նացիոնալ–սոցիալիզմը հրապուրիչ դարձրեց Գերմանիայում ապրող շատերի և նույնիսկ քրիստոնյաների մեծամասնության աչքում։
Սակայն մի խումբ խիստ տարբերվում էր մյուսներից։ «Եհովայի վկաները,— ասվում է «Դավաճանություն» գրքում,— հրաժարվեցին մասնակցել բռնությանը կամ ռազմական ուժ գործադրել»։ Դա անխուսափելիորեն հանգեցրեց նրան, որ հարձակումներ կատարվեցին այդ փոքրաթիվ խմբի վրա, և բազմաթիվ անդամների տարան համակենտրոնացման ճամբարներ։ Իսկ ուրիշները, որ իրենց Հիսուսի հետևորդներ էին անվանում, լռում էին։ Կարդում ենք. «Ընդհանուր առմամբ կաթոլիկներն ու բողոքականները Եհովայի վկաներին ավելի շատ թշնամաբար, քան թե կարեկցաբար էին վերաբերվում, ավելի շուտ հիտլերյան դաժան սկզբունքների, քան՝ Վկաների խաղաղասիրության կողմնակիցներ էին»։ Նրանց լռությունն, անկասկած, նպաստեց, որ Վկաների հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորվի նացիստական ռեժիմի ներքո։
Նացիստական քաղաքականությանը եկեղեցիների մասնակցության առնչությամբ մինչև այժմ թեժ վեճեր են բորբոքվում, իսկ «Դավաճանություն» գրքում Եհովայի վկաները անվանվում են որպես մի «կրոնական խումբ, որը հրաժարվեց աջակցել կամ համագործակցել ռեժիմին»։