Ի՞նչ կարելի է սովորել նավաստու օրինակից
ԲԱՑ ծովում միայնակ նավարկելը կարող է ուժասպառության հասցնել։ Հոգնածությունից թմրած վիճակում նավաստին հեշտությամբ կարող է սխալներ թույլ տալ և ոչ ճիշտ որոշումներ կայացնել։ Ահա թե ինչու նավաստին բարձր է գնահատում խարիսխի դերը, որի շնորհիվ ուժասպառ վիճակում նա հնարավորություն է ստանում հանգստանալ և ուժերը վերականգնել՝ առանց հիմնական ուղղությունից շեղվելու վտանգի։ Միևնույն ժամանակ խարիսխի շնորհիվ նավը մնում է ամենահավասարակշռված դիրքում՝ նավաքիթը դեպի քամիների ու ալիքների կողմն ուղղած։
Բազմաթիվ ծովային վտանգներ դիմագրավող նավաստիների նման քրիստոնյաներն էլ բախվում են այս աշխարհի մշտական ճնշումներին ու հանգստանալու կարիք են զգում։ Հիսուսն ինքն էլ մի առիթով պատվիրեց իր աշակերտներին. «Եկե՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք» (Մարկոս 6։31)։ Մեր օրերում ոմանք մի քանի շաբաթով մեկնում են ճանապարհորդության կամ հանգստանալու համար իրենց ընտանիքների հետ միասին ժամանակ են անցկացնում բնության գրկում։ Այդ ամենը նրանց օգնում է թարմանալ և ուժերը վերականգնել։ Սակայն, ինչպե՞ս կարելի է հավաստիանալ, որ նման դեպքերում հոգևորապես ապահով վիճակում ենք գտնվում։ Ի՞նչը կարող է ծառայել մեզ համար որպես հոգևոր խարիսխ՝ օգնելով չշեղվել ու չկորցնել հավասարակշռությունը։
Եհովան մեծահոգաբար ապահովել է մեզ այդպիսի խարիսխով. դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Սուրբ Խոսքը՝ Աստվածաշունչը։ Ամեն օր այն կարդալով՝ Եհովային մոտ կլինենք և երբեք չենք հեռանա նրանից։ Աստվածաշնչի խորհուրդը կարող է ամրապնդել մեզ, որպեսզի Սատանայից ու իր աշխարհից եկող փորձություններին դիմադրենք։ Ու երբ ժամանակավորապես կտրվենք մեր առօրյա կանոնակարգից, Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությանը հետևելը կարող է հոգևոր առումով մեզ համար խարիսխ դառնալ (Յեսու 1։7, 8; Կողոսացիս 2։7)։
Սաղմոսերգուն մեզ հիշեցնում է, որ «երանելի է այն մարդը», որի «կամքը Տիրոջ օրենքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում» (Սաղմոս 1։1, 2)։ Աստվածաշունչն ամեն օր ընթերցելը մեզ ‘երանելի’ կդարձնի՝ իսկապես թարմացնելով ու ոգևորելով, որպեսզի պատրաստ լինենք շարունակելու մեր քրիստոնեական ուղին։