Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այդ դեպքում փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
• Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ ասել, որ Եսայիա 65։17–19-ում հիշատակված «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին մարգարեության կատարումը չի վերաբերում միայն գերությունից հրեաների վերադարձին։
Պատճառն այն է, որ Պետրոս և Հովհաննես առաքյալները, որոնք իրենց թղթերը գրել են մ.թ. առաջին դարում, մատնացույց են անում մարգարեության ապագա կատարմանը, որի մեջ մտնում են գալիք օրհնությունները (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։1–4) (1/5, էջ՝ 10–12)։
• Ի՞նչը կարող է ընկած լինել վայրագ կիսաստվածների մասին հին հունական առասպելների հիմքում։
Դա կարող է լինել հետևյալ փաստի չափազանցումն ու աղավաղումը. Ջրհեղեղից առաջ որոշ հրեշտակներ մարդկային մարմիններ հագան և սկսեցին վայրագ, անբարոյական կյանք վարել երկրի վրա (Ծննդոց 6։1, 2) (15/4, էջ՝ 27, ռուս.)։
• Հարսանիքի հետ կապված ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ, որոնցից հասուն քրիստոնյան պիտի խուսափի։
Ալկոհոլային խմիչքների անսահմանափակ քանակության, խելահեղ պարերի և աղմկոտ երաժշտության դեպքում արարողությունը կարող է վերածվել անզուսպ խրախճանքի, ինչից խուսափելը շատ կարևոր է։ Չպետք է մասնակցել հարսանիքին, եթե նախապես հայտարարված չէ, որ կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները, և եթե դուք հրավիրված չեք։ Փեսացուն պետք է համոզված լինի, որ պատասխանատու քրիստոնյաները կմնան մինչև հարսանեկան արարողության պատշաճ ժամանակին ավարտվելը (1/5, էջ՝ 19–22)։
• Ի՞նչ են նշանակում Սաղմոս 128։3–ի խոսքերը (Արևմտ. Աստ.), որում նշված որդիները իրենց հոր սեղանի չորս կողմում գտնվող «ձիթենիի տունկերու պէս» են։
Հաճախ ձիթենու բնի վրա նոր ընձյուղներ են ծլում։ Երբ հիմնական ծառն այլևս բավականաչափ պտուղներ չի տալիս, նրա ընձյուղները կարող են իր շուրջը մեծանալ ու նույնպիսի պտղաբեր ծառ դառնալ։ Նմանապես, ծնողները կարող են ուրախանալ, որ ունեն արգասավոր երեխաներ, որոնք իրենց հետ կողք–կողքի ծառայում են Եհովային (15/5, էջ՝ 27, ռուս.)։
• Ի՞նչ օգուտներ են ստանում երեխաները, երբ ընտանիքում բարենպաստ մթնոլորտ է տիրում։
Դրանով հիմք է դրվում, որ երեխաներն առողջ դատողությամբ վերաբերվեն գլխավորությանը, երախտագիտության զգացում ունենան համապատասխան արժեքների հանդեպ և լավ հարաբերությունների մեջ լինեն մյուսների հետ։ Այդպիսի մթնոլորտը կարող է նաև նպաստել, որ մտերիմ հարաբերություններ զարգանան Աստծո հետ (1/6, էջ՝ 27)։
• Հեռավոր Արևելքի երկրներից մեկում ի՞նչ նախաձեռնվեց, որպեսզի բոլոր քրիստոնյաները միմյանց եղբայր անվանեն։
Բոլոր ժողովներին հորդորվեց մեծարող բառերով չդիմել որոշակի անձանց։ Ընդհակառակը, բոլորը պետք է միմյանց հավասարապես վերաբերվեն որպես եղբայրների (15/6, էջ՝ 21, 22)։
• Արդյո՞ք Եհովայի վկաները օգտագործում են արյան բաղադրամասեր պարունակող դեղորայքներ։
Մենք հավատում ենք, որ Աստվածաշնչի «հեռու մնալ արյունից» պատվիրանը արգելում է ամբողջական արյան կամ նրա հիմնական բաղադրամասերի (պլազմա, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ) փոխներարկումը (Գործք 15։28, 29)։ Ինչ վերաբերում է հիմնական բաղադրամասերից ստացված ֆրակցիաներ ընդունելուն, յուրաքանչյուր քրիստոնյա ինքն է անհատական որոշում կայացնում՝ մտքում ունենալով, թե ինչ է Աստվածաշունչն ասում այդ հարցի շուրջ, և թե ինչպես դա կանդրադառնա Աստծո հետ իր փոխհարաբերությունների վրա (15/6, էջ՝ 29–31)։
• Հնարավո՞ր է արդյոք այսօր հոգեկան անդորր գտնել։
Այո, հնարավոր է։ Աստվածաշնչի միջոցով Հիսուս Քրիստոսն առաջնորդում է մարդկանց մաքուր երկրպագության և խաղաղության, ինչպես նկարագրված է Եսայիա 32։18–ում։ Դեռ ավելին, ովքեր ձեռք են բերում այդպիսի խաղաղություն, նրանց, Սաղմոս 37։11, 29–ի համաձայն, սպասում է մշտական խաղաղություն երկրի վրա (1/7, էջ 7)։
• Ի՞նչ դեր է խաղացել Ջորջ Յանգը ժամանակակից աստվածապետական պատմության մեջ։
Սկսած 1917 թ.–ից՝ նա Թագավորության բարի լուրը քարոզել է բազմաթիվ երկրներում։ Ծառայել է Կանադայում, Կարիբյան ավազանում, Կենտրոնական Ամերիկայում, Բրազիլիայում և Հարավային Ամերիկայի շատ երկրներում, Իսպանիայում, Պորտուգալիայում, նախկին Խորհրդային Միությունում և Միացյալ Նահանգներում (1/7, էջ՝ 22–27)։
• Ի՞նչ է նշանակում Ա Կորնթացիս 15։29–ի «մկրտուեցին [«մեռնելու», ՆԱ] համար» խոսքը։
Բանն այն է, որ, օծվելով սուրբ ոգով, քրիստոնյաները սկսեցին ապրել մի կյանքով, որը տանում էր նրանց դեպի մահ ու դրանից հետո՝ երկնային կյանքի հարության (15/7, էջ՝ 17)։
• Ի՞նչ էր անում Պողոս առաքյալը իր, այսպես կոչված, համր տարիների ընթացքում։
Հնարավոր է, որ նա Սիրիայում և Կիլիկիայում հիմնում կամ ամրապնդում էր ժողովները։ Բ Կորնթացիս 11։23–27-ում հիշատակված դժվարությունները, հավանաբար, վերաբերում են հենց այս ժամանակաշրջանին։ Դա ցույց է տալիս, որ նա ակտիվ ծառայություն էր կատարում (15/7, էջ՝ 26, 27)։
• Ի՞նչը կարող է օգնել մեզ ողջամիտ լինել մեր ակնկալիքներում։
Հիշե՛ք, որ Եհովան ըմբռնումով է մոտենում։ Նրան աղոթելը կօգնի, որ հավասարակշռենք մեր մտքերը, ինչը կվկայի մեր համեստության մասին։ Մյուս օգնությունն այն է, որ, խոսելով հասուն ընկերոջ հետ, կարող ենք իրերին նորովի նայել (1/8, էջ՝ 29, 30)։