Աստվածային իմաստնություն. ինչպե՞ս է այն դրսևորվում
‘ԱՂՔԱՏԻ իմաստությունը անարգուած է, և նորա խոսքին չեն լսում’։ Իմաստուն Սողոմոն թագավորն այսպիսի խոսքերով եզրափակեց իր պատմությունը մի աղքատ, բայց շատ խելացի մարդու մասին, որը մի ողջ քաղաք փրկեց ոչնչացումից։ Բայց, ցավոք, «ոչ մի մարդ չ’յիշեց այն աղքատ մարդին» (Ժողովող 9։14–16)։
Ժողովուրդը սովորաբար հակված է արհամարհել համեստ միջոցների տեր մարդկանց, անգամ, եթե այս աղքատ մարդիկ հիացմունքի արժանի գործեր են կատարում։ Ժամանակին այդպիսի վերաբերմունքի արժանացավ նաև Հիսուսը, որի մասին Եսայիան մարգարեացել էր. «Նա անարգուած ու մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ» (Եսայիա 53։3)։ Ոմանք անարգում էին Հիսուսին, որովհետև նա չուներ իր օրերի առաջնորդներին բնորոշ հասարակական բարձր դիրքը կամ համբավը։ Սակայն նա օժտված էր այնպիսի գերիմաստնությամբ, որպիսին երբևէ չի ունեցել անկատար մարդկանցից և ոչ մեկը։ Հիսուսի համաքաղաքացիները մերժեցին ընդունել, որ «հիւսնի որդին» կարող էր նման իմաստություն դրսևորել ու այդպիսի մեծ գործեր կատարել։ Ինչ խոսք, նրանք չարաչար սխալվում էին, և ինչպես պարզ է դառնում շարունակությունից, Հիսուսը «նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց»։ Ի՜նչ կարևոր բան բաց թողեցին այդ մարդիկ (Մատթէոս 13։54–58)։
Թող որ մենք էլ նույն սխալը թույլ չտանք։ «Իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»,— ասաց Հիսուսը։ Այնպես որ, աստվածային գործեր կատարող ու երկնային իմաստնություն դրսևորող մարդիկ աչքի են ընկնում ոչ թե իրենց հասարակական դիրքով կամ որոշ խավի պատկանելությամբ, այլ հանդես բերված «բարի պտղով» Աստվածաշնչի վրա հիմնված հավատով ու գործերով (Մատթէոս 7։18–20; 11։19, ծան.)։