Պատմում են Թագավորության քարոզիչները
Եհովայի աչքին թանկագին են իրեն սիրողները
ԴԵՌԵՎՍ աստվածաշնչյան ժամանակներից Լիբանանը հայտնի է եղել իր բնական ռեսուրսներով (Սաղմոս 72։16; Եսայիա 60։13)։ Հատկապես թանկ էին գնահատվում նրա վեհաշուք մայրիները՝ շնորհիվ իրենց գեղեցիկ, անուշահոտ ու դիմացկուն բնափայտի։ Բայց մ.թ. առաջին դարում Լիբանանը սկսեց «արտահանել» մայրու փայտից ավելի թանկագին մի բան։ Մարկոսի ավետարանից տեղեկանում ենք, որ Տյուրոսի և Սիդոնի շրջակայքից՝ Լիբանանի վաղեմի տարածքներից, «բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ [Հիսուսը] ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ» (Մարկոս 3։8)։
Այսօր նմանապես, «Լիբանանի հողը» շարունակում է շատ գնահատելի պտուղներ բերել։ Դրա մասին են խոսում հետևյալ դեպքերը.
• Ուիսամ անունով դպրոցական տարիքի մի Վկա առաջադրանք ստացավ 30 րոպեանոց որևէ ելույթով հանդես գալ իր դասարանցիների առջև։ Ուիսամը վճռեց, որ դա վկայություն տալու համար հոյակապ առիթ կարող է հանդիսանալ։ Եվ ահա նա արարչագործության թեմայով մի ելույթ պատրաստեց՝ օգտագործելով «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՝ արարչությամբ» գիրքը։ Համենայն դեպս, նախապես ծանոթանալով նյութին՝ Ուիսամի ուսուցիչն ասաց, որ թեմայի կարևորության պատճառով կարելի է ելույթն ընդարձակել մինչև 45 րոպե։
Դեռ նոր էր սկսել իր ելույթը, երբ հանկարծ ուսուցիչն ընդհատեց նրան, որպեսզի կանչեր տնօրենին։ Շուտով տնօրենը եկավ, և Ուիսամը վերսկսեց իր ելույթը։ Ելույթի ներածական մասում տեղ գտած հարցադրումները տնօրենի վրա խորը տպավորություն գործեցին, ու նա առաջարկեց, որ աշակերտներից յուրաքանչյուրը ձեռք բերեր ելույթի լուսանկարչական պատճեի մեկական օրինակ։
Քիչ անց մեկ այլ ուսուցիչ, դասարանի մոտով անցնելիս, նկատեց այնտեղ տիրող աշխուժությունը և ցանկացավ պարզել պատճառը։ Տեղեկանալով, թե հարցն ինչումն է կայանում, նա ուզեց նաև իմանալ՝ Ուիսամի նպատակն էր ապացուցել արարչագործությո՞ւնը, թե՝ բարեշրջությունը։ Ստանալով պատասխանը և տեղեկանալով, որ Ուիսամը Եհովայի վկա է՝ այդ ուսուցիչը դիմեց դասարանի աշակերտներին. «Նրա ներկայացրած ելույթի միջոցով ինքներդ էլ կհամոզվեք, որ գիտությունը հաստատում է ոչ թե բարեշրջության տեսությունը, այլ՝ արարչագործությունը»։
Պարզվեց, որ ուսուցիչն արդեն ուներ «Արարչություն» գրքի մի օրինակ և այն օգտագործել էր համալսարանում դասախոսություններ կարդալիս։ Նախքան հեռանալը այդ ուսուցիչը խոստացավ հաջորդ օրը վերադառնալ իր աշակերտների հետ միասին, որպեսզի Ուիսամը ելույթ ունենա նաև նրանց առջև։ Սա էլ իր հերթին դարձավ Եհովայի մասին վկայություն տալու հիանալի առիթ։
• Տասներկուամյա Նինան ծարավ էր ճշմարտության կենարար խոսքին։ Մի օր հորաքրոջ տղան նրան Աստվածաշունչ նվիրեց ու տարավ ծանոթացնելու հոգեգալստականների ժողովին։ Նինան հաճույքով ընթերցում էր Աստվածաշունչը և երբ հասկացավ, որ քրիստոնյան պիտի քարոզի, սկսեց իր գիտելիքներից բաժին հանել մյուսներին։ Նրա հետ զրուցող մարդիկ հարցնում էին. «Դու նո՞ւյնպես Եհովայի վկա ես»։ Այդ հարցը շփոթության մեջ էր գցում Նինային։
Վեց տարի անց Եհովայի վկաները թակեցին նրա դուռն ու սկսեցին պատմել Աստծո Թագավորության մասին։ Սկզբում Նինան փորձում էր սխալներ գտնել նրանց ուսուցումների մեջ։ Բայց հետո հասկացավ, որ իրեն ներկայացված բոլոր պատասխանները տրամաբանական են ու Աստվածաշնչի վրա հիմնված։
Ի վերջո նա իմացավ, որ Աստծո անունը Եհովա է, տեղեկացավ Թագավորության օրհնությունների և էլի շատ ուրիշ բաների մասին ու համոզվեց, որ վերջապես գտել է ճշմարտությունը։ Նա իր կյանքը նվիրեց Աստծուն ու մկրտվեց։ Վերջին յոթ տարիների ընթացքում Նինան ծառայել է որպես լիաժամ քարոզիչ։ Իրոք որ, Եհովան օրհնում է իրեն սիրողներին (Ա Կորնթացիս 2։9, ծան.)։