Բարի գործերը փառավորում են Աստծուն
ԱՍՏԾՈՒՆ սիրող անհատները ջանում են արտացոլել նրա Խոսքից՝ Աստվածաշնչից առկայծող հոգևոր լույսը։ Դրանով նրանք հետևում են Հիսուսի պատգամին. «Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է» (Մատթէոս 5։16)։ Աստծուն կարող են փառավորել և՛ խոսքերը, և՛ գործերը։
Գործելով Աստվածաշնչում գրվածին ներդաշնակ և ջանալով մյուսներին նույնպես հոգևոր օգնություն ցույց տալ՝ Եհովայի վկաները ձգտում են հաճեցնել Աստծուն։ Նրանք այդպես են վարվում նույնիսկ այն երկրներում, որտեղ իրենց գործունեությունը դեռևս օրենքով գրանցված չէ։ Այդպիսի երկրներից մեկի մայրաքաղաքում Վկաներն անցկացնում են տարեկան համաժողովներ, որտեղ ներկա են գտնվում տարբեր վայրերից ժամանած 6 000–ից մինչև 9 000 մասնակիցներ։ Այդ նպատակով վարձում են քաղաքի ճարտարապետական համալիրի սրահները, որտեղ սովորաբար ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 1999 թ.–ին կայանալիք համաժողովից առաջ, հարյուրավոր Վկաներ ջանասիրաբար մաքրեցին սրահները, տեղադրեցին համապատասխան ձայնային սարքավորումներ ու հազարավոր աթոռներ։
Այս նախապատրաստությունները չմնացին աննկատ։ Համալիրի ադմինիստրացիան հետևում էր աշխատանքներին։ Չնայած ներկաների չափազանց մեծ թվին՝ 15 666 հոգի, ամեն ինչ բարեհաջող ընթացավ, և Վկաները խիստ կարգ ու կանոն պահպանեցին։ Ադմինիստրացիայի վրա մեծ տպավորություն գործեց նաև հանդիպման վերջում կազմակերպված սրահների խնամքով մաքրումը։
Ի գնահատում այս ամենի՝ նրանք Վկաներին նախապատվության ցուցակի մեջ գրանցեցին, որպեսզի հաջորդ տարի ևս նրանց տրվի կառույցը վարձելու առաջնային հնարավորություն։ Սակայն սա դեռ բոլորը չէ։ 1999 թ. հուլիսի 15–ին այդ գնահատանքն արտահայտվեց մեկ այլ ձևով՝ համաժողովի կոմիտեին ընծայելով մի հուշատախտակ, որի վրա փորագրված էր. «Եհովայի վկաների ժողով»։ Ինչ խոսք, այնպիսի երկրում, որտեղ աստվածաշնչյան կրթական գործունեությունն արգելքների է հանդիպում՝ դա անսպասելի երևույթ էր։
Համայն աշխարհի ամենատարբեր հատվածներում միլիոնավոր անհատներ 2000–2001 թթ. ընթացքում ներկա կգտնվեն Եհովայի վկաների կողմից կազմակերպված «Աստծո խոսքը կատարողներ» վերնագիրը կրող նահանգային համաժողովներին։ Ներկա գտնվելով այնտեղ՝ դուք հնարավորություն կունենաք անձամբ տեսնելու, թե Աստծուն փառք բերող ինչ բարի գործերով են զբաղվում նրանք, ովքեր սիրով կիրառում են Աստվածաշնչից իրենց սովորածը։