Նրանք «Աստուածանից վախեցին»
ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ դեռևս Եգիպտոսում էին՝ գերության մեջ, երբ եբրայեցի երկու մանկաբարձներ՝ Սեփրան ու Փուան, հուսահատ վիճակի մեջ ընկան։ Փորձելով կանգնեցնել հրեա ժողովրդի արագ աճը՝ փարավոնն այս կանանց հրամայել էր. «Եբրայեցի կանանց ծնեցնելիս.... եթէ տղայ է՝ մեռցրէք նորան» (Ելից 1։15, 16)։
Սեփրան և Փուան «Աստուածանից վախեցին», հետևաբար «չ’արին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը»։ Դրա փոխարեն, նրանք տղա նորածիններին կենդանի թողեցին, թեև նրանց այս խիզախ քայլը կարող էր իրենց կյանքը վտանգի տակ դնել։ Եհովան «մանկաբարձներին բարիք արաւ» ու վարձատրեց փրկարար արարքի համար (Ելից 1։17—21)։
Այս հաղորդագրությունը ցույց է տալիս, թե Եհովան որքան բարձր է գնահատում իրեն ծառայող անձանց։ Սեփրայի և Փուայի վարքագիծը նա կարող էր դիտել ինչպես քաջ արարք, այնպես էլ պարզապես մարդասիրություն։ Չէ՞ որ ոչ մի ողջամիտ կնոջ մտքով անգամ չի անցնի սպանել նորածին երեխայի։ Բայց և այնպես, Եհովան, անշուշտ, գիտեր, որ ոմանք մարդավախության պատճառով զարհուրելի արարքներ էին կատարել։ Նա հասկանում էր, որ այդ մանկաբարձների մեջ խոսում էր ոչ միայն բարությունը, այլև աստվածավախությունն ու նվիրվածությունը։
Որքա՜ն երախտապարտ ենք, որ ծառայում ենք այնպիսի Աստծու, որը չի անտեսում մեր անձնվեր արարքները։ Ճիշտ է, գուցե մեզանից ոչ մեկը երես առ երես չի հանդիպել հավատի նման փորձության, ինչպիսին ունեցան Սեփրան և Փուան։ Այնուհանդերձ, երբ մենք արդարության կողմը ամուր դիրք ենք բռնում՝ լինի դա դպրոցում, աշխատավայրում կամ մեկ ուրիշ միջավայրում, Եհովան մեր անձնվեր սերը ինքնըստինքյան դրսևորվող հատկություն չի համարում, ընդհակառակը՝ նա «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։ Այո՛, «անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ» (Եբրայեցիս 6։10)։