Անհավասարությունը ներկայիս հասարակության պատուհասն է
«Մենք գտնում ենք, որ հետևյալ ճշմարտություններն ակնհայտ են, այն է՝ բոլոր մարդիկ հավասար են ստեղծված, նրանց Արարիչը որոշակի անկապտելի իրավունքներ է շնորհել նրանց՝ տալով երջանկության ձգտելու, կյանքի ու ազատության իրավունք»։ («Անկախության դեկլարացիա»՝ ընդունված Միացյալ Նահանգների կողմից 1776 թվականին։)
«Բոլոր մարդիկ ծնված են ազատ և իրավահավասար»։ («Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա»՝ ընդունված Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից 1789 թվականին։)
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով»։ («Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա»՝ ընդունված ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին։)
ՈՉ ՈՔ չի առարկում այս հայտարարություններին։ Ողջ աշխարհում մարդիկ ձգտում են իրավահավասարության։ Ցավոք, միայն այն փաստը, որ այդ մասին հարկ է լինում խոսել այսքան հաճախակի, արդեն ցույց է տալիս, որ մարդկությանը մինչև այժմ չի հաջողվել հասնել համընդհանուր հավասարության։
Կա՞ն արդյոք հիմքեր՝ պնդելու, որ այսօր՝ 20–րդ դարի վերջին, մարդիկ առաջընթաց են ապրել այս խնդրի լուծման գործում։ Ճի՞շտ է, որ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կամ ՄԱԿ–ի անդամ 185 երկրների քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, որով, ինչպես նրանք են պնդում, ծնվել են։
Թեև իրավահավասարության անհրաժեշտությունն «ակնհայտ» է, սակայն ոչ բոլորն են հավասարապես օգտվում «երջանկության ձգտելու և կյանքի ու ազատության իրավունքներից»։ Ի՞նչ հավասարության մասին է խոսքը, երբ Աֆրիկայում յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանող միևնույն բժշկին բաժին է ընկնում ևս 2 569 հոգի, մինչդեռ Եվրոպայում այդ թիվը կազմում է ընդամենը 289։ Իսկ ինչ վերաբերում է երջանկության ձգտելու և կյանքի իրավունքներին, ապա դժվար է խոսել որևէ հավասարության մասին, երբ Հնդկաստանում տղա երեխաների մեկ երրորդը և աղջիկների երկու երրորդը նույնիսկ տարրական կրթություն չեն ստանում, մինչդեռ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, գրեթե յուրաքանչյուր երեխայի կրթությունն ապահովված է։
Մի՞թե Կենտրոնական Ամերիկայի բնակիչը, որի միջին եկամուտը կազմում է ընդամենը 1 380 դոլլար, միևնույն «արժանապատվությունն ու իրավունքն» է վայելում, ինչ 24 990 դոլլար միջին եկամուտ ունեցող Ֆրանսիայի բնակիչը։ Ի՞նչ հավասարության մասին կարելի է խոսել, երբ Աֆրիկայում յուրաքանչյուր նորածին աղջնակ միջին հաշվով կարող է ընդամենը 56 տարվա կյանք ունենալ, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ 79։
Կան անհավասարության տարբեր երեսակներ, սակայն բոլորն էլ գարշելի են։ Կենցաղային մակարդակների տարբերությունը, կրթություն ստանալու և առողջության մասին հոգալու անհավասար հնարավորությունները դրա միայն մի քանի դրսևորումներն են։ Մարդուն պատշաճ հարգանքից և ազատությունից զրկելու գլխավոր պատճառներից կարելի է նշել նաև քաղաքական, ազգային և կրոնական տարբերությունները։ Մարդիկ շարունակ խոսում են հավասարության մասին, սակայն աշխարհը լի է անհավասարությամբ, որը կարելի է անվանել մեր՝ ժամանակակից հասարակության պատուհաս. մի բառարան այդ բառը սահմանում է որպես «դժբախտությունների և աղետների պատճառ»։ Այո՛, անհավասարությունն իշխում է հասարակության բոլոր խավերում։ Չքավորությունը, հիվանդությունները, անգրագիտությունը, գործազրկությունը, խտրականության տարբեր դրսևորումները մարդկանց քիչ վիշտ չեն պատճառում։
«Բոլոր մարդիկ հավասար են ստեղծված»։ Հրա՛շք խոսքեր են։ Բայց, որքան էլ ցավալի է, այսօր ոչ մի տեղ հավասարություն չե՛ս գտնի։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
UN PHOTO 152113/SHELLEY ROTNER