Որքա՞ն երկար կարող ենք ապրել
Ընդհանուր առմամբ, մարդիկ երկար են ապրում, ու շատերի մոտ հարց է առաջանում՝ որքա՞ն երկար կարող ենք ապրել։
ԸՍՏ «Նոր բրիտանական հանրագիտարանի» (1995 թ., անգլ.)՝ Պիեռ Ժուբերը անցյալում ճանաչում գտած ամենաերկար ապրած մարդն էր։ Նա մահացավ 113 տարեկան հասակում՝ 1814 թ.–ին։ Ճիշտ է, ուրիշների մասին էլ է ասվում, թե երկար են ապրել, սակայն նրանց տարիքը փաստաթղթերով հաստատված չէ։ Այնուհանդերձ, ճշգրիտ փաստեր գոյություն ունեն, որոնք հավաստիացնում են, որ ոմանք Պիեռ Ժուբերից ավելի երկար են ապրել։
Ժաննա–Լուիզա Կալմանը ծնվել էր 1875 թ. փետրվարի 21–ին Ֆրանսիայի հարավ–արևելքում գտնվող Առլ քաղաքում։ Նա մահացավ 1997 թ. օգոստոսի 4–ին՝ 122 տարեկան հասակում, և նրա մահվան լուրն անմիջապես տարածվեց աշխարհում։ Շիգեչիո Իզումին իր մահկանացուն կնքեց 120 տարեկան հասակում՝ 1986 թ.–ին, Ճապոնիայում։ 1999 թ.–ին Գինեսի գրքում գրանցվեց 118–ամյա Սառա Նաուսի անունը՝ որպես ամենաերկար ապրած կինը։ Նա ծնվել էր 1880 թ. սեպտեմբերի 24–ին ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգում։ Իսկ Մարի–Լուիզա Ֆեբրոնի Մեյըրը մահացավ 1998 թ.–ին Կանադայի Քվեբեկ քաղաքում դարձյալ 118 տարեկան հասակում. նա քսանվեց օրով մեծ էր Սառայից։
Իրոք որ, տարեց մարդկանց թիվը կտրուկ կերպով աճում է։ Ենթադրվում է, որ 21–րդ դարի առաջին կեսի ընթացքում 100 և 100–ից անց տարիք ունեցող մարդկանց թիվը կանցնի 2,2 միլիոնից։ 1970–ից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածում 80 և 80–ից անց մարդկանց թիվը նույնպես աճել է՝ 26,7 միլիոնից հասնելով 66 միլիոնի։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցած աճը 147 տոկոս է կազմել՝ համեմատած ողջ աշխարհի բնակչության 60 տոկոս աճի հետ։
Բանը միայն նրանում չէ, որ մարդիկ ավելի երկար են ապրում։ Շատերն այնքան տարածություն են անցնում, որը չի հաջողվի անել 20 տարեկան երիտասարդների մեծ մասին։ 1990 թ.–ին 82–ամյա Ջոն Քելլին 42 կմ 195 մ երկարություն ունեցող մարաթոնյան վազքուղին անցավ 5 ժամ 5 րոպեում։ Իսկ 1991 թ.–ին թոռների ու ծոռների տեր, 84–ամյա Մեյվիս Լինդգրենն այդ տարածությունն անցավ 7 ժամ 9 րոպեի ընթացքում։ Բոլորովին վերջերս 91 տարեկան մի ծեր մարդ Նյու Յորք քաղաքում անցավ մարաթոնյան վազքուղին։
Սակայն, պետք է ասել, որ անցյալում նույնպես ապրել են տարեց անհատներ, որոնք զարմանալի ընդունակություններ են դրսևորել։ 99 տարեկան հասակում նախահայր Աբրահամը ‘վազելով’ դիմավորեց իր հյուրերին։ Քաղեբը, երբ 85 տարեկան էր, հայտարարեց. «Այն ժամանակի [45 տարի առաջ] զօրութիւնս ինչպէս էր, այժմեան զօրութիւնս էլ այնպէս է՝ պատերազմելու, եւ դուրս գալու եւ մտնելու կողմանէ»։ Իսկ Մովսեսի մասին Աստվածաշունչը հայտնում է, որ 120 տարեկան հասակում «նորա աչքը չ’տկարացաւ, եւ նորա ոյժը չ’գնաց» (Ծննդոց 18։2; Յեսու 14։10, 11; Բ Օրինաց 34։7)։
Հիսուս Քրիստոսը առաջին մարդ Ադամի և տապանը կառուցող Նոյի մասին խոսում էր որպես պատմական անձնավորությունների (Մատթէոս 19։4—6; 24։37—39)։ Ծննդոց գիրքը տեղեկացնում է, որ Ադամը ապրեց 930 տարի, իսկ Նոյը՝ 950 (Ծննդոց 5։5; 9։29)։ Իսկապե՞ս մարդիկ այդքան երկար են ապրել։ Իսկ հնարավո՞ր է ավելի երկար ապրել՝ գուցե հավիտյան։ Եկեք տեսնենք, թե հաջորդ հոդվածում ներկայացվող փաստներն ինչ են հայտնում այս մասին։