«Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես Աստված է մեզանից ակնկալում»
«Ի ՍԷՐ Տիրոջ» համագործակցելով պետական իշխանությունների հետ՝ քրիստոնյաները կարող են ակնկալել, որ իրենց բարի գործերի համար գովասանքի կարժանանան (Ա Պետրոս 2։13—15)։ Հարավային Աֆրիկայում Եհովայի վկաներն այդպիսի փորձառություն ունեցան համալսարանի դահլիճում անցկացված մի նահանգային համաժողովի ժամանակ։
Համաժողովի առաջին օրը համալսարանը հսկող անվտանգության ոստիկանությունը պատրաստ էր հանդիպելու մի շարք ցասկոտ և անբարեհամբույր պատվիրակների, որոնց ականատես էր դարձել նման տիպի միջոցառումների ժամանակ։ Եհովայի վկաների հետ այդ առաջին հանդիպումը մեծ անակնկալ էր նրանց համար։
Դարպասների մոտ սովորական ստուգում անցկացնելիս՝ անվտանգության ոստիկանությունը խուզարկում էր համալսարանի բակ մտնող–ելնող բոլոր մեքենաները։ Նրանք զարմացած էին մնացել այն բանի վրա, թե ինչպես էին բարեկամաբար իրենց ողջունում, համբերատարությամբ և հարգանքով վերաբերվում, չնայած որ խուզարկությունը ուշացնում էր պատվիրակներին։ Նրանք չհանդիպեցին իրենց համար արդեն սովորական բան դարձած դիմադրությունների, հակաճառությունների ու հայհոյանքների։ «Ի տարբերություն այլ այցելուների,— նկատել էր սպաներից մեկը,— դուք խոնարհ ոգի եք ցուցաբերում և արժանապատվության բարձր զգացում ունեք, ինչը նկատելի էր բոլորիս համար»։
Անվտանգության ոստիկանության պետը, տեղեկանալով Եհովայի վկաների վարքի մասին, որոշեց, որ անհրաժեշտություն չկա խուզարկելու մեքենաները, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ «բոլորդ էլ կարգապահ եք»։ Ապա՝ «JW» («Եհովայի վկաներ») նշանով մեքենաներին սկսեցին ներս թողնել առանց խուզարկության։
Համաժողովից հետո անվտանգության պետը Վկաներին կրկին տեսնելու իր ցանկությունը հայտնեց։ «Մեզ երբեք չեն հանդիպել նման բարեկիրթ մարդիկ»,— հայտարարել էր նա։ «Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես Աստված է մեզանից ակնկալում»։ Գովասանքի այս խոսքերը հավելյալ խթան են քրիստոնյաների համար, որպեսզի շարունակեն ‘իրենց պարկեշտ վարքը’, և որպեսզի մարդիկ, ‘տեսնելով այդ բարի գործերը, փառավորեն Աստծուն’ (Ա Պետրոս 2։12)։