Ինչո՞ւ են նրանք հավաքվում
ԱՄԵՆ տարի համայն աշխարհում հազարավոր Եհովայի վկաներ հավաքվում են համաժողովներ անցկացնելու։ Այստեղ նրանք վայելում են միմյանց ընկերակցությունը և լսում Աստվածաշնչի վրա հիմնված հրահանգների հիանալի ծրագիրը։ Ոմանց համար այս համաժողովներին ներկա գտնվելը մեծ ջանքեր է պահանջում։ Անցյալ տարի, օրինակ, Մալավիից մի ընտանիք՝ մոտ վաթսուն տարեկան ամուսիններ, իրենց որդու, հարսի և փոքր երեխայի հետ միասին հեծանիվներով 80 կմ ճանապարհ էին անցել համաժողովին մասնակցելու համար։ Իրենց գյուղից նրանք դուրս էին եկել առավոտյան ժամը վեցին և տեղ հասել տասնհինգ ժամ հետո միայն։
Մոզամբիկում Վկաների մի խումբ հեծանիվներով երեք օրվա ճանապարհ կտրեց, որպեսզի մասնակցի համաժողովին։ Մի գիշեր բացօթյա հանգիստ առնելիս՝ հանկարծ մոտակայքից առյուծի մռնչոցներ լսվեցին։ Ու թեև գազաններին վախեցնելու համար այրվող փայտի կտորներ էին նետում նրանց կողմը, առյուծները մինչև լուսաբաց չհեռացան։ Մեկ ուրիշ Վկա նույն համաժողովը գնալու ճանապարհին երես առ երես «հանդիպում» էր ունեցել առյուծի հետ։ Վախից քար կտրած՝ մինչև առյուծի հեռանալը նա կանգնած էր մնացել։ Համաժողովում այս Վկաները մեծ աշխուժությամբ պատմեցին, թե ինչպես են փրկվել «առիւծի բերանից» (Բ Տիմոթէոս 4։17)։
Եհովայի վկաներից շատ շատերն են մեծ ջանքեր ներդնում ոչ միայն երկրպագության համար անցկացվող նման համաժողովներին, այլ նույնիսկ շաբաթական ժողովներին ներկա գտնվելու համար։ Ինչո՞ւ։ Հաջորդ հոդվածները կօգնեն հասկանալ, թե ինչո՛ւ է մեկտեղ հավաքվելն այդքան կարևոր։