Ընթերցողների հարցերը
Եթե քրիստոնյա ամուսինները հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործեն, ապա դա կհակասի՞ սուրբգրային սկզբունքներին։
Գրությունները հստակ չեն ասում, թե քրիստոնյա ամուսինները պարտավոր են երեխաներ ունենալ, իսկ եթե ունենան, ապա՝ որքան։ Յուրաքանչյուր ամուսնական զույգ, պատասխանատվությամբ մոտենալով այս հարցին, ինքը պետք է որոշի, թե քանի հոգուց բաղկացած կլինի ընտանիքը։ Եթե ամուսինները որոշեն հակաբեղմնավորիչներ օգտագործել, ապա դարձյալ իրենք պետք է որոշեն, թե հատկապես որոնք օգտագործեն։ Սակայն ամուսինները, ելնելով Աստվածաշնչի իրենց հասկացողությունից ու հիմնվելով սեփական խղճի վրա, պետք է հավաստիանան, որ տվյալ հակաբեղմնավորիչը օգտագործելով չեն խախտում կյանքի սրբության սկզբունքը։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անհատի կյանքը սկսվում է բեղմնավորման պահից։ Կյանքի Աղբյուրը տեսնում է նոր սկիզբ առած կյանքը «դեռ անպատրաստ», այսինքն՝ սաղմը, որն այնուհետև զարգանում է արգանդում (Սաղմոս 139։16; Ելից 21։22, 23a; Երեմիա 1։5)։ Ուստի անհատը չպետք է ինչ–որ քայլի դիմի վերջ դնելու համար սկիզբ առած կյանքին։ Դա հավասարազոր կլիներ արհեստական վիժում կատարելուն։
Հակաբեղմնավորիչ հաբերը լայն կիրառություն են գտել ամբողջ աշխարհում։ Ինչպե՞ս են դրանք կանխում հղիությունը։ Գոյություն ունի հաբերի երկու հիմնական տեսակ՝ համակցված (կոմբինացված) հաբ և միայն պրոգեստերոն պարունակող հաբ։ Հետազոտությունների շնորհիվ ներկայումս պարզվել է, թե որոնք են դրանց միջոցով հղիության կանխման հիմնական մեխանիզմները։
Համակցված հաբերը պարունակում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոններ։ ԱՄՆ–ի սննդամթերքների ու դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչության տվյալների համաձայն՝ համակցված հաբերի «հիմնական մեխանիզմը» կայանում է «ձվազատման գործընթացը ընկճելու» մեջ։ Ըստ ամենայնի, եթե կինը կանոնավորաբար այս տեսակի հաբեր է օգտագործում, ապա գրեթե միշտ այն խոչընդոտում է ձվազատմանը ձվարանից։ Իսկ եթե ձվաբջիջներ չկան, ուրեմն արգանդափողերում բեղմնավորումն անհնար է։ Ճիշտ է, համակցված հաբերի գործածումը կարող է նաև փոփոխություններ առաջ բերել «ներարգանդենիում [էնդոմետրիումում՝ արգանդի լորձաթաղանթում] (որը նվազեցնում է սաղմի ամրացման հավանականությունը)», բայց դա համարվում է երկրորդական մեխանիզմ։
Համակցված հաբերի կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնելու նպատակով մշակվել են այդ հաբերի այնպիսի տեսակներ, որոնք պարունակում են ավելի փոքր քանակությամբ էստրոգեն։ Ակներևաբար, այսպիսի հաբերը ավելի քիչ են խոչընդոտում ձվարանների գործունեությանը։ ԱՄՆ–ի առողջապահության ազգային ինստիտուտի հակաբեղմնավորիչ միջոցների զարգացման բաժնի պետ դոկտոր Գաբրիել Բայալին ասում է. «Գիտական տվյալների գերակշռող մասը վկայում է, որ նույնիսկ էստրոգենի փոքր քանակություն պարունակող հաբերը կանխում են ձվազատումը, բայց ոչ թե 100 տոկոսով, այլ մոտավորապես 95։ Սակայն ձվազատման տեղի ունենալը դեռևս չի նշանակում, որ բեղմնավորում է տեղի ունեցել»։
Եթե կինը հաբերը չի ընդունում ըստ նախատեսված գրաֆիկի, ապա մեծանում է հավանականությունը, որ երկրորդական մեխանի՛զմը դեր կխաղա հղիության կանխման մեջ։ Մի հետազոտություն պարզեց, որ 36 տոկոս կանանց մոտ, ովքեր բաց են թողել փոքր քանակությամբ հորմոններ պարունակող երկու հաբի ընդունում, ձվազատում այնուամենայնիվ տեղի է ունեցել։ Մի հանդես տեղեկացնում է, որ նման դեպքերում «հաբերը, ազդելով էնդոմետրիումի և արգանդի վզիկի լորձի վրա, հավանաբար շարունակում են.... հակաբեղմնավորիչ ազդեցություն ունենալ» («Contraception»)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել միայն պրոգեստերոն պարունակող հաբերի մասին։ Մի հրատարակության մեջ նշվում է. «Պրոգեստերոն պարունակող հաբերի հիմնական գործողությունը ձվազատման ընկճումը չէ։ Այդ հաբերի ազդեցությամբ առաջանում է վզիկի թանձր լորձ, որի միջով սերմնաբջիջները համեմատաբար դժվարությամբ են անցնում, դանդաղում է արգանդափողերով ձվաբջջի տեղաշարժը, ինչպես նաև բարակում է արգանդի լորձաթաղանթը [ինչի հետևանքով խոչընդոտվում է բեղմնավորված ձվաբջջի զարգացումը]» («Drug Evaluations», 1986)։
Որոշ մասնագետներ պնդում են, թե պրոգեստերոն պարունակող հաբ օգտագործելու դեպքում «նորմալ ձվազատում է տեղի ունենում կանանց ավելի քան 40 %–ի մոտ»։ Այսպիսով, ինչպես երևում է, այս տիպի հաբերը հաճախ չեն խոչընդոտում ձվազատմանը։ Արգանդի վզիկի թանձրացած լորձը կարող է խանգարել սերմնաբջիջների տեղաշարժին, ինչով և արգելում է բեղմնավորումը։ Իսկ եթե այնուամենայնիվ բեղմնավորում տեղի է ունենում, հաբերի ազդեցությամբ արգանդում ստեղծված թշնամական միջավայրը կարող է խանգարել բեղմնավորված ձվաբջջին ամրանալու արգանդի լորձաթաղանթին ու զարգանալու։
Փաստորեն, կարելի է ասել, որ երբ այս երկու տեսակի հաբերը կանոնավորաբար են օգտագործվում, դրանք մեծամասամբ խոչընդոտում են բեղմնավորմանը և առաջ չեն բերում վիժում։ Սակայն, քանի որ միայն պրոգեստերոն պարունակող հաբերը հաճախ չեն խոչընդոտում ձվազատման գործընթացին, հավանականությունն ավելի է մեծանում, որ նրանք որոշ դեպքերում հղիությունը կանխում են՝ խանգարելով արդեն սկիզբ առած կյանքին ամրանալու արգանդում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորաբար (երբ արգանդը հակաբեղմնավորիչ հաբերի ազդեցության տակ չէ) «բեղմնավորված ձվաբջիջների վաթսուն տոկոսը.... մահանում է դաշտանային ցիկլի երկրորդ փուլում»։ Բայց սա բոլորովին տարբերվում է նրանից, երբ անհատն ընտրում է հղիության կանխման այն մեթոդը, որն ամենայն հավանականությամբ խոչընդոտում է բեղմնավորված ձվաբջջին ամրանալու արգանդում։
Եվ այսպես, բժշկի հետ խորհրդակցելիս, թե ինչպիսի հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործել, ամուսինները չպետք է անտեսեն հարցի բարոյական կողմը։ Քրիստոնյաները նույնիսկ խիստ անձնական բնույթի հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է ջանան, որ ‘բոլորովին բարի խղճմտանք’ ունենան մեր Աստծո ու Կենսատուի առջև (Գործք 23։1; Գաղատացիս 6։5)
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարան», 1977 թ., օգոստոսի 1, էջ 478–480 (անգլ.) և «Արթնացե՛ք», 1990, նոյեմբերի 8, էջ 14, 15 (ռուս.)։