Ընթերցողների հարցերը
Եթե տղամարդը կամ կինը փախչում է ուրիշի կողակցի հետ, կարո՞ղ է նա ներում ստանալ և դարձյալ դառնալ քրիստոնեական ժողովի անդամ։
Այսպիսի դեպքեր հաճախ տեղի են ունենում այն մարդկանց շրջանում, ովքեր չեն ցանկանում ապրել Աստվածաշնչի չափանիշներով։ Եհովայի ժողովրդի մեջ նման բաները հազվադեպ են, ուստի կարող են ցնցող ազդեցություն թողնել ժողովի անդամների վրա։ Սակայն հարկ չկա մտածել, որ նման դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել մարդկային օրենքներով։ Ինչպես և մյուս դեպքերում, այդպիսի մեղք գործող անհատը կարող է ընդունվել Աստծու և նրա ժողովրդի կողմից, եթե զղջա և իր զղջումը հստակ դրսևորի գործերով։
Իսրայելացիների հետ Աստծու վարվելակերպից երևում է, որ նա ներողամիտ է եղել նրանց նկատմամբ, անգամ եթե նրանք ծանր ու մշտապես կրկնվող մեղքեր են գործել (Բ Օրինաց 4։30; Եսայիա 55։7; 57։16–18; Զաքարիա 1։3, 4)։ Հիսուսը նշեց, որ ‘երկնքում ուրախություն է լինում մեկ մեղավորի համար, որը զղջում է’։ Հետո նա այս միտքը լուսաբանեց օրինակով՝ պատմելով մի պատմություն անառակ որդու մասին, որը, ցոփ ու շվայտ կյանք վարելով, իր դրամը վատնեց պոռնիկների վրա։ Երբ այդ որդին ուշքի եկավ, վերադարձավ և ներում խնդրեց երկնքի և իր հոր դեմ գործած մեղքի համար, նրա հայրը պատրաստակամորեն ներեց նրան (Ղուկաս 15։1–7, 11–24)։
Սակայն Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ եթե քրիստոնյան մեղք է գործում և չի զղջում, ապա նրան պետք է ժողովից վտարել, որպեսզի ժողովը հոգևորապես մաքուր մնա (Ա Կորնթացիս 5։1–5, 11–13)։ Այդպես պատահեց Կորնթոսում ապրող մի մարդու հետ, որը բացեիբաց անբարո կյանք էր վարում։ Գրությունները ցույց են տալիս, որ քրիստոնեական ժողով վերադառնալու համար այդ անհատը պետք է զղջար, հրաժարվեր անբարո ապրելակերպից, թիկունք դարձներ այդ կյանքին և զղջում արտահայտող գործեր աներ։ Ակներևաբար, նա ի վերջո այդպես էլ վարվեց։ «Բ Կորնթացիս» նամակում, որը Պողոսը գրեց իր առաջին նամակից մեկ տարի էլ չանցած, առաքյալը հորդորեց ժողովին ներել մեղք գործած մի անձնավորության՝ ըստ ամենայնի, նկատի ունենալով ընկերակցությունից զրկված այդ մարդուն, որը, ամենայն հավանականությամբ, զղջացել էր (Բ Կորնթացիս 2։5–10; Մատթէոս 3։7, 8; Գործք 26։20)։
Այսօր Եհովայի վկաների ժողովներում կիրառվում է ընկերակցությունից զրկելու այդ նույն սուրբգրային կարգը։ Ինչպես երևում է վերը նշված օրինակից, չկա հաստատված մի որոշակի ժամանակամիջոց, որից հետո միայն անհատը կարող է վերականգնվել ժողովում։ Վերականգնումը կարող է տեղի ունենալ միայն իսկական զղջումից հետո, և հնարավոր է՝ տարիներ անցնեն, մինչև որ անհատը իսկական զղջում արտահայտի։
Հարցում նշված է ոչ սովորական դեպք, որտեղ դրսևորվում են գործողությունների մանրակրկիտ պլանավորում և սուտ։ Ենթադրենք՝ տղամարդը (գուցե՝ ամուսնացած) կուրորեն սիրահարվել է ուրիշի կնոջ։ Ուստի հնարավոր է՝ նրանք ծածուկ ֆլիրտով են զբաղվում, հանդիպում են և միմյանց հանդեպ բուռն զգացմունքներ են դրսևորում։ Հնարավոր է՝ նրանք դիմում են ստի և խաբեության, որպեսզի իրենց հարաբերությունները գաղտնի պահեն, մասնավորապես՝ անմեղ կողակցից կամ կողակիցներից։ Որոշ ժամանակ անց այդ տղամարդն ու կինը գուցե միասին փախչեն և ոչ սուրբգրային ամուսնալուծությունից հետո իրար հետ ամուսնանան։ Նրանք ամեն ինչ հաշվարկել են և գիտեն, որ իրենք զրկվելու են ժողովի ընկերակցությունից։ Բայց նրանք նաև մտածում են, որ «մեկ–երկու տարի անց» կարող են ցույց տալ, թե զղջացել են, կվերականգնվեն, և, այդպիսով, ամեն ինչ տեղի կունենա այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Սակայն մեծ սխալ է չարաշահել Աստծու գթասրտությունը։ Գաղատացիս 6։7, 8ա համարներում գրված է. «Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ»։ Աստվածաշնչյան բազմաթիվ համարներ փաստում են, որ Եհովան չի հանդուրժում պոռնկությունը, և ովքեր սխալ ցանկություններ են փայփայում իրենց սրտում, չպետք է մոռանան այս հանգամանքը (համեմատի՛ր Յայտնութիւն 21։8; 22։15)։
Եթե որոշ ժամանակ անց ընկերակցությունից զրկված անհատը գալիս է երեցների մոտ, որոնք ներկայացնում են ժողովը, և խնդրում է վերականգնել իրեն, այդ դեպքում նրանք պետք է քննեն տեղի ունեցածը, ինչպես նաև մեղք գործած անհատի մտայնությունը։ Հավատի մեջ միասնական լինելու վերաբերյալ Պողոսը հորդորեց, որ չպետք է ընկնել ‘մարդկանց խաբեբայության’ ազդեցության տակ, որ «մոլորեցն[ում են] խաբեբայութեան խորամանկութիւնովը» (Եփեսացիս 4։13, 14)։ Առաքյալի խոսքերը վերաբերում են ուսմունքային շեղումներից հեռու մնալուն, բայց դրանք հավասարապես վերաբերում են նաև նրան, որ չպետք է թույլ տալ ժողովում այնպիսի անհատների հայտնվելը, ովքեր կանխամտածված ձևով դիմում են ստի և խորամանկության՝ իրենց նենգ մտադրություններն իրագործելու համար (Բ Կորնթացիս 11։13; Սաղմոս 101։7; 119։118)։
Երեցների խորհուրդը, որ զբաղվում է այսպիսի վերականգնման հարցով, պետք է հաշվի առնի, որ տարբերություն կա, երբ անհատը մեղք է գործում պահի ազդեցության տակ անկատար մարմնի պատճառով, և երբ նա դա անում է կանխամտածված կերպով։ Կարող ենք հիշել, որ Աստված գթասիրտ եղավ Պետրոսի հանդեպ, երբ վերջինս երեք անգամ ուրացավ Հիսուսին, այնինչ նա մահվան դատապարտեց Անանիային և Սափիրային, որոնք իրենց սրտում արդեն պլանավորել էին, թե ինչպես խաբեն (Գործք 5։1–11)։
Այսպիսով՝ երեցները պետք է մեծ զգուշություն ցուցաբերեն, երբ խնդրո առարկա հարցում կա կեղծավորություն և չար դիտավորություն։ Անհատը կարող է ցույց տալ, որ վշտացել է և զղջում է, բայց եթե նա վերադառնա այնտեղ, որտեղից սկսել էր, արդյոք «ամեն ինչ նորից չի՞ սկսի»։ Չի՞ լքի իր կողակցին, որպեսզի միանա մեկ ուրիշի։ Ինչ խոսք, նա այժմ նոր ամուսնության մեջ է, ուստի չի կարող դրան վերջ դնել և վերադառնալ նախկին կնոջ մոտ. նա ամուսնալուծվել է, շնություն է գործել և վերամուսնացել (Մատթէոս 19։9)։ Բայց արդյոք այդ անհատը դրսևորո՞ւմ է իսկական զղջում՝ ունենալով ‘կոտրված սիրտ’, խորապես տանջվելով արածի համար (Եսայիա 57։15)։ Զգո՞ւմ է գարշանք իր կատարած մեղքի համար, թե՞ պարզապես վշտացել է, որ իրեն զրկել են ընկերակցությունից, և ինքը չի կարող շփվել քրիստոնյաների հետ։ Անցե՞լ է բավականաչափ ժամանակ, որը, իհարկե, չի կարելի նախօրոք սահմանել, որի ընթացքում նա դրսևորում է զղջում արտահայտող գործեր։ Երեցները պետք է լիովին համոզված լինեն, որ անհատն իսկապես զղջում է։ Եթե նրանք մինչև վերջ վստահ չեն, ապա կարող են որոշել սպասել և ավելի շատ փաստեր ունենալու դեպքում կրկին հանդիպել ու քննել հարցը։
Երեցները պետք է խորապես գիտակցեն իրենց պատասխանատվությունը ժողովը պաշտպանելու հարցում և միևնույն ժամանակ միշտ հիշեն, որ Աստված գթասիրտ է ու ցանկանում է, որ մարդիկ կյանք ստանան (Հռովմայեցիս 2։4)։ Նրանք հասկանում են, որ չեն կարող կատարելապես կարդալ մարդու սիրտը և տեսնել նրա մղումները այնպես, ինչպես Եհովան, որին մեղավորը հաշվետու է (Եբրայեցիս 4։13)։ Այսպիսով՝ երեցները պետք է առաջնորդվեն Աստծու Խոսքով, երբ որոշում են, թե ինչպիսին է վտարված անհատի մտքի և սրտի վիճակը։ Եթե երեցների խորհուրդը ժամանակի ընթացքում գալիս է եզրակացության, որ մեղավորն իսկապես զղջացել է և ամեն ինչ անում է իր սիրտը մաքրելու համար, ապա նրան կարելի է վերականգնել, ինչպես որ վերականգնվեց Կորնթոսում ապրող մարդը (Յակոբոս 4։8)։ Սակայն հատուկ սահմանված ժամանակ չկա, թե երբ պետք է անհատին վերականգնել։ Նաև, թեպետ ժողովը կարող է վերականգնել ընկերակցությունից զրկված մարդուն, անհրաժեշտ է հիշել, որ նա դեռևս պետք է Աստծու ‘ատյանի առաջ կանգնի’ և հաշիվ տա նրան (Հռովմայեցիս 14։10–12)։