Ընթերցողների հարցերը
• Երբ անհատն աղոթում է Եհովային, նա ինչպե՞ս պետք է նրան պատկերացնի, կամ ի՞նչ պետք է մտածի նրա մասին։
Դանիելին, Եզեկիելին ու Հովհաննես առաքյալին տրված տեսիլքներից մենք խորհրդանշական բաների միջոցով որոշակի պատկերացում ենք կազմում Եհովայի վեհաշուք փառքի մասին (Դանիէլ 7։9, 10; Եզեկիէլ 1։26–28; Յայտնութիւն 4։1–3)։ Սակայն պետք է հիշել, որ իսրայելացիները չտեսան ոչ մի կերպարանք, երբ Եհովան Քորեբ սարի վրա խոսեց նրանց հետ։ Պատճառն այն է, որ Եհովային հաճելի չէր լինի, եթե նրանք իրեն նմանեցնեին որևէ բանի հետ, լիներ դա «կուռք՝ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր՝ արուի եւ կամ էգի նմանութիւնը, երկրի վերայ եղող անասունի նմանութիւնը» (Բ Օրինաց 4։15–19)։ Ինչ վերաբերում է քրիստոնյաներին, մենք Եհովային չենք նմանեցնում ոչ մի բանի, թեպետ աղոթելիս գուցե մեր միտքը գան Աստվածաշնչում նկարագրված տեսիլքները։ Հիշենք, որ Աստված ոգի է (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Աղոթելիս մենք պետք է ի մտի ունենանք Եհովայի վեհաշուքությունն ու նրա չքնաղ հատկությունները, և ոչ թե փորձենք պատկերացնել, թե ինչ ձև կամ տեսք ունի նա։ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով մենք հասկացել ենք, թե ինչ զորավոր գործեր է նա արել իր ժողովրդի համար անցյալում, և գիտենք, որ նա արդար ու սիրով լի նպատակներ է իրականացնելու ապագայում։ Ուստի, հավատով լցված, մենք Եհովային աղոթելիս կարիք չունենք պատկերների կամ նմանությունների։ Մենք «հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով» (Բ Կորնթացիս 5։7)։ Պատկերացրո՛ւ Եհովային որպես մեր երկնային Հոր, որը սիրառատ է ու գթած, հասկանում է մեր սահմանափակ հնարավորությունները և լսում է մեզ, երբ Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք նրան ճիշտ ձևով, իր կամքին ներդաշնակ և ճիշտ բաների համար (Յովհաննէս 14։6, 14; Ա Յովհաննէս 5։15)։