ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղություն» թարգմանված եբրայերեն շալոմ բառը նշանակում է «պատերազմից կամ խռովություններից զերծ վիճակ» (Դտ 4։17; 1Սմ 7։14; 1Թգ 4։24; 1Թգ 5։12; Սղ 37։11; Ժղ 3։8)։ Բնագրային բառը կարող է հաղորդել առողջության, ապահովության, ողջության, բարօրության (Ծն 37։14; 41։16), ընկերության (Սղ 41։9), ամբողջության ու լիարժեքության միտք (Եր 13։19)։ «Խաղաղություն» թարգմանված հունարեն էյրենե բառը ունի նույն լայն իմաստը, ինչ եբրայերեն շալոմ բառը, և հաղորդում է ոչ միայն ընդհարման բացակայության, այլև բարօրության, փրկության, համաձայնության և ներդաշնակության միտք։ Այն հանդիպում է «գնա խաղաղությամբ» հրաժեշտի խոսքերում, որոնք որոշ չափով համապատասխանում են «բարին ընդ քեզ» արտահայտությանը (Մկ 5։34; Ղկ 7։50; 8։48; Հկ 2։16; հմմտ. 1Սմ 1։17; 20։42; 25։35; 29։7; 2Սմ 15։9; 2Թգ 5։19)։
Քանի որ «խաղաղություն» բառը ոչ միշտ է փոխանցում բնագրային բառերի ճշգրիտ իմաստը, յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել համատեքստը։ Օրինակ՝ «որևէ մեկից խաղաղությամբ բաժանվել», «թողնել, որ ինչ-որ մեկը խաղաղությամբ հեռանա» արտահայտությունները նշանակում էին սիրալիր կերպով թողնել անհատին, որ գնա՝ չխոչընդոտելով նրա հեռանալը (Ծն 26։29; 44։17; Ելք 4։18; 2Սմ 3։21)։ «Խաղաղությամբ վերադառնալ» (օրինակ՝ պատերազմից) նշանակում էր վերադառնալ անվնաս կամ հաղթանակած (Ծն 28։21; Դտ 8։9, ծնթ.; 11։31, ծնթ.; 2Սմ 19։24; 2Տգ 18։26, 27; 19։1, ծնթ.)։ Երբ մեկին հարցնում էին, թե արդյոք խաղաղություն ունի, ուզում էին իմանալ նրա որպիսությունը (Ծն 29։6, ծնթ., Rbi8-E; 43։27, ծնթ., Rbi8-E)։ «Ինչ-որ մեկի խաղաղությանը նպաստել» նշանակում էր ինչ-որ բան անել նրա բարօրության համար (2Օր 23։6, ԱԹ)։ «Խաղաղությամբ մահանալ» նշանակում էր լիարժեք կյանքով ապրելուց կամ հույսը իրականացած տեսնելուց հետո հանգիստ մահանալ (հմմտ. Ծն 15։15; Ղկ 2։29; 1Թգ 2։6, ծնթ.)։ Հովսիայի՝ «խաղաղությամբ գերեզման իջնելու» մասին մարգարեությունը ցույց էր տալիս, որ նա մահանալու էր նախքան Երուսաղեմի վրա կանխագուշակված աղետների գալը (2Թգ 22։20; 2Տգ 34։28; հմմտ. 2Թգ 20։19)։ Եսայիա 57։1, 2-ում (ծնթ.) ասվում է, որ արդարը մահանալով խաղաղություն է ձեռք բերում և այդպիսով փրկվում է չարիքից։
Խաղաղություն ձեռք բերել։ Եհովան խաղաղություն սիրող Աստված է (1Կթ 14։33)։ Նա խաղաղության Աղբյուրն է (Թվ 6։26; 1Տգ 22։9; Սղ 4։8; 29։11; 147։14; Ես 45։7; Հռ 15։33; 16։20; 2Կթ 13։11; 1Թղ 5։23; Եբ 13։20)։ Խաղաղությունը նրա ոգու պտղի հատկություններից է (Գղ 5։22)։ Ուստի իրական խաղաղություն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր խաղաղ հարաբերություններ են վայելում Աստծու հետ։ Լուրջ հանցանքները սեպ են խրում Աստծու և մարդու հարաբերություններում, ինչի պատճառով վերջինս կորցնում է իր հանգստությունը։ Սաղմոսերգուն ասաց. «Մեղքիս պատճառով ներքին խաղաղությունս կորել է» (Սղ 38։3)։ Ուստի նրանք, ովքեր խաղաղության են ձգտում և ջանադրաբար պահպանում են այն, պետք է «հեռանան չար բաներից և բարին անեն» (Սղ 34։14)։ Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն (Սղ 72։3; 85։10; Ես 32։17)։ Ահա թե ինչու անօրենների համար խաղաղություն չկա (Ես 48։22; 57։21; հմմտ. Ես 59։2-8)։ Մինչդեռ նրանք, ովքեր անմնացորդ նվիրված են Եհովային, սիրում են նրա օրենքը (Սղ 119։165) և ուշադրություն են դարձնում նրա պատվիրաններին խաղաղություն ունեն (Ես 48։18)։
Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, ո՛չ հրեաները, ո՛չ էլ մյուս ազգերի մարդիկ խաղաղ հարաբերություն չունեին Եհովա Աստծու հետ։ Խախտելով Մովսիսական օրենքը՝ հրեաները դրա անեծքի տակ էին ընկել (Գղ 3։12, 13)։ Իսկ այլազգիները, ովքեր Աստծու հետ ուխտի մեջ չէին, «աշխարհում ապրում էին առանց հույսի և առանց Աստծու» (Եփ 2։12)։ Սակայն Հիսուս Քրիստոսի միջոցով թե՛ հրեաներին, թե՛ մյուս ազգերի մարդկանց հնարավորություն տրվեց Աստծու հետ խաղաղ հարաբերություններ ունենալու։ Այդ մասին են վկայում հովիվներին ուղղված հրեշտակների խոսքերը։ Հիսուսի ծնունդը ազդարարելիս նրանք ասացին. «Երկրի վրա թող խաղաղությո՜ւն վայելեն [Աստծու] բարեհաճությունն ունեցող մարդիկ» (Ղկ 2։14)։
Խաղաղության մասին լուրը, որ հռչակում էին Հիսուսն ու նրա հետևորդները, արձագանք էր գտնում «խաղաղասեր» մարդկանց սրտում, ովքեր ուզում էին հաշտվել Աստծու հետ (Մթ 10։13; Ղկ 10։5, 6; Գրծ 10։36)։ Միևնույն ժամանակ այդ լուրը բաժանում էր բերում ընտանիքներում. տնեցիներից ոմանք ընդունում էին այն, իսկ մյուսները՝ մերժում (Մթ 10։34; Ղկ 12։51)։ Հրեաների մեծ մասը մերժեց այդ լուրը և այդպիսով չհասկացավ, «թե ինչն է տանում խաղաղության», այսինքն՝ չգիտակցեց զղջալու և Հիսուսին որպես Մեսիա ընդունելու անհրաժեշտությունը (հմմտ. Ղկ 1։79; 3։3-6; Հվ 1։29-34)։ Հետևանքը եղավ այն, որ մ.թ. 70-ին հռոմեական զորքերը կործանեցին Երուսաղեմը (Ղկ 19։42-44)։
Այդուհանդերձ, նույնիսկ այն հրեաները, ովքեր ընդունեցին «խաղաղության մասին բարի լուրը», մեղավոր մարդիկ էին և կարիք ունեին, որ իրենց հանցանքների համար քավություն արվեր, որպեսզի Եհովա Աստծու հետ խաղաղ հարաբերություն ունենային։ Հենց դրա համար Հիսուսն իր կյանքը տվեց որպես քավիչ զոհ։ Աստվածաշնչում մարգարեացվել էր. «Հանուն մեր խաղաղության՝ [նա] պատիժ կրեց, ու նրա վերքերի շնորհիվ մենք բուժվեցինք» (Ես 53։5)։ Տանջանքի սյան վրա Հիսուսի զոհաբերական մահը նաև հիմք դարձավ չեղարկելու Մովսիսական օրենքը, որը հրեաներին առանձնացնում էր այլազգիներից։ Ուստի դառնալով քրիստոնյա՝ թե՛ հրեաները, թե՛ մյուս ազգերի մարդիկ կարող էին խաղաղ հարաբերություններ վայելել Աստծու և միմյանց հետ։ Պողոս առաքյալը գրեց. «Քրիստոսը մեզ խաղաղություն բերեց, միավորեց երկու կողմերը և քանդեց այդ երկուսին բաժանող պատը։ Նա զոհաբերեց իր մարմինը և այդպիսով վերացրեց թշնամության պատճառը՝ պատվիրաններից ու կանոններից բաղկացած Օրենքը, որպեսզի այդ երկու կողմերից, որ միավորված են իր հետ, մեկ նոր ժողովուրդ ստեղծի և խաղաղություն հաստատի։ Տանջանքի սյան վրա մահանալով՝ նա վերջ դրեց թշնամանքին, այս երկու խմբերին լիովին հաշտեցրեց Աստծու հետ ու մեկ մարմին դարձրեց նրանց։ Նա եկավ ու խաղաղություն ավետեց թե՛ ձեզ՝ հեռու եղողներիդ, և թե՛ մոտ եղողներին։ Նրա միջոցով մենք՝ երկու խմբերս էլ կարող ենք ազատորեն աղոթել Հորը, քանի որ նույն սուրբ ոգին ենք ստացել» (Եփ 2։14-18; հմմտ. Հռ 2։10, 11; Կղ 1։20-23)։
Աստծու տված խաղաղությունը՝ այն հանգստությունն ու անդորրը, որ քրիստոնյան ձեռք է բերում Եհովա Աստծու հետ թանկ հարաբերությունների շնորհիվ, պահպանում է նրա սիրտն ու միտքը և օգնում է նրան չմտահոգվել իր կարիքների համար։ Նա վստահ է, որ Եհովա Աստված, ինչպես և խոստացել է, հոգ է տանում իր ծառաների մասին ու պատասխանում է նրանց աղոթքներին։ Ուստի նրա սրտում ու մտքում հանգստություն է տիրում (Փպ 4։6, 7)։ Նմանապես՝ այն խաղաղությունը, որ Հիսուս Քրիստոսը տվեց աշակերտներին՝ հիմնվելով որպես Աստծու Որդի իր հանդեպ ունեցած նրանց հավատի վրա, հանգստությամբ էր լցնում նրանց սիրտն ու միտքը։ Թեև Հիսուսն ասաց, որ մոտենում էր ժամանակը, երբ ինքն այլևս ֆիզիկապես նրանց հետ չէր լինելու, նրանք անհանգստանալու կամ վախով համակվելու պատճառ չունեին։ Հիսուսը աշակերտներին առանց օգնության չէր թողնելու։ Նա խոստացավ, որ կուղարկի սուրբ ոգին (Հվ 14։26, 27; 16։33; հմմտ. Կղ 3։15)։
Քրիստոնյաները չպետք է սովորական բան համարեին իրենց ունեցած խաղաղությունը։ Նրանք պետք է խաղաղարար լինեին, այսինքն՝ պետք է ամեն ջանք թափեին, որ խաղաղություն հաստատեն ու պահպանեն այն (1Թղ 5։13)։ Միմյանց հետ խաղաղություն պահպանելու համար նրանք պետք է զգույշ լինեին, որ չանեն այնպիսի բան, ինչի պատճառով իրենց եղբոր կամ քրոջ հավատը կարող էր թուլանալ (Հռ 14։13-23)։ Լեռան քարոզում Հիսուսը նշեց. «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մթ 5։9; հմմտ. Հկ 3։18)։ Քրիստոնյաներին խորհուրդ էր տրվում ջանադրաբար ձգտել խաղաղության և ամեն ինչ անել, որ խաղաղության մեջ լինեն Աստծու հետ (2Տմ 2։22; Եբ 12։14; 1Պտ 3։11; 2Պտ 3։14)։ Ուստի նրանք պետք է պայքարեին մարմնի ցանկությունների դեմ, քանի որ դրանց պատճառով Աստծու թշնամին կդառնային (Հռ 8։6-8)։ Աստվածաշնչում հաճախ հանդիպում է «թող Աստված.... խաղաղություն տա ձեզ» արտահայտությունը, որն ընդգծում է, որ Աստծու հավանությունն ունենալու համար անհրաժեշտ է պահպանել նրա հետ խաղաղ հարաբերությունները (Հռ 1։7; 1Կթ 1։3; 2Կթ 1։2; Գղ 1։3; 6։16; Եփ 1։2; 6։23; Փպ 1։2)։
Քրիստոնյաները ցանկանում էին, որ ուրիշներն էլ խաղաղություն ունենային։ Ուստի նրանք, «խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը հագած», հոգևոր պատերազմ էին մղում (Եփ 6։15)։ Նրանք պատերազմ էին մղում նույնիսկ ժողովում՝ քանդելով սխալ դատողությունները, որոնք հակասում էին Աստծու մասին գիտելիքներին և կարող էին վտանգել նրա հետ ունեցած հարաբերությունները (2Կթ 10։4, 5)։ Բայց անգամ երբ ուղղում էին ճշմարտությունից շեղված մարդկանց, նրանք չէին բանավիճում և կռվի մեջ չէին մտնում նրանց հետ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին խորհուրդ տվեց, թե ինչպես է հարկավոր վարվել նրանց հետ, ովքեր շեղվել են ճշմարիտ ուղուց։ Նա ասաց. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորին մեղմությամբ վերաբերվի, ուսուցանելու ունակ լինի, վատ վերաբերմունքի արժանանալիս ինքնատիրապետում դրսևորի և հեզ ոգով խրատի բացասաբար տրամադրվածներին։ Թերևս Աստված հնարավորություն ընձեռի նրանց, որ զղջան և այդպիսով ճշգրտորեն հասկանան ճշմարտությունը։ Այդ դեպքում նրանք խելքի կգան ու կազատվեն Բանսարկուի թակարդից՝ հասկանալով, որ նա ողջ-ողջ բռնել էր իրենց, որպեսզի իր կամքն անել տար» (2Տմ 2։24-26)։
Խաղաղ իշխանություն։ Աստծու Որդին՝ նա, ում «ուսերին» իշխանություն է, կոչվում է «Խաղաղության Իշխան» (Ես 9։6, 7)։ Ուշագրավ է, որ երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, ցույց տվեց, որ իր ծառաները չպետք է զենք վերցնեն՝ Պետրոսին ասելով հետևյալ խոսքերը. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով էլ կընկնեն» (Մթ 26։52)։ Քրիստոնյա դարձած մարդիկ փոխաբերական իմաստով «իրենց սրերից խոփեր էին կոփել և իրենց նիզակներից՝ էտոցներ»։ Նրանք այլևս չէին սովորում պատերազմել (Ես 2։4)։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն խաղաղությունը, որ Աստված տվեց Իսրայելին հատկապես Սողոմոնի իշխանության ընթացքում, հեշտ է պատկերացնել, թե որքան խաղաղ կլինի կյանքը, երբ Հիսուսը թագավորի։ Աստվածաշունչն ասում է. «[Սողոմոնը] շրջակա բոլոր ազգերի հետ խաղաղ հարաբերություններ ուներ։ Սողոմոնի թագավորության ընթացքում Հուդայի և Իսրայելի բնակիչները Դանից մինչև Բերսաբեե ապահով էին ապրում. ամեն մեկը նստում էր իր խաղողի վազի և իր թզենու տակ» (1Թգ 4։24, 25; 1Տգ 22։9)։ Ինչպես երևում է ուրիշ համարներից (հմմտ. Սղ 72։7, 8; Մք 4։4; Զք 9։9, 10; Մթ 21։4, 5), սա նախօրինակն է այն պայմանների, որ տիրելու են Քրիստոս Հիսուսի իշխանության ներքո՝ նրա, ով Սողոմոնից էլ մեծ է (Սողոմոն անունը ծագում է մի արմատից, որը նշանակում է «խաղաղություն») (Մթ 12։42)։
Խաղաղություն մարդկանց և կենդանիների միջև։ Եհովա Աստված խոստացել էր իսրայելացիներին. «Ես խաղաղություն կտամ երկրին։ Դուք հանգիստ կպառկեք քնելու, ու ձեզ վախեցնող չի լինի։ Ես երկրից կվռնդեմ գիշատիչ գազաններին» (Ղև 26։6)։ Սակայն այս խոստումը կիրագործվեր միայն այն պայմանով, եթե իսրայելացիները հնազանդվեին Եհովային։ Այդ դեպքում գիշատիչ գազանները կմնային իրենց կենսամիջավայրի սահմաններում և չէին վնասի իսրայելացիներին ու նրանց ընտանի կենդանիներին։ Իսկ եթե իսրայելացիները անհնազանդ լինեին, Եհովան թույլ կտար, որ թշնամու զորքերը ներխուժեին նրանց երկիր և ավերեին այն։ Դրա հետևանքով բնակչության թիվը կնվազեր, իսկ գիշատիչ գազանները կշատանային, կմտնեին երբեմնի բազմամարդ բնակավայրեր և կվնասեին ողջ մնացած մարդկանց ու նրանց ընտանի կենդանիներին (հմմտ. Ելք 23։29; Ղև 26։22; 2Թգ 17։5, 6, 24-26)։
Խոստացված խաղաղությունը, որ իսրայելացիները պետք է ունենային վայրի կենդանիների հետ, տարբերվում էր այն խաղաղությունից, որ Եդեմի պարտեզում վայելում էին առաջին տղամարդն ու կինը. Ադամն ու Եվան լիակատար իշխանություն ունեին կենդանի արարածների վրա (Ծն 1։28)։ Մարգարեության համաձայն՝ այդպիսի իշխանություն միայն Հիսուս Քրիստոսին է վստահված (Սղ 8։4-8; Եբ 2։5-9)։ Ուստի մարդկանց և կենդանիների միջև խաղաղությունը կվերականգնվի միայն Հիսուս Քրիստոսի՝ Աստծու «ծառա Դավթի» կառավարման ներքո, նրա, ով կոչվում է «Հեսսեի բնից մի շիվ» (Ես 11։1, 6-9; 65։25; Եզկ 34։23-25)։ Նշված համարները փոխաբերական իմաստ ունեն, քանի որ, ինչպես գիտենք, հին Իսրայելում բառացիորեն չկատարվեցին այն խոսքերը, որ կենդանիները, օրինակ՝ գայլն ու գառը, խաղաղ են ապրելու իրար հետ։ Ըստ այս մարգարեությունների՝ գազանանման հատկություններ ունեցող ու վնասարար մարդիկ թողնելու են իրենց չար ճանապարհները և ապրելու են խաղաղության մեջ իրենց շրջապատող գառնանման մարդկանց հետ։ Բայց այն փաստը, որ մարգարեություններում Աստծու ժողովրդի մեջ տիրող խաղաղությունը նկարագրված է կենդանիների օրինակով, ցույց է տալիս, որ Քրիստոս Հիսուսի իշխանության ներքո խաղաղություն է լինելու նաև բառացի կենդանիների միջև, ինչպես ակներևաբար Եդեմում էր։