ԲԵՐԱՆ
Աստծու կողմից ստեղծված մարմնի մաս՝ մարսողական ուղու սկզբնական բաժինը, որտեղ սկսվում և տեղի է ունենում սննդի մեխանիկական և առաջնային քիմիական մշակումը։ Մարդկանց պարագայում բերանը նաև խոսքի արտաբերման գործիք է։ Մարդն իր ամեն մի խոսքով պետք է փառք բերի Աստծուն և գովաբանի նրան (Սղ 34։1; 51։15; 71։8; 145։21)։ Սաղմոսերգուն ասաց, որ ամեն շնչավոր էակ կգովաբանի Եհովային։ Հետևաբար եթե մարդիկ ցանկանում են ապրել, նրանց բերանից Աստծուն ուղղված գովաբանություն պետք է հնչի։ Պողոս առաքյալը բացատրեց, որ փրկվելու համար բավարար չէ Աստծու և նրա Որդու հանդեպ հավատ ունենալը, նույնիսկ եթե այդ հավատը անկեղծ սրտից է բխում. հարկավոր է նաև հրապարակորեն հռչակել բարի լուրը (Սղ 150։6; Հռ 10։10)։
Եհովան, լինելով Արարիչ, իրավունք և զորություն ունի պետք եղած խոսքերը դնելու իր ծառաների բերանում, որպեսզի նրանք ասեն այն, ինչ ներդաշնակ է իր նպատակին։ Մարգարեների պարագայում նա դա անում էր հրաշքի միջոցով՝ իր սուրբ ոգով ներգործում էր նրանց վրա (Ելք 4։11, 12, 15; Եր 1։9)։ Մի անգամ Աստված նույնիսկ անխոս կենդանուն՝ էշին խոսեցրեց (Թվ 22։28, 30; 2Պտ 2։15, 16)։ Այսօր Աստված իր խոսքերը այլ կերպ է դնում իր ծառաների բերանում. նրանք ոչ թե խոսում են սուրբ ոգու ներշնչմամբ, այլ մեջբերումներ են անում այդ ոգով գրված Աստծու Խոսքից, որը ամբողջովին սպառազինում է նրանց ամեն բարի գործ անելու համար (2Տմ 3։16, 17)։ Նրանք այլևս կարիք չունեն սպասելու, որ Քրիստոսը գա և հայտնի բարի լուրը, ոչ էլ կարիք ունեն դիմելու որևէ այլ աղբյուրի՝ իմանալու համար, թե ինչ քարոզեն։ Աստծու ծառաներն ունեն նրա Խոսքը, որը միշտ կարող են հայտնել ուրիշներին, ինչպես և գրված է. «Այս պատգամը մոտ է ձեզ՝ ձեր բերանում է ու ձեր սրտում» (Հռ 10։6-9, ծնթ.; 2Օր 30։11-14, ծնթ.)։
Կարող է կյանք տալ կամ մահ պատճառել։ Անչափ կարևոր է ճիշտ օգտագործել խոսելու ունակությունը, ինչպես որ Եհովան ասում է իր Խոսքում. «Արդարի խոսքերը կյանքի աղբյուր են» (Առ 10։11)։ Մարդ պետք է շատ ուշադիր լինի, թե ինչ է խոսում (Սղ 141։3; Առ 13։3; 21։23), քանի որ հիմար բաներ ասելը կարող է կործանման տանել (Առ 10։14; 18։7)։ Աստված մարդուց հաշիվ է պահանջելու նրա բերանից դուրս եկած խոսքերի համար (Մթ 12։36, 37)։ Մարդը կարող է հապճեպ ինչ-որ բան ասել, անմտածված երդում տալ (Ժղ 5։4-6), նաև շողոքորթել ուրիշին, ինչով վնաս կհասցնի նրան, և ինքն էլ դատապարտության կենթարկվի (Առ 26։28)։ Հատկապես կարևոր է, որ Աստծու ծառան սանձ դնի բերանին անօրենի առաջ, քանի որ եթե նա նույնիսկ մի փոքր թերանա Աստծու իմաստությանը ներդաշնակ խոսելու հարցում, կարող է վարկաբեկել նրա անունը և ինքն իրեն կործանել (Սղ 39։1)։ Հիսուսը Աստծու կամքին հնազանդվելու հրաշալի օրինակ էր. նա չգանգատվեց իր չար հակառակորդներից և չվիրավորեց նրանց (Ես 53։7; Գրծ 8։32; 1Պտ 2։23)։
Անկատարության պատճառով քրիստոնյան պետք է միշտ աչալուրջ լինի և քննի իր սիրտը։ Հիսուսն ասաց, որ ոչ թե բերանը մտածն է պղծում մարդուն, այլ բերանից դուրս եկածը, քանի որ «բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը» (Մթ 12։34; 15։11)։ Ուստի քրիստոնյան պետք է զգույշ լինի, որ անմտածված չխոսի՝ հաշվի չառնելով հետևանքները։ Իսկ դա նշանակում է, որ նա պետք է գործի դնի իր միտքը ու կիրառի այն լավ բաները, որ իմացել է Աստծու Խոսքից (Առ 13։3; 21։23)։
Բերանից դուրս եկած խոսքերը մեծ ուժ ունեն՝ կարող են կա՛մ բարերար ազդեցություն թողնել, կա՛մ մեծ ցավ պատճառել։ Հետևաբար երբ մարդը իր բերանը բացելիս թույլ է տալիս, որ Եհովան առաջնորդի իրեն, հրաշալի արդյունքներ են լինում։ Եհովան Եսայիայի լեզուն «սրածայր թուր դարձրեց», իսկ Երեմիայի բերանում իր խոսքերը «կրակ դարձրեց»։ Եհովան, գործի դնելով իր զորությունը, իրագործեց նրանց բերանից դուրս եկած մարգարեական խոսքերը և այդպիսով փաստեց, որ ինքն է դրանց աղբյուրը (Ես 49։2; Եր 5։14)։ Իսկ ինչ վերաբերում է հավատուրացի բերանից դուրս եկած խոսքերին, դրանք լսելը վտանգավոր է և կործանարար (Առ 11։9)։
Փոխաբերական գործածություն։ Իր մասին խոսելով այլաբանական լեզվով՝ Եհովան ասում է, որ բերան ունի։ Նա ոչ մի բան աննպատակ կամ զուր տեղը չի ասում. նրա խոսքերը կատարվում են ամենայն մանրամասնությամբ (Ես 55։10, 11)։ Հետևաբար ովքեր թանկ են համարում կյանքը, պետք է ապրեն նրա «բերանից դուրս եկող ամեն խոսքով» (2Օր 8։3; Մթ 4։4)։ Երբ Եհովայի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, երկրի վրա էր, ամեն ինչում վարվում էր իր Հոր խոսքերին ներդաշնակ, և այժմ նրան մեծ իշխանություն է տրված։ Լինելով Եհովայի կողմից նշանակված Թագավոր՝ Հիսուսը «իր բերանից դուրս եկած խոսքով, ասես գավազանով, կհարվածի երկրին» (Ես 11։4)։ «Հայտնություն» գրքում արձանագրված տեսիլքում Քրիստոսը հարվածում է ազգերին իր բերանից դուրս եկող երկար սրով (Հտն 19։15, 21)։ Այդ պատկերավոր նկարագրությունը ակներևաբար ցույց է տալիս, թե ինչ իշխանություն է ունենալու Հիսուսը՝ որպես Եհովայի ողջ երկնային զորքի հրամանատար. նա՛ է այդ զորքին հրամաններ տալու և առաջնորդելու այն պատերազմում, որում Աստծու թշնամիները կկործանվեն։
Ինչպես ցույց են տալիս վերոնշյալ օրինակները, «բերան» բառը հաճախ ունի «խոսք» և «խոսքի ուժ» իմաստները։ Մովսիսական օրենքում, հետագայում նաև քրիստոնեական ժողովում կիրառվում էր մի սկզբունք, համաձայն որի՝ մարդը մեղավոր էր ճանաչվում «երկու կամ երեք վկայի բերանով» (2Օր 17։6, ծնթ.; Մթ 18։16, ծնթ.; հմմտ. 2Կթ 13։1, ծնթ.)։ «Բերան» բառի այդպիսի գործածության այլ օրինակներ կարելի է տեսնել աստվածաշնչյան հետևյալ համարներում՝ Հոբ 15։6; Սաղմոս 10։7; 35։21; 62։4; Ժղ 5։2; Դն 7։8; Ղուկաս 6։45; Հռոմեացիներ 15։6։
Բացի այդ՝ «բերան» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել, օրինակ, ջրհորի մուտք (Ծն 29։2), պարկի վերևի բաց մասը (Ծն 43։12; 44։1, 2), քարայրի մուտք (Հս 10։18), երկրի ճեղքվածք (Թվ 16։32, ծնթ.), նաև կարող է մատնանշել իր վրա թափված հեղուկները կլանելու երկրի ունակությունը (Ծն 4։11)։ Գերեզմանի մասին ասվում է, որ այն լայն բացել է իր բերանը, որ կուլ տա շատ մահացածների (Ես 5։14)։
Քիմք։ Քիմքը բերանի խոռոչի վերին կամարաձև առաստաղն է, որը բերանի խոռոչը բաժանում է քթի խոռոչից։ Քիմքի այն հատվածը, որը կոչվում է փափուկ քիմք, բերանի խոռոչը անջատում է ըմպանից։ Աստվածաշնչյան որոշ համարներում «քիմք» բառը գործածված է որպես «բերան» բառի հոմանիշ (Հոբ 33։2, ծնթ.; Առ 8։7, ԱԹ)։
Հոբը և Եղիուսը ուտելիքի տարբեր համերը զանազանելու քիմքի ունակությունը համեմատեցին ամեն ինչ ծանրութեթև անելու և ճիշտն ու իմաստունը զատորոշելու մարդու ունակության հետ (Հոբ 12։11, ծնթ.; 34։3, ծնթ.)։ Նրանց խոսքերն այն մասին, որ քիմքը զգում է ուտելիքի համը, ճշգրիտ են, թեև ոմանք այդպես չեն կարծում։ Սնունդը կլանելու պրոցեսը կատարվում է քիմքի մասնակցությամբ։ Լեզուն ուտելիքը սեղմում է քիմքին, տարածում է այն և հրում դեպի ըմպան, որը ստամոքս տանող և քթի խոռոչի հետ հաղորդակցվող կոնաձև խողովակ է։ Դրա շնորհիվ ուտելիքի բույրը հասնում է քթի խոռոչ, ինչի արդյունքում ուժգնանում է համի զգացողությունը։