ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ
Մի աշխատության մեջ պրաիս ածականի մասին ասվում է. «Դասական հունարենում այդ բառը հաճելի զգացումներ առաջ բերող բառ է։ Երբ խոսքը առարկաների կամ երևույթների մասին է, այն նշանակում է «քնքուշ», «փափուկ», օրինակ՝ «քնքուշ զեփյուռ», «փափուկ ձայն»։ Մարդկանց պարագայում այն նշանակում է «մեղմ» կամ «քաղցրաբարո».... Պրաուս [պրաիս] բառը արտահայտում է փափկության իմաստ, սակայն դրա հետևում պողպատի ամրություն կա.... Դա թուլամորթություն, սենտիմենտալություն և պասիվություն չէ» (William Barclay, A New Testament Wordbook, London, 1956, էջ 103, 104)։ «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանում» նշվում է. «[Պրաիտես գոյականը] չի նկարագրում միայն մարդու վարքագիծը, ուրիշների հետ նրա հարաբերությունները, նրա խառնվածքը։ Այն ավելի շատ արտահայտում է նրա հոգու գեղեցկությունը, որը նախևառաջ և գլխավորապես դրսևորվում է Աստծու հանդեպ։ Դա ներքին տրամադրվածություն է, որի շնորհիվ ընդունում ենք, որ Նրա գործելակերպը միշտ նպաստում է մեր բարօրությանը, ուստի և չենք հակառակվում դրան ու վիճարկում այն։ Այդ բառը սերտորեն կապված է տապեյնոֆրոսինե [խոնարհություն] բառի հետ և գործածվում է դրան զուգահեռաբար» (Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words, 1981, հտր 3, էջ 55, 56)։
Պրաիս բառը Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում թարգմանվել է «հեզ», «մեղմ» (ՆԱԹ, ԱԹ, ԱԱ, ԱՆԹ) և «քնքուշ» բառերով (AS, NE)։ Սակայն, ինչպես նշվում է Բարկլիի վերոնշյալ աշխատությունում, այն քնքշությունից ու փափկությունից ավելին է և երբ գործածվում է մարդկանց առնչությամբ, նշանակում է «մեղմ», «քաղցրաբարո»։
Թեև Եհովան չի հանդուրժում մեղքը և չարիքը, նա, սիրուց մղված, հնարավորություն է տվել մարդկանց մոտենալու իրեն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի և նրա քահանայական ծառայության միջոցով։ Դրա շնորհիվ Եհովայի ծառաները կարող են մոտենալ նրան առանց հիվանդագին վախ ու սարսափ ունենալու (Եբ 4։16; 10։19-22; 1Հվ 4։17, 18)։ Հիսուսը կատարելապես արտացոլում էր Եհովա Աստծու էությունը, այդ պատճառով կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ»։ Նա նաև ասաց. «Ինձ մոտ եկեք բոլորդ, որ հոգնած ու բեռնավորված եք, և ես կթարմացնեմ ձեզ։ Մտեք իմ լծի տակ և սովորեք ինձնից, որ հեզ [կամ՝ «մեղմ», հուն.՝ պրաիս] եմ ու սրտով խոնարհ, և դուք կթարմանաք. իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև» (Հվ 14։9; Մթ 11։28-30, ծնթ.)։ Այսպիսով՝ Եհովա Աստծուն սիրողները անկաշկանդ մոտենում են նրան, իսկ նա իր հերթին օգնում է նրանց զարգացնել մեղմություն, նաև մեծ վստահություն և ուժ է տալիս նրանց։
Ուժի նշան է։ Մեղմությունը թուլակամության նշան չէ։ Ինչպես գրված է 2 Սամուել 18։5-ում (ծնթ.), Դավիթը, ով հզոր ռազմիկ էր, հայրական սիրուց մղված՝ հրամայեց Հովաբին «մեղմորեն վարվել» իր ապստամբ որդի Աբիսողոմի հետ։ Այստեղ օգտագործված եբրայերեն ատ բառը վերաբերում է թեթև քայլքին կամ փափուկ շարժումներին։ Հիսուս Քրիստոսն իր մասին ասաց. «Հեզ [կամ՝ «մեղմ»] եմ ու սրտով խոնարհ» (Մթ 11։29, ծնթ.; 2Կթ 10։1)։ Միևնույն ժամանակ նա մեծ զորություն ուներ, որ ստացել էր իր Հորից, հաստատակամորեն թիկունք էր կանգնում այն ամենին, ինչ ճիշտ է, և երբ անհրաժեշտ էր, համարձակությամբ ու վճռականությամբ էր խոսում և գործում (Մթ 23։13-39; հմմտ. Մթ 21։5)։
Մեղմություն դրսևորելու համար հարկավոր է ունենալ հավատ և ուժ։ Մեղմ մարդը հեշտությամբ հունից դուրս չի գալիս և չի կորցնում առողջ դատողությունը։ Մեղմության բացակայությունը հաճախ հետևանք է այն բանի, որ մարդն իրեն անվստահ և անապահով է զգում, հիասթափված է, հուսահատված, կորցրել է հավատը և անգամ վհատված է։ Մի առակում այդպիսի մարդու մասին ասվում է. «Ինքնատիրապետում չունեցող մարդը նման է քանդված պարիսպներով քաղաքի» (Առ 25։28)։ Նա հեշտությամբ տրվում է սխալ մտքերին, որոնք կարող են անվայել արարքների դրդել իրեն։
Ոգու առաջ բերած պտղի հատկություններից է։ Մեղմությունը Աստծու սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի առաջ բերած հատկություններից մեկն է (Գղ 5։22, 23)։ Այլ խոսքով՝ մեղմության աղբյուրը Աստված է, և հենց նրան է անհրաժեշտ դիմել այդ ոգին ստանալու և իսկական մեղմություն զարգացնելու համար։ Փաստորեն, հնարավոր չէ իսկական մեղմություն զարգացնել՝ պարզապես կամքի ուժ դրսևորելով. մարդը մեղմ է դառնում Աստծու հետ մտերիմ հարաբերություններ ունենալու շնորհիվ։
Այն մարդը, ով մեղմ չէ, չափազանց դյուրագրգիռ է, կոպիտ, չի կարողանում տիրապետել իրեն և կռվարար է։ Աստվածաշունչը, սակայն, քրիստոնյաներին հորդորում է պահպանել ժողովի միասնությունն ու խաղաղությունը՝ լինելով «մեղմ ու համբերատար» (Եփ 4։1-3)։
Երբ նախանձն ու կռվասիրությունը արմատ են գցում ու զարգանում, խաղաղությունը խաթարվում է, և անկարգություն է տիրում։ Այնինչ մեղմությունը պաշտպանում է Քրիստոսի հետևորդներին նման հետևանքներից։ Այդ պատճառով Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Հակոբոսը, հորդորեց իմաստուն և հասկացող քրիստոնյաներին «լավ վարք» ունենալ՝ դրսևորելով «հեզություն [բռց.՝ «մեղմություն»]», որը «բխում է իմաստությունից»՝ «վերին իմաստությունից» (Հկ 3։13, 17)։
Աստվածաշնչի բնագրային տեքստում «մեղմություն» բառը հաճախ գործածվում է «ոգի» բառի հետ, օրինակ՝ «մեղմության ոգի» կամ «մեղմ ոգի»։ Դա ցույց է տալիս, որ իսկական մեղմությունը զուտ արտաքուստ դրսևորվող և անցողիկ հատկություն չէ, որը միայն ժամանակ առ ժամանակ է դրսևորվում։ Մեղմությունը մարդու էության մի մասն է։ Պետրոս առաքյալը այդ փաստն ընդգծեց, երբ ասաց. «Ձեր զարդարանքը թող լինի ոչ թե արտաքուստ՝ մազերի հյուսերը, ոսկյա զարդերը կամ շքեղ հագուստները, այլ ներքուստ՝ այն, ինչ սրտում է՝ հանդարտ ու մեղմ ոգու անթառամ գեղեցկությունը, որը մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1Պտ 3։3, 4)։
Պողոս առաքյալը գրեց. «Հագեք.... մեղմությունը»։ Առաջին հայացքից գուցե թվա, թե մեղմությունը առերևույթ, ցուցադրական մի բան է, որ հագնում են որպես դիմակ։ Սակայն նույն համատեքստում առաքյալը հորդորում է. «Հագեք նոր անձնավորությունը, որը ճշգրիտ գիտելիքների միջոցով շարունակ նորոգվում է, որ արտացոլի իր Ստեղծողի պատկերը» (Կղ 3։10, 12; Եփ 4։22-24)։ Դա ցույց է տալիս, որ մեղմությունը բնավորության գիծ է, և մարդը ձեռք է բերում այդ հատկությունը գլխավորապես Աստծու ոգու ներգործությամբ ճշգրիտ գիտելիքներ ստանալու և դրանք կիրառելու արդյունքում, ոչ թե ի ծնե ունի այն։
Կարևոր հատկություն է վերակացուների համար։ Մեղմությունը պահանջ է Աստծու ծառաների, հատկապես՝ վերակացուների համար։ Մեղմ մարդը աղմկոտ, անզուսպ և անհամեստ չէ։ Ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսը, թեև բոլոր իրավիճակներում չէ, որ ճիշտ տրամադրվածություն էր դրսևորում, սակայն «երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ամենահեզն էր [կամ՝ «շատ մեղմ էր»]» (Թվ 12։3, ծնթ.; Սղ 90, խրգր)։ Աստվածաշնչում ասվում է, որ նրա խոսքերը շաղում էին, «ինչպես մեղմ անձրև» (2Օր 32։2)։
Պողոսը երիտասարդ Տիմոթեոսին գրած նամակում, որում հրահանգներ էր տալիս, թե նա ինչպես պետք է հոգ տանի ժողովին և լուծի դժվար հարցերը, գրեց. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորին մեղմությամբ [հուն.՝ էպիոն] վերաբերվի, ուսուցանելու ունակ լինի, վատ վերաբերմունքի արժանանալիս ինքնատիրապետում դրսևորի և հեզ [հուն.՝ պրաիտես] ոգով խրատի բացասաբար տրամադրվածներին։ Թերևս Աստված հնարավորություն ընձեռի նրանց, որ զղջան» (2Տմ 2։24, 25)։ Այստեղից երևում է, որ մեղմությունն ու համբերատարությունը փոխկապակցված են։ Վերակացուն հասկանում է, թե ինչու պետք է զբաղվի ծագած խնդրով. նա գիտակցում է, որ Աստված է թույլ տվել այդ խնդիրը, և որպես վերակացու՝ ձգտում է հարթել այն ի բարօրություն նրանց, ովքեր ընդգրկված են այդ հարցում։ Նա չպետք է նյարդայնանա, այլ պետք է համբերություն դրսևորի ստեղծված իրավիճակում, մինչև որ խնդիրը լուծվի։
Մեկ ուրիշ վերակացուի՝ Տիտոսին, ով Կրետեում էր, նույնպես խորհուրդ տրվեց հիշեցնել քրիստոնյա եղբայրներին, որ «լինեն խոհեմ և միշտ մեղմությամբ վերաբերվեն բոլոր մարդկանց»։ Մեղմ լինելու անհրաժեշտությունն ընդգծելու համար Պողոսը Տիտոսի ուշադրությունը հրավիրեց Աստծու անգերազանցելի սիրո և գթասրտության վրա, որոնք դրսևորվել են նրա Որդու միջոցով, և որոնք մղում են քրիստոնյային թողնել չարությամբ ու ատելությամբ լի նախկին ճանապարհները և գնալ նոր ճանապարհով, որը տանում է դեպի հավիտենական կյանք (Տիտ 3։1-7)։
Դիմելով ժողովի հոգևորապես հասուն անդամներին՝ Պողոսն ասում է, թե ինչ պարտականություն է դրված նրանց վրա. «Եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի նույնիսկ առանց գիտակցելու, դուք՝ հոգևոր որակներ ունեցողներդ, փորձեք ուղղել այդ մարդուն և արեք դա մեղմությամբ։ Բայց միևնույն ժամանակ ամեն մեկդ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ, որ սխալ չգործեք» (Գղ 6։1)։ Նրանք պետք է հիշեն, թե Աստված ինչպես է վարվել իրենց հետ, և սխալ գործած մարդուն կոպտորեն խրատելու փոխարեն պետք է փորձեն մեղմության ոգով ուղղել նրան։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի և ավելի մեծ օգուտներ կբերի բոլորին։
Մեղմությունը օգնում է հարթել խնդիրը կամ հանդարտեցնել բարկացած մարդուն, մինչդեռ կոպտությունը ավելի է սրում առանց այն էլ լարված իրավիճակը։ Մի առակում ասվում է. «Մեղմ պատասխանը հանդարտեցնում է ցասումը, իսկ կոպիտ խոսքը բարկություն է բորբոքում» (Առ 15։1)։ Մեղմությունը մեծ ուժ ունի։ «Համբերությամբ ղեկավարին կարելի է տարհամոզել, և մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել» (Առ 25։15)։
Անհրաժեշտ է խրատ ստանալիս։ Սողոմոնը մեղմության ու հանդարտության հետ կապված մեկ այլ սկզբունք էլ է նշել։ Այն վերաբերում է ըմբոստ ոգի դրսևորելու հակմանը, որը կարող է գլուխ բարձրացնել մարդու մեջ, երբ նրան ուղղում կամ խրատում է իշխանություն ունեցողը։ Նա գուցե այն աստիճան զայրանա, որ մոռանա իշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին և առանց ծանրութեթև անելու ազատվի աշխատանքից կամ հրաժարվի ժողովում ունեցած իր նշանակումից։ Սակայն Սողոմոնը զգուշացրել է. «Եթե ղեկավարը բարկանա քեզ վրա, մի՛ հեռացիր, որովհետև հանդարտությունը մեղմում է ծանր մեղքերը» (Ժղ 10։4; հմմտ. Տիտ 3։2)։ Խրատը հանդարտորեն և մեղմությամբ ընդունելով՝ մարդը ոչ միայն կմեղմի իշխանություն ունեցողի բարկությունը, այլև ավելի լավ անձնավորություն կդառնա շնորհիվ այն բանի, որ զսպել է իր բարկությունը, չի հրաժարվել աշխատանքից կամ իր նշանակումից և կիրառել է խրատը։
Այդ սկզբունքը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ որպես ղեկավար հանդես է գալիս Եհովա Աստված, բայց խրատողները նրանք են, ովքեր նրա կողմից իշխանությամբ են օժտված (Եբ 12։7-11; 13։17)։ Այն նաև կիրառելի է պետական իշխանությունների հետ հարաբերություններում, որոնց Աստված թույլ է տվել գոյություն ունենալ (Հռ 13։1-7)։ Նույնիսկ եթե նրանք քրիստոնյայից խստորեն պահանջեն բացատրել, թե ինչի վրա է հիմնված իր հավատը, նա պետք է «մեղմությամբ ու խոր հարգանքով» պատասխանի, թեև անվերապահորեն Աստծուն է հնազանդվում ինչպես ղեկավարի (1Պտ 3։15)։
Կեղծ մեղմություն։ Մեղմ ձայնը կամ վարքագիծը միշտ չէ, որ իրական մեղմության նշան է։ Այս հատկությունը պետք է սրտից բխի։ Երբ Սատանան փորձում էր Աստծու ծառա Հոբի անարատությունը՝ նրան տառապանքներ պատճառելով, վերջինիս երեկ ընկերները խոսքերով վիրավորեցին նրան։ Նրանք Հոբին մեղադրեցին գաղտնի մեղք գործելու, չարության և համառության մեջ, ինչպես նաև ակնարկեցին, որ նա հավատուրաց է, և որ նրա որդիները մեղք են գործել, ու այդ պատճառով Աստված նրանց մահվան է մատնել։ Նրանցից մեկը՝ Եղիփազը, ասաց Հոբին. «Քեզ բավական չե՞ն Աստծու տված մխիթարությունները, մեղմությամբ քեզ ասված խոսքերը» (Հոբ 15։11)։ Դա նշանակում է, որ նրանց խոսքերի առնվազն մի մասը մեղմ տոնով են հնչել։ Սակայն հաշվի առնելով նրանց խոսքերի կոպիտ բովանդակությունը՝ կարելի է ասել, որ դրանք իսկապես մեղմ չէին։