Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Մեսիա»
  • Մեսիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեսիա
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Փարիսեցիներ
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ուսուցիչ, սովորեցնել
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Մեսիա»

ՄԵՍԻԱ

Այս բառը ծագել է եբրայերեն մաշախ բայարմատից, որը նշանակում է «քսել», «օծել» (Ելք 29։2, 7)։ Մեսիա (մաշիախ) նշանակում է «օծված» կամ «օծյալ»։ Դրա հունարեն համարժեքն է Խրիստոս (կամ՝ Քրիստոս) (Մթ 2։4, ծնթ.)։

Եբրայերեն Գրվածքներում մաշիախ բայածականը բազմաթիվ տղամարդկանց առնչությամբ է կիրառվում։ Դավիթը պաշտոնապես թագավոր նշանակվեց այն ժամանակ, երբ յուղով օծվեց։ Դա է պատճառը, որ նա կոչվում է «օծյալ» (բռց.՝ «մեսիա») (2Սմ 19։21; 22։51; 23։1; Սղ 18։50)։ Մյուս թագավորները, այդ թվում՝ Սավուղն ու Սողոմոնը, կոչվում են «օծյալ» կամ «Եհովայի օծյալ» (1Սմ 2։10, 35; 12։3, 5; 24։6, 10; 2Սմ 1։14, 16; 2Տգ 6։42; Ողբ 4։20)։ Մաշիախ բառը կիրառվում է նաև քահանայապետի առնչությամբ (Ղև 4։3, 5, 16; 6։22)։ Եհովայի «օծյալներ» են կոչվում Աբրահամ, Իսահակ և Հակոբ նահապետները (1Տգ 16։16, 22)։ Պարսից Կյուրոս թագավորը կոչվում է «օծյալ» այն իմաստով, որ Աստծու կողմից նշանակվել էր առանձնահատուկ հանձնարարություն կատարելու (Ես 45։1; տես ՕԾԵԼ, ՕԾՅԱԼՆԵՐ)։

Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում Մեսիաս տառադարձված ձևը հունարեն տեքստում հանդիպում է Հովհաննես 1։41-ում։ Այդ բառի կողքին տրվում է հետևյալ բացատրությունը՝ «թարգմանվում է «Քրիստոս»» (տես նաև Հվ 4։25)։ Երբեմն Խրիստոս բառը գործածվում է առանց որևէ անվան, երբ խոսքը Մեսիայի՝ Օծյալի մասին է կամ նրա, ով պնդում է, թե Մեսիան է, կամ՝ Օծյալը (Մթ 2։4; 22։42; Մկ 13։21)։ Սակայն մեծ մասամբ Խրիստոս բառը գործածվում է «Հիսուս» անվան հետ, օրինակ՝ «Հիսուս Քրիստոս» կամ «Քրիստոս Հիսուս», ինչը ցույց է տալիս, որ նա է Մեսիան։ Երբեմն այդ բառը առանձին է օգտագործվում, երբ հստակ է, որ խոսքը Հիսուսի մասին է, ինչպես որ «Քրիստոսը մահացավ մեզ համար» արտահայտության դեպքում է (Հռ 5։8; Հվ 17։3; 1Կթ 1։1, 2; 16։24; տես ՔՐԻՍՏՈՍ)։

«Մեսիա» բառը Եբրայերեն Գրվածքներում։ Դանիել 9։25, 26-ում մաշիախ բառը բացառապես վերաբերում է ապագա Մեսիային (տես ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՇԱԲԱԹ)։ Եբրայերեն Գրվածքներում բազմաթիվ այլ համարներ նույնպես մատնանշում են Մեսիային, բայց ոչ բացառապես նրան։ Օրինակ՝ Սաղմոս 2։2-ը նախնական իմաստով ակներևաբար վերաբերում է օծյալ Դավիթ թագավորին և կատարվեց այն ժամանակ, երբ փղշտացի թագավորները փորձեցին գահընկեց անել նրան։ Իսկ երկրորդ իմաստով վերաբերում է խոստացված Մեսիային։ Դա երևում է Գործեր 4։25-27 համարներից, որտեղ այդ խոսքերը կիրառված են Հիսուս Քրիստոսի առնչությամբ։ Բացի այդ՝ «օծյալ» կոչվող տղամարդկանցից շատերը տարբեր կերպերով նախապատկերում էին Հիսուս Քրիստոսին և այն գործը, որ նա անելու էր։ Նրանցից էին Դավիթը, Իսրայելի քահանայապետները և Մովսեսը (ով Եբ 11։23-26-ում (ծնթ.) կոչվում է «Քրիստոս»)։

Մարգարեություններ, որոնցում «Մեսիա» բառը չի հիշատակվում։ Եբրայերեն Գրվածքներում կան բազմաթիվ համարներ, որոնք, հրեաների կարծիքով, Մեսիային վերաբերող մարգարեություններ են, թեև դրանցում «Մեսիա» բառը չի հանդիպում։ Աստվածաշնչագետ Ալֆրեդ Էդերշեյմը թվարկել է 456 հատվածներ, որոնց «հին ժողովարանը համարում էր Մեսիային առնչվող»։ Հնագույն ռաբբունական գրվածքները թիկունք են կանգնում այդ տեսակետին՝ թվարկելով 558 հատված (The Life and Times of Jesus the Messiah, 1906, հտր I, էջ 163; հտր II, էջ 710-737)։ Օրինակ՝ Ծննդոց 49։10-ում մարգարեացվել էր, որ իշխանության գավազանը պատկանելու էր Հուդայի ցեղին, և որ Սելովը սերելու էր այդ ցեղից։ «Օնկելոսի թարգումը», «Երուսաղեմի թարգումները» և Միդրաշը «Սելով» բառը միաձայն վերագրում են Մեսիային։

Եբրայերեն Գրվածքներում բազմաթիվ մարգարեություններ կան, որոնք մանրամասն տեղեկություն են հայտնում Մեսիայի ծագման, նրա հայտնվելու ժամանակի, գործունեության, նրա հանդեպ վերաբերմունքի և Աստծու նպատակներում նրա դերի մասին։ Միասին վերցված՝ դրանք մեկ ամբողջական պատկեր են ստեղծում, որն Աստծու ճշմարիտ ծառաներին օգնում է ճանաչել Մեսիային։ Դա հիմք է տալիս հավատալու նրան՝ որպես Եհովայի կողմից ուղարկված Առաջնորդի։ Թեև նախքան Օծյալի հայտնվելը հրեաները չէին հասկանում նրան վերաբերող բոլոր մարգարեությունները, Ավետարաններից ակնհայտ երևում է, որ նրանք բավականաչափ գիտելիքներ ունեին, որպեսզի կարողանային ճանաչել Մեսիային, երբ նա գար։

Պատկերացումը մ.թ. առաջին դարում։ Առկա պատմական տեղեկություններն օգնում են ընդհանուր պատկերացում կազմել, թե մ.թ. առաջին դարում հրեաների մեծ մասը որքան բան գիտեր Մեսիայի մասին։ Հիմնականում այդ տեղեկությունները գրված են Ավետարաններում։

Թագավոր և Դավթի որդի։ Հրեաների մեջ ընդունված էր համարել, որ Մեսիան թագավոր էր լինելու, ով գալու էր Դավթի սերնդից։ Երբ աստղագուշակները հարցրին, թե «որտեղ է ծնված երեխան՝ հրեաների թագավորը», Հերովդես Մեծը հասկացավ, որ խոսքը «Քրիստոսի» մասին է (Մթ 2։2-4)։ Մի անգամ Հիսուսը փարիսեցիներին հարցրեց, թե ում որդին էր լինելու Քրիստոսը, կամ՝ Մեսիան։ Թեև այդ կրոնական առաջնորդները չէին հավատում Հիսուսին, սակայն պատասխանեցին, որ Մեսիան Դավթի որդին էր լինելու (Մթ 22։41-45)։

Ծնվելու էր Բեթլեհեմում։ Միքիա 5։2, 4-ում ասվում է, որ Բեթլեհեմից դուրս կգա նա, ով «Իսրայելում.... իշխան կլինի», որի «իշխանությունը կտարածվի մինչև երկրի ծայրերը»։ Հրեաները հասկանում էին, որ այդ խոսքերը վերաբերում են Մեսիային։ Երբ Հերովդես Մեծը ավագ քահանաներին և Օրենքի ուսուցիչներին հարցուփորձ արեց, թե որտեղ պետք է ծնվեր Մեսիան, նրանք պատասխանեցին՝ «Հրեաստանի Բեթլեհեմում», ու մեջբերեցին Միքիա 5։2-ը (Մթ 2։3-6)։ Անգամ հասարակ մարդկանցից ոմանք գիտեին այդ մասին (Հվ 7։41, 42)։

Մարգարե, ով շատ հրաշքներ էր անելու։ Մովսեսի միջոցով Աստված հայտնել էր մեծ մարգարեի գալստի մասին (2Օր 18։18)։ Հիսուսի օրերում հրեաները սպասում էին այդ մարգարեին (Հվ 6։14)։ Այն բանից, թե Պետրոս առաքյալը ինչպես կիրառեց Մովսեսի խոսքերը, ինչի մասին գրված է Գործեր 3։22, 23-ում, երևում է, որ նա գիտեր, որ անգամ հակառակորդները այդ խոսքերը Մեսիային վերաբերող մարգարեություն էին համարում։ Դա ցույց է տալիս, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես էր հասկանում 2 Օրենք 18։18-ը։ Սամարացի կինը, ում հետ Հիսուսը խոսեց ջրհորի մոտ, նույնպես հավատում էր, որ Մեսիան մարգարե էր լինելու (Հվ 4։19, 25, 29)։ Մարդիկ ակնկալում էին, որ Մեսիան հրաշքներ էր անելու (Հվ 7։31)։

Տարբեր պատկերացումներ։ Ակնհայտ է, որ թեև հրեաները շատ բան գիտեին Մեսիայի մասին, սակայն ոչ բոլորը նույն գիտելիքները կամ պատկերացումն ունեին նրա վերաբերյալ։ Օրինակ՝ ոչ բոլորը գիտեին, որ նա Բեթլեհեմից էր գալու (Մթ 2։3-6; Հվ 7։27)։ Ոմանք կարծում էին, որ Մարգարեն ու Քրիստոսը տարբեր անձինք էին լինելու (Հվ 1։20, 21; 7։40, 41)։ Մեսիայի վերաբերյալ որոշ մարգարեություններ անհասկանալի էին անգամ Հիսուսի աշակերտների համար։ Նրանք հատկապես չէին հասկանում այն մարգարեությունները, համաձայն որոնց՝ Մեսիան մերժվելու էր, չարչարանքներ էր կրելու, մահանալու էր ու հարություն էր առնելու (Ես 53։3, 5, 12; Սղ 16։10; Մթ 16։21-23; 17։22, 23; Ղկ 24։21; Հվ 12։34; 20։9)։ Հիսուսի աշակերտները և նրանք, ովքեր դեռ աշակերտ չէին դարձել, լիովին հասկացան Եբրայերեն Գրվածքների այդ մարգարեական հատվածների նշանակությունը այն բանից հետո միայն, երբ դրանք տեղի ունեցան ու բացատրվեցին (Ղկ 24։45, 46; Գրծ 2։5, 27, 28, 31, 36, 37; 8։30-35)։ Քանի որ հրեաներից շատերը չէին հասկանում, որ Մեսիան պետք է չարչարվեր ու մահանար, առաջին դարի քրիստոնյաները քարոզելիս նրանց ուշադրությունը հրավիրում էին դրա վրա (Գրծ 3։18; 17։1-3; 26։21-23)։

Սխալ ակնկալիքներ։ Ղուկասի արձանագրությունից երևում է, որ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում շատ հրեաներ անհամբերությամբ սպասում էին Մեսիայի գալստին։ Երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար, Սիմեոնը և ուրիշ հրեաներ սպասում էին «Երուսաղեմը ազատագրմանը» և «այն ժամանակին, երբ Աստված Իսրայելին մխիթարություն կտար» (Ղկ 2։25, 38)։ Հովհաննես Մկրտչի ծառայության ընթացքում «ժողովուրդը սպասում էր Քրիստոսի», կամ՝ Մեսիայի գալուն (Ղկ 3։15)։ Սակայն շատերն ակնկալում էին, որ Մեսիան պետք է համապատասխաներ իրենց արդեն իսկ ձևավորված թյուր պատկերացումներին։ Եբրայերեն Գրվածքներում տեղ գտած մարգարեությունները տարբեր կերպ են ներկայացնում Մեսիայի գալուստը։ Մի կողմից՝ նա խոնարհաբար «գալու էր՝ ավանակ հեծած», մյուս կողմից՝ գալու էր «երկնքի ամպերով», որպեսզի ոչնչացնի հակառակորդներին և իրեն հպատակեցնի բոլոր իշխանությունները (Զք 9։9; Դն 7։13)։ Հրեաները չէին հասկանում, որ այդ մարգարեություններում խոսվում էր Մեսիայի երկու տարբեր գալուստների մասին, որոնց միջև մեծ ժամանակահատված էր ընկած լինելու։

Հրեական աղբյուրները հաստատում են Ղուկաս 2։38-ում արձանագրված խոսքերն այն մասին, որ այդ ժամանակ հրեաները սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը։ «Հրեական հանրագիտարանում» նշվում է. «Նրանք փափագով սպասում էին Դավթի տնից խոստացյալ ազատագրողին, ով իրենց կազատեր ատելի օտարազգի բռնատերերից, վերջ կդներ հռոմեական անաստված իշխանությանը և կհաստատեր իր խաղաղ իշխանությունը» (The Jewish Encyclopedia, 1976, հտր VIII, էջ 508)։ Հրեաները փորձեցին Հիսուսին իրենց թագավորը դարձնել (Հվ 6։15)։ Երբ նրանց ակնկալիքները չարդարացան, նրանք մերժեցին նրան։

Ըստ ամենայնի, Հովհաննես Մկրտիչն ու նրա աշակերտները նույնպես կարծում էին, որ Մեսիան երկրի վրա է թագավոր լինելու։ Հովհաննեսը գիտեր, որ Հիսուսը Մեսիան է և Աստծու Որդին, քանի որ տեսել էր, որ Աստված օծել էր նրան սուրբ ոգով, և լսել էր Աստծու ձայնը, երբ նա արտահայտել էր իր հավանությունը։ Այնպես չէ, որ Հովհաննեսի հավատը թերի էր (Մթ 11։11)։ Ուստի նրա հարցը՝ «Դո՞ւ ես նա, որ պետք է գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք», կարող էր նշանակել՝ «Սպասե՞նք մեկ ուրիշին, ով կիրականացնի հրեաների բոլոր հույսերը»։ Ի պատասխան՝ Քրիստոսը նշեց, թե ինչ գործեր էր անում (որոնց մասին մարգարեացվել էր Եբրայերեն Գրվածքներում)։ Վերջում նա ասաց. «Երջանիկ է նա, ով ինձ հետ կապված կասկածներ չունի»։ Այդ պատասխանը ընդգծեց հավատ և խորաթափանցություն ունենալու անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ բավարարեց ու մխիթարեց Հովհաննեսին, ինչպես նաև վստահեցրեց նրան, որ Հիսուսն է նա, ով կկատարի Աստծու խոստումները (Մթ 11։3; Ղկ 7։18-23)։ Նախքան Հիսուսի երկինք համբարձվելը նրա աշակերտները կարծում էին, որ նա այդ ժամանակ էր Իսրայելին ազատելու այլազգիների տիրապետությունից ու երկրի վրա հաստատելու Թագավորությունը (այսինքն՝ վերականգնելու Դավթի դինաստիայի թագավորական իշխանությունը) (Ղկ 24։21; Գրծ 1։6)։

Կեղծ մեսիաներ։ Ինչպես և Հիսուսը մարգարեացել էր, նրա մահից հետո հրեաները սկսեցին հետևել բազմաթիվ կեղծ մեսիաների (Մթ 24։5)։ «Հովսեպոսի խոսքերից կարելի է ենթադրել, որ առաջին դարում՝ նախքան Տաճարի կործանումը [մ.թ. 70 թ.-ին], բազմաթիվ մեսիաներ էին հայտնվել, որոնք խոստանում էին ժողովրդին ազատել հռոմեական լծից, և որոնց մարդիկ պատրաստակամորեն հետևում էին» (The Jewish Encyclopedia, հտր X, էջ 251)։ Դրանից հետո՝ մ.թ. 132 թ.-ին, մեսիա-թագավոր հռչակվեց Բար Կոխբան (Բար Կոզիբան)՝ ամենահայտնի կեղծ մեսիաներից մեկը։ Նրա գլխավորած ապստամբությունը ճնշելիս հռոմեացի զինվորները սպանեցին հազարավոր հրեաների։ Թեև այդ սուտ մեսիաների հայտնվելը ցույց է տալիս, որ շատ հրեաներ գլխավորապես քաղաքական մեսիայի էին սպասում, սակայն դա նաև փաստում է, որ նրանք հավատում էին, որ Մեսիան գալու է որպես մարդ, և ոչ թե մեսիական դարաշրջան է սկսվելու, կամ մեսիական ազգ է ձևավորվելու։ Ոմանք կարծում էին, թե Բար Կոխբան Դավթի սերնդից էր, ինչը հավանաբար կշիռ էր տալիս Մեսիա լինելու նրա հավակնությանը։ Սակայն այն բանից հետո, երբ մ.թ. 70 թ.-ին տոհմաբանական արձանագրությունները ոչնչացվեցին, նրանք, ովքեր պնդում էին, թե իրենք են Մեսիան, չէին կարող ապացուցել, որ պատկանում են Դավթի տոհմին։ (Հետևաբար Մեսիան պետք է հայտնված լիներ մինչև մ.թ. 70 թ., ինչպես որ եղավ Հիսուսի պարագայում, որպեսզի փաստեր Դավթի գահաժառանգը լինելու իր իրավունքը։ Փաստորեն, նրանք, ովքեր մինչ օրս սպասում են Մեսիայի գալստին, մոլորության մեջ են)։ Ավելի ուշ Մեսիայի դերի հավակնորդներից էին կրետացի Մովսեսը, ով պնդում էր, թե կարող է բաժանել Կրետեի ու Պաղեստինի միջև եղող ծովը, ինչպես նաև Սերենուսը, ով Իսպանիայում շատ հրեաների մոլորեցրեց։ «Հրեական հանրագիտարանում» 28 սուտ մեսիաներ են թվարկված, որոնք հայտնվել են մ.թ. 132-1744 թթ. միջև ընկած ժամանակահատվածում (The Jewish Encyclopedia, հտր X, էջ 252-255)։

Հիսուսին ընդունում էին որպես Մեսիա։ Ավետարաններում տեղ գտած պատմական փաստերը վկայում են, որ Հիսուսն էր Մեսիան։ 1-ին դարում այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին հարցուփորձ անելու ականատեսներին և զննելու փաստերը, արժանահավատ էին համարում այդ պատմական տեղեկությունները։ Նրանք այնքան համոզված էին դրանց ճշգրտության մեջ, որ պատրաստ էին հալածվելու և մահանալու իրենց հավատի համար, որը հիմնված էր այդ ճշգրիտ տեղեկությունների վրա։ Ավետարանների պատմական արձանագրությունները ցույց են տալիս, որ տարբեր մարդիկ բացահայտ ընդունում էին, որ Հիսուսը Քրիստոսն է, կամ՝ Մեսիան (Մթ 16։16; Հվ 1։41, 45, 49; 11։27)։ Հիսուսը չէր ժխտում նրանց ասածը և երբեմն անձամբ էր հաստատում, որ ինքն է Քրիստոսը (Մթ 16։17; Հվ 4։25, 26)։ Երբեմն Հիսուսը կոնկրետ չէր ասում, որ ինքն է Մեսիան, իսկ որոշ դեպքերում պատվիրում էր մարդկանց, որ ուրիշներին չասեն այդ մասին (Մկ 8։29, 30; 9։9; Հվ 10։24, 25)։ Քանի որ մարդիկ կարող էին լինել Հիսուսի կողքին, տեսնել նրա գործերը, լսել նրա սովորեցրածները, նա ցանկանում էր, որ նրանք իր հանդեպ հավատը հիմնեին այդ ծանրակշիռ ապացույցների վրա՝ գիտակցելով, որ իրենց աչքով տեսնում են Եբրայերեն Գրվածքների կատարումը (Հվ 5։36; 10։24, 25; հմմտ. Հվ 4։41, 42)։ Եբրայերեն Գրվածքներից բացի, որոնք հագեցած են Մեսիայի գործունեության մասին տեղեկություններով, Ավետարանները նույնպես պատմում են Հիսուսի ով լինելու և նրա արած գործերի մասին՝ օգնելով մարդկանց ճանաչել նրան ու հավատալ, որ նա իսկապես Մեսիան է (Հվ 20։31; տես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ)։

[աղյուսակ]

ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Մարգարեություն

Իրադարձություն

Կատարում

Ծն 49։10

Ծնվեց Հուդայի ցեղից

Մթ 1։2-16; Ղկ 3։23-33; Եբ 7։14

Սղ 132։11; Ես 9։7; 11։1, 10

Հեսսեի որդի Դավթի ազգատոհմից էր

Մթ 1։1, 6-16; 9։27; Գրծ 13։22, 23; Հռ 1։3; 15։8, 12

Մք 5։2

Ծնվեց Բեթլեհեմում

Ղկ 2։4-11; Հվ 7։42

Ես 7։14

Ծնվեց կույսից

Մթ 1։18-23; Ղկ 1։30-35

Եր 31։15

Նրա ծնվելուց հետո երեխաներ սպանվեցին

Մթ 2։16-18

Օս 11։1

Կանչվեց Եգիպտոսից

Մթ 2։15

Մղք 3։1; 4։5; Ես 40։3

Նրա համար ճանապարհ պատրաստվեց

Մթ 3։1-3; 11։10-14; 17։10-13; Ղկ 1։17, 76; 3։3-6; 7։27; Հվ 1։20-23; 3։25-28; Գրծ 13։24; 19։4

Ես 61։1, 2

Աստծուց հանձնարարություն ստացավ

Ղկ 4։18-21

Ես 9։1, 2

Նրա ծառայության շնորհիվ Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկրում բնակվողները մեծ լույս տեսան

Մթ 4։13-16

Սղ 78։2

Խոսեց առակներով

Մթ 13։11-13, 31-35

Ես 53։4

Տարավ մեր տկարությունները

Մթ 8։16, 17

Սղ 69։9

Նախանձախնդիր էր Եհովայի տան հանդեպ

Մթ 21։12, 13; Հվ 2։13-17

Ես 42։1-4

Լինելով Եհովայի ծառան՝ չէր վիճաբանում փողոցներում

Մթ 12։14-21

Ես 53։1

Նրան չհավատացին

Հվ 12։37, 38; Հռ 10։11, 16

Զք 9։9; Սղ 118։26

Մտավ Երուսաղեմ՝ ավանակի քուռակ հեծած, գովաբանվեց որպես թագավոր և մեկը, ով գալիս է Եհովայի անունով

Մթ 21։1-9; Մկ 11։7-11; Ղկ 19։28-38; Հվ 12։12-15

Ես 28։16; 53։3; Սղ 69։8; 118։22, 23

Մերժվեց, բայց դարձավ գլխավոր անկյունաքարը

Մթ 21։42, 45, 46; Գրծ 3։14; 4։11; 1Պտ 2։7

Ես 8։14, 15

Դարձավ գայթակղության քար

Ղկ 20։17, 18; Հռ 9։31-33

Սղ 41։9; 109։8

Առաքյալներից մեկը անհավատարիմ գտնվեց և մատնեց նրան

Մթ 26։47-50; Հվ 13։18, 26-30; Գրծ 1։16-20

Զք 11։12

Մատնվեց 30 կտոր արծաթով

Մթ 26։15; 27։3-10; Մկ 14։10, 11

Զք 13։7

Աշակերտները ցրվեցին

Մթ 26։31, 56; Հվ 16։32

Սղ 2։1, 2

Հռոմի իշխանությունները և Իսրայելի առաջնորդները դուրս եկան Եհովայի օծյալի դեմ

Մթ 27։1, 2; Մկ 15։1, 15; Ղկ 23։10-12; Գրծ 4։25-28

Ես 53։8

Դատարանի առաջ կանգնեց ու մեղավոր ճանաչվեց

Մթ 26։57-68; 27։1, 2, 11-26; Հվ 18։12-14, 19-24, 28-40; 19։1-16

Սղ 27։12

Նրա դեմ սուտ վկաներ դուրս եկան

Մթ 26։59-61; Մկ 14։56-59

Ես 53։7

Լուռ մնաց իրեն մեղադրողների առաջ

Մթ 27։12-14; Մկ 14։61; 15։4, 5; Ղկ 23։9

Սղ 69։4

Նրան առանց պատճառի ատեցին

Ղկ 23։13-25; Հվ 15։24, 25

Ես 50։6; Մք 5։1

Ծեծեցին, երեսին թքեցին

Մթ 26։67; 27։26, 30; Հվ 19։3

Սղ 22։16

Սյանը գամվեց

Մթ 27։35; Մկ 15։24, 25; Ղկ 23։33; Հվ 19։ 18, 23; 20։25, 27

Սղ 22։18

Հագուստի համար վիճակ գցեցին

Մթ 27։35; Հվ 19։23, 24

Ես 53։12

Օրինազանցների հետ դասվեց

Մթ 26։55, 56; 27։38; Ղկ 22։37

Սղ 22։7, 8

Սյան վրա ծաղրանքի ենթարկվեց

Մթ 27։39-43; Մկ 15։29-32

Սղ 69։21

Քացախ ու դառնահամ մի բան տվեցին

Մթ 27։34, 48; Մկ 15։23, 36

Սղ 22։1

Աստված հանձնեց նրան թշնամիների ձեռքը

Մթ 27։46; Մկ 15։34

Սղ 34։20; Ելք 12։46

Նրա ոսկորներից ոչ մեկը չկոտրվեց

Հվ 19։33, 36

Ես 53։5; Զք 12։10

Խոցվեց

Մթ 27։49; Հվ 19։34, 37; Հտն 1։7

Ես 53։5, 8, 11, 12

Մահացավ զոհաբերական մահով, որպեսզի կրի մարդկանց մեղքերը և ճանապարհ հարթի, որ նրանք արդար համարվեն Աստծու առաջ

Մթ 20։28; Հվ 1։29; Հռ 3։24; 4։25; 1Կթ 15։3; Եբ 9։12-15; 1Պտ 2։24; 1Հվ 2։2

Ես 53։9

Թաղվեց հարուստների հետ

Մթ 27։57-60; Հվ 19։38-42

Հվն 1։17; 2։10

Երեք օր մնաց գերեզմանում, այնուհետև հարություն առավ

Մթ 12։39, 40; 16։21; 17։23; 27։64; 28։1-7; Գրծ 10։40; 1Կթ 15։3-8

Սղ 16։8-11, ծնթ.

Հարություն առավ՝ ապականություն չտեսնելով

Գրծ 2։25-31; 13։34-37

Սղ 2։7

Եհովան հայտարարեց, որ նա իր Որդին է, երբ ոգով օծեց նրան ու երբ հարություն տվեց

Մթ 3։16, 17; Մկ 1։9-11; Ղկ 3։21, 22; Գրծ 13։33; Հռ 1։4; Եբ 1։5; 5։5

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը