Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Սուտ»
  • Սուտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սուտ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարտությունը խոսենք
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ճշմարտությունը արժեզրկվե՞լ է
    Այլ նյութեր
  • Ինչո՞ւ պետք է լինել ճշմարտախոս
    2007 Դիտարան
  • 10 «Հոգի»՝ կենդանի էակ, մարդ, կենդանի, բանական անձնավորության կյանքը, այլ կիրառություններ
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Սուտ»

ՍՈՒՏ

Ճշմարտության հակառակը։ Ստելը կեղծ տեղեկություն հայտնելն է նրան, ով իրավասու է իմանալ ճշմարտությունը։ Ստելու նպատակն է՝ մոլորեցնել կամ վնասել դիմացինին կամ մեկ ուրիշի։ Միայն խոսքերով չէ, որ հնարավոր է ստել։ Սուտը կարող է դրսևորվել նաև գործերով, օրինակ՝ երբ մարդը երկակի կյանք է վարում։ Եբրայերեն կազավ բայը ունի սուտ խոսելու իմաստ (Առ 14։5)։ Եբրայերեն մեկ այլ բայ՝ շակար, նշանակում է «անազնվությամբ վարվել», «խարդախություն անել», իսկ գոյականական ձևը թարգմանվել է «սուտ», «խաբեություն», «կեղծիք», «ստություն», «խարդախություն» (Ղև 19։11; Եր 6։13; Սղ 119։163; Առ 20։17; Ես 28։15; Եր 9։3; Օս 7։1)։ Եբրայերեն շավ բառը, որը երբեմն թարգմանվում է «սուտ», «ստություն», «կեղծավորություն», «խաբեություն», հիմնականում վերաբերում է մի բանի, ինչն անիմաստ է, աննպատակ, սուտուփուչ (2Օր 5։20; Հոբ 31։5; Սղ 41։6; Ես 5։18; Սղ 60։11; 89։47; Զք 10։2)։ Եբրայերեն կախաշ (խաբել) բայի հիմնական նշանակությունն է «հիասթափեցնել» (Ղև 19։11)։ Հունարենում ստի ու խաբելու իմաստ արտահայտելու համար կիրառվում են պսեուդոս բառը և դրա հետ կապ ունեցող այլ բառեր։

Ստության հայրը, կամ՝ սկզբնաղբյուրը Բանսարկու Սատանան է (Հվ 8։44)։ Օձի միջոցով առաջին կնոջը նրա ասած սուտը պատճառ եղավ, որ Եվան ու իր ամուսինը՝ Ադամը, ի վերջո մահանան (Ծն 3։1-5, 16-19)։ Դա երբևէ ասված առաջին սուտն էր, որի նպատակն էր գողանալ առաջին մարդկային զույգի սերն ու հնազանդությունը։ Սատանան ներկայացավ որպես լույսի հրեշտակ, բարերար, բայց իրականում նա ստում էր՝ եսասիրությունից և սխալ ցանկություններից դրդված (հմմտ. 2Կթ 11։14)։ Այդուհետ ասված բոլոր չարամիտ ստերը նույնպես եսասիրության ու սխալ ցանկությունների դրսևորում են։ Մարդիկ ստում են, որ խուսափեն արդարացի պատժից, ուրիշների հաշվին շահ ստանան, ձեռք բերեն կամ պահպանեն որոշակի արտոնություններ, նյութական օգուտ ունենան կամ պատվի արժանանան։

Հատկապես վնասակար են կրոնական ստերը, քանի որ դրանք վտանգում են մոլորության մեջ ընկած մարդկանց ապագան։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Վա՜յ ձեզ, Օրենքի ուսուցիչնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև կտրում-անցնում եք ծովը և ուր ասես գնում եք, որ մեկին ձեր հավատին դարձնեք, ու երբ դա ձեզ հաջողվում է, նրան այնպիսին եք դարձնում, որ ձեզանից կրկնապատիկ ավելի է արժանի լինում գեհենին» (Մթ 23։15)։ Աստծու մասին ճշմարտությունը «ստի»՝ կռապաշտության հետ փոխելով՝ մարդը կարող է ներքաշվել խայտառակ ու նողկալի գործերի մեջ (Հռ 1։24-32)։

Հիսուսի երկրային ծառայության ընթացքում ապրած հրեա կրոնական առաջնորդների օրինակից պարզ է դառնում, թե ինչ կարող է լինել, երբ մարդը թողնում է ճշմարտությունը։ Նրանք դավ նյութեցին Հիսուսի դեմ, որ սպանեն նրան։ Իսկ երբ Հիսուսը հարություն առավ, կաշառեցին նրա գերեզմանը հսկող զինվորներին, որ թաքցնեն ճշմարտությունը և նրա մարմնի անհետացման մասին կեղծ տեղեկություն տարածեն (Մթ 12։14; 27։1, 2, 62-65; 28։11-15; Մկ 14։1; Ղկ 20։19)։

Եհովա Աստված երբեք չի ստում (Թվ 23։19; Եբ 6։13-18)։ Նա ատում է «ստախոս լեզուն» (Առ 6։16-19)։ Համաձայն իսրայելացիներին նրա տված օրենքի՝ չարամիտ խաբեության և խարդախության պատճառած վնասների դիմաց հատուցում էր պահանջվում (Ղև 6։2-7; 19։11, 12)։ Եղբոր դեմ կեղծ ցուցմունք տվողը պետք է պատժվեր այնպես, ինչպես իր եղբայրը կպատժվեր այդ ստերի պատճառով (2Օր 19։15-21)։ Չարամիտ ստի վերաբերյալ Աստծու տեսակետը, որ արտացոլված է Օրենքում, անփոփոխ է մնացել։ Ովքեր ցանկանում են ունենալ նրա հավանությունը, չպետք է սուտ խոսեն (Սղ 5։6; Առ 20։19; Կղ 3։9, 10; 1Տմ 3։11; Հտն 21։8, 27; 22։15)։ Նրանք չեն կարող ստի մեջ ապրել՝ պնդել, թե սիրում են Աստծուն, բայց միևնույն ժամանակ ատել իրենց եղբորը (1Հվ 4։20, 21)։ Անանիան և իր կինը կորցրին իրենց կյանքը, քանի որ փորձեցին ստել սուրբ ոգուն (Գրծ 5։1-11)։

Սակայն ովքեր պահի ազդեցության տակ են ստում, ինքնաբերաբար մեղավոր չեն դառնում աններելի մեղք գործելու մեջ։ Ինչպես երևում է Պետրոսի օրինակից, ով երեք անգամ ուրացավ Հիսուսին, եթե մարդը անկեղծորեն զղջում է, Աստված ներում է նրան (Մթ 26։69-75)։

Աստվածաշունչն, ինչ խոսք, դատապարտում է չարամիտ սուտը, բայց դա չի նշանակում, որ մարդը պարտավոր է հավաստի տեղեկություն հայտնել նրանց, ովքեր դա իմանալու իրավասություն չունեն։ Հիսուս Քրիստոսը այսպիսի խորհուրդ է տվել. «Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, քանի որ նրանք պարզապես ոտնատակ կանեն դրանք, ապա վրա կտան ու կհոշոտեն ձեզ» (Մթ 7։6)։ Ահա թե ինչու Հիսուսն ինքն էլ ամբողջական տեղեկություն չէր հայտնում կամ ուղիղ պատասխան չէր տալիս այն դեպքերում, երբ դա կարող էր վնաս պատճառել (Մթ 15։1-6; 21։23-27; Հվ 7։3-10)։ Անկասկած, այս նույն լույսի ներքո պետք է դիտել Աբրահամի, Իսահակի, Ռախաբի և Եղիսեի վարմունքը, երբ նրանք մոլորության մեջ գցեցին կամ բոլոր փաստերը չհայտնեցին Եհովային չպաշտող մարդկանց (Ծն 12։10-19; գլ. 20; 26։1-10; Հս 2։1-6; Հկ 2։25; 2Թգ 6։11-23)։

Եհովա Աստված թողնում է, որ կեղծիքը գերադասող մարդիկ ենթարկվեն «մոլորեցնող ազդեցությանն ու հավատան ստին», ոչ թե Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրին (2Թղ 2։9-12)։ Դարեր առաջ Իսրայելի Աքաաբ թագավորի հետ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։ Կեղծ մարգարեները Աքաաբին վստահեցնում էին, որ նա կհաղթի Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմում, մինչդեռ Եհովայի մարգարե Միքիան աղետ էր կանխատեսում։ Միքիան տեսիլքում տեսել էր, որ Եհովան հրեշտակներից մեկին թույլ էր տվել «այնպես անել, որ [Աքաաբի] բոլոր մարգարեները ստեն»։ Այսինքն՝ նա դրդել էր նրանց ասել ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչ իրենք էին ուզում ասել, և ինչ Աքաաբն էր ուզում լսել։ Չնայած իրեն տրված նախազգուշացմանը՝ Աքաաբը գերադասեց հավատալ ստին և դրա դիմաց իր կյանքով վճարեց (1Թգ 22։1-38; 2Տգ 18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը