ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆ
Անխառն, անմեղ, անապակ, անբիծ, բարոյապես մաքուր, անմեղադրելի լինելը։
Անարատության իմաստ արտահայտող եբրայերեն բառերի (տոմ, տումմա, տամ, տամիմ) արմատը նշանակում է «ամբողջ» (հմմտ. Ղև 3։9; Հս 10։13; Առ 1։12)։ Անարատ թարգմանված եբրայերեն տամ բառը կիրառված է Հոբի բարոյապես անբիծ համբավի և սունամուհու անթերի գեղեցկության առնչությամբ (Հոբ 1։1, 8; Երգ 5։2; 6։9)։ Աստվածաշնչում գրված է, որ Հակոբը «անարատ մարդ էր»։ Պատճառն այն է, որ ի տարբերություն իր եղբոր, ով մոլի, արկածախնդիր որսորդ էր՝ նա խաղաղ ու հանգիստ կյանք էր վարում (Ծն 25։27)։ Տամիմ բառը երբեմն գործածվում է նկարագրելու համար ֆիզիկական ամբողջականություն և որևէ արատի բացակայություն, օրինակ՝ երբ խոսքը զոհաբերվող կենդանիների մասին է (Ելք 12։5; 29։1; Ղև 3։6)։ Սակայն ավելի հաճախ վերոնշյալ բառերը նկարագրում են բարոյապես անապակ և անբիծ լինելը։ Ուստի տամիմ բառը, որը թարգմանվել է «անարատ», փոխանցում է անսխալ, անաղարտ, կատարյալ լինելու իմաստ (Առ 2։21; 11։5, 20)։ Եբրայերեն տամ և տամիմ բառերը ծագում են տամամ բայարմատից, որը նշանակում է «ամբողջական լինել», «ավարտված լինել», «վերջանալ» (Ղև 23։15; Ես 18։5; Եր 37։21; հմմտ. 1Սմ 16։11, որտեղ հանդիպող «Այսքա՞նն են որդիներդ» արտահայտությունը բառացի թարգմանվում է «Որդիներդ վերջացե՞լ են»)։ Հունարեն «Յոթանասնից»-ում եբրայերեն տամ բառը երբեմն թարգմանվում է ամեմպտոս (Հոբ 1։1, 8; 2։3; 9։20)։ Այս բառի ձևերը նույնպես հանդիպում են Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում և թարգմանվել են «անմեղադրելի», «անարատ», «անթերի» (Ղկ 1։6; Փպ 3։6; 1Թղ 5։23; Եբ 8։7)։
Երբ խոսքը Աստծու մասին է, այսինքն՝ երբ նկարագրվում են նրա գործերը, ճանապարհները, գիտելիքներն ու օրենքները, տամիմ բառը տեղին է թարգմանել «կատարյալ» (2Օր 32։4; Հոբ 36։4; 37։16; Սղ 18։30; 19։7)։ Աստծու բոլոր հատկությունները, խոսքերն ու գործերը անզուգական են, անթերի ու կատարյալ, ուստի կասկած անգամ չի կարող լինել, որ դրանց Աղբյուրը հենց նա է՝ միակ ճշմարիտ Աստվածը (Հռ 1։20; ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ)։
Երբ «անարատություն» բառը կիրառվում է մարդու առնչությամբ, այն միշտ ունի հարաբերական, ոչ թե բացարձակ իմաստ։ Հոբը տառապանքներ կրելիս Եհովայի մասին սխալ եզրահանգումների եկավ, օրինակ՝ այն հարցում, թե նա ինչպես է վերաբերվում անարատներին (Հոբ 9։20-22, ծնթ.)։ Հովհաննես Մկրտչի հայր Զաքարիան կասկածի ենթարկեց Գաբրիել հրեշտակի միջոցով Եհովայի հաղորդած խոսքերը (Ղկ 1։18-20)։ Այդուհանդերձ, թե՛ Հոբը, թե՛ Զաքարիան անարատ ու անմեղադրելի մարդիկ էին կոչվում, քանի որ համապատասխանում էին հավատարիմ, բայց և անկատար մարդկանց վերաբերյալ Եհովայի ակնկալիքներին (Հոբ 1։1; Ղկ 1։6)։
Մարդկանց անարատությունը անչափ կարևոր է։ Եբրայերեն տոմ բառը երբեմն հաղորդում է անկեղծ մղումներ և աննենգ մտադրություն ունենալու իմաստ (հմմտ. Ծն 20։5, 6; 2Սմ 15։11)։ Սակայն ավելի հաճախ տոմ-ը և վերոնշյալ մյուս եբրայերեն բառերը մատնանշում են անսասան հավատարմություն արդարության չափանիշների հանդեպ։ Աստվածաշնչյան այն համատեքստերից, որոնցում գործածված են այդ բառերը, երևում է, թե որքան կարևոր է անձնավորության՝ Եհովա Աստծու, ինչպես նաև նրա կամքի ու նպատակի հանդեպ անմնացորդ նվիրվածությունը։
Ուղիղ կապ ունի վիճաբանական հարցի հետ։ Առաջին մարդկային զույգը Եդեմի պարտեզում հնարավորություն ուներ դրսևորելու իր անարատությունը։ Բարին ու չարը որոշելու ծառի պտղից ուտելու արգելքով փորձվեց Արարչի հանդեպ նրանց նվիրվածությունը։ Ենթարկվելով Աստծու Հակառակորդի ազդեցությանը, որը նրանց մեջ եսասիրություն արթնացրեց՝ նրանք անհնազանդ եղան Աստծու հանդեպ։ Ամոթի զգացումը, իրենց Արարչի հետ հաղորդակցվելուց խուսափելը, նրա տված հարցերին անկեղծորեն չպատասխանելը փաստում էին, որ նրանք չէին պահել իրենց անարատությունը (հմմտ. Սղ 119։1, 80)։ Սակայն Ադամն ու Եվան առաջինը չէին, որ թողեցին իրենց անարատ ընթացքը, քանի որ նրանց ըմբոստության դրդած ոգեղեն արարածը դրանից առաջ արդեն հեռացել էր անարատության ճանապարհից (Ծն 3։1-19; նրա բռնած ընթացքը համեմատիր այն բանի հետ, թե ինչ է ասվում Տյուրոսի թագավորի մասին Եզկ 28։12-15-ում արձանագրված ողբերգում; տես ՍԱՏԱՆԱ)։
Սատանայի ըմբոստությունը, որը տեսանելի կերպով դրսևորվեց Եդեմում, տիեզերական նշանակություն ունեցող հարց բարձրացրեց, թե արդյոք Աստված իրավունք ունի իշխելու իր բոլոր ստեղծած էակներին և նրանցից լիակատար հնազանդություն պահանջելու։ Քանի որ Եհովայի զորությունը չէ, որ կասկածի տակ դրվեց, այլ հարցը բարոյական բնույթ ուներ, այն չէր լուծվի, եթե Աստված պարզապես ուժ կիրառեր և անմիջապես կործաներ Սատանային ու առաջին մարդկային զույգին։ Այս փաստն օգնում է հասկանալ, թե ինչու Աստված թույլ տվեց, որ չարությունը և դրա հեղինակը՝ Սատանան, գոյություն ունենան այսքան երկար ժամանակ (տես ՉԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ)։ Քանի որ առաջինը, ում Աստծու Հակառակորդը քաշեց իր կողմը, մարդիկ էին (առաջին հիշատակումն այն մասին, որ Աստծու ոգեղեն որդիներից մի քանիսը Սատանայի կողմն անցան, հանդիպում է Ջրհեղեղից առաջ տեղի ունեցած դեպքերի նկարագրության մեջ (Ծն 6։1-5; հմմտ. 2Պտ 2։4, 5)), վիճաբանական հարցի կարևոր մաս դարձավ մարդկանց անարատության հարցը, այսինքն՝ այն, թե արդյոք նրանք նվիրված կլինեն Աստծու գերիշխանությանը (թեև Եհովայի գերիշխանությունը կախված չէ իր ստեղծած էակների անարատությունից)։ Դա երևում է Հոբի օրինակից։
Հոբ։ Հոբը, որն ակներևաբար ապրել է Հովսեփի մահից հետո և նախքան Մովսեսի՝ մարգարե նշանակվելը, «անարատ [եբր.՝ տամ] և ուղղամիտ մի մարդ էր։ Նա աստվածավախ էր և հեռու էր մնում չարից» (Հոբ 1։1; տես ՀՈԲ)։ Այն, որ մարդկանց անարատությունը Սատանայի բարձրացրած վիճաբանական հարցի մաս է կազմում, հստակ երևում է Հոբի մասին զրույցից, որը երկնային ոլորտում տեղի ունեցավ Եհովա Աստծու և նրա Հակառակորդի միջև, երբ վերջինս եկավ հրեշտակների հետ Աստծու հանդիպմանը։ Սատանան վատ մղումներ վերագրեց Հոբին՝ պնդելով, որ նա շահից դրդված է ծառայում Աստծուն և ոչ թե անկեղծ նվիրվածությունից մղված։ Այդպիսով նա կասկածի ենթարկեց Հոբի անարատությունը։ Թեև Աստված Սատանային թույլ տվեց, որ Հոբին զրկի մեծ ունեցվածքից և անգամ երեխաներից, Սատանան չկարողացավ կոտրել Հոբի անարատությունը (Հոբ 1։6-2։3)։ Այնուհետև Սատանան հայտարարեց, որ Հոբը եսասիրաբար պատրաստ է համակերպվելու իր ունեցվածքի ու երեխաների կորստին, միայն թե իր կյանքին ոչինչ չսպառնա (Հոբ 2։4, 5)։ Դրանից հետո Սատանան պատուհասեց Հոբին տանջալից և հյուծող հիվանդությամբ, Հոբի կինը փորձեց դրդել նրան ուրանալ Աստծուն և նրա ընկերները վհատեցնող ակնարկներ արեցին, քննադատեցին ու մեղադրեցին նրան՝ Աստծու չափանիշներն ու մտադրությունները սխալ լույսի ներքո ներկայացնելով (Հոբ 2։6-13; 22։1, 5-11)։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ Հոբը անարատ մնաց։ Նա ասաց. «Նվիրված կմնամ Աստծուն մինչև իմ վերջին շունչը։ Ես կպնդեմ, որ արդար եմ, և արդար ընթացքս երբեք չեմ թողնի։ Քանի դեռ ողջ եմ, սիրտս ինձ չի դատապարտի» (Հոբ 27։5, 6)։ Պահելով իր անարատությունը՝ Հոբը փաստեց, որ Աստծու Հակառակորդը ստախոս է։
Հոբի մասին Սատանայի սադրիչ խոսքերից երևում է, որ, ըստ նրա, բոլոր մարդկանց հնարավոր է հեռացնել Աստծուց, և որ չկա մեկը, ով կծառայի Աստծուն անեսասիրաբար։ Ուստի մարդիկ, ինչպես նաև Աստծու ոգեղեն որդիները առանձնահատուկ հնարավորություն ունեն իրենց մասնակցությունն ունենալու Եհովայի գերիշխանության արդարացման հարցում՝ պահելով իրենց անարատությունը։ Այդպիսով նրանք նաև կսրբացնեն Աստծու անունը։ «Անարատ վարք ունեցողները ուրախացնում են» Եհովային (Առ 11։20; այս խոսքերը համեմատիր Եղիփազի առաջ քաշած սխալ տեսակետի հետ՝ արձանագրված Հոբ 22։1-3-ում)։
Հիմք՝ Աստծու դատաստանի համար։ Անարատ մնալը կարևոր նախապայման է Աստծու բարեհաճությունն ունենալու համար (Սղ 18։23-25)։ Դավիթ թագավորը գրեց. «Ժողովուրդների դատավճիռը կկայացնի Եհովան։ Դատիր ինձ, ո՛վ Եհովա, իմ անարատության, իմ արդար գործերի հիման վրա։ Խնդրում եմ, անօրենների չար գործերին վերջ դիր, իսկ արդարներին ապահով պահիր» (Սղ 7։8, 9; հմմտ. Առ 2։21, 22)։ Տառապանքներ կրելիս Հոբը վստահությամբ ասաց. «Թող [Եհովան] կշռի ինձ ճշգրիտ կշեռքով, այդ ժամանակ նա կտեսնի, որ ես անարատ եմ» (Հոբ 31։6)։ Այնուհետև նա թվարկեց տարբեր արարքներ, որոնք անելու դեպքում ցույց տված կլիներ, որ թողել է իր անարատությունը (Հոբ 31։7-40)։
Անկատար մարդկանց պարագայում ի՞նչ է նշանակում անարատ լինել։ Քանի որ բոլոր մարդիկ անկատար են և չեն կարող կատարելապես համապատասխանել Աստծու սահմանած չափանիշներին, հստակ է, որ անարատ լինել չի նշանակում, որ նրանց գործերն ու խոսքերը պետք է կատարյալ լինեն։ Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, անարատ լինել նշանակում է լիովին կամ ամբողջ սրտով նվիրված լինել Աստծուն։ Դավիթը անկատարության պատճառով մի քանի լուրջ մեղքեր գործեց, այնուամենայնիվ, նա «անարատ սրտով.... քայլեց» (1Թգ 9։4), քանի որ ընդունեց խրատը և փոխվեց։ Այդպիսով նա փաստեց, որ նա առաջվա պես իր ողջ սրտով սիրում է Եհովա Աստծուն (Սղ 26։1-3, 6, 8, 11)։ Հետագայում Դավիթը իր որդի Սողոմոնին ասաց. «Ճանաչիր քո հոր Աստծուն ու ծառայիր նրան ողջ սրտով և մեծ ուրախությամբ, որովհետև Եհովան քննում է բոլորի սրտերը և գիտի բոլորի մտքերն ու ցանկությունները»։ Սակայն Սողոմոնի սիրտը «ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես որ իր հոր՝ Դավթի սիրտն էր» (1Տգ 28։9; 1Թգ 11։4; այս երկու համարներում «ողջ» և «ամբողջությամբ» բառերով թարգմանվել է եբրայերեն շալեմ բառը, որը նաև հանդիպում է Առ 11։1; 1Թգ 15։14-ում)։
Փաստորեն, անարատությունը չի դրսևորվում կյանքի ոլորտներից միայն մեկում, օրինակ՝ կրոնական ոլորտում։ Աստծու ծառայի համար անարատությունը կյանքի ճանապարհ է, որով ընթանալիս նա շարունակ փնտրում է Եհովայի առաջնորդությունը (Սղ 119։1-3)։ Դավիթը Իսրայելի ազգին հովվում էր «անարատ սրտով» թե՛ Եհովային մատուցվող երկրպագությանը և թե՛ պետական գործերին առնչվող հարցերում։ Բացի այդ՝ նա ցանկանում էր, որ իր շրջապատի մարդիկ և իր ծառաները նույնպես «անարատությամբ վարվողներ» լինեին (Սղ 78։72; 101։2-7)։ Նոյի, Աբրահամի և ուրիշների օրինակներից երևում է, որ ժամանակ է պետք, որպեսզի փաստվի՝ արդյոք մարդը անարատ է Աստծու աչքում (Ծն 6։9; 17։1; 2Սմ 22։24)։
Անարատությունը Աստծու հանդեպ անկոտրում հավատարմությունն է և արդարության նրա չափանիշներին կառչած մնալը ոչ միայն այն ժամանակ, երբ դա հեշտ է, այլև ամեն ժամանակ և բոլոր հանգամանքներում։ Ընդգծելով այն միտքը, որ Եհովան ընդունում է միայն անարատ մարդուն, ով «իր սրտում ճշմարտությունն է ասում»՝ սաղմոսերգուն նշում է, որ այդպիսի մարդը «չի դրժում իր խոստումը, թեկուզ այն ի վնաս իրեն լինի», այսինքն՝ նա իր խոսքի տերն է մնում, նույնիսկ եթե պարզվում է, որ այն, ինչ խոստացել է, իր շահերից չի բխում (Սղ 15։1-5; հմմտ. Հռ 1։31; 1Տմ 1։10)։ Ուստի մարդը անարատ, կամ՝ անմեղ է, թե ոչ, հատկապես ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ փորձվում է Աստծու հանդեպ նրա նվիրվածությունը, և նրա վրա ճնշում է բանեցվում, որ հրաժարվի իր արդար ու ճիշտ ապրելակերպից։ Նույնիսկ եթե նա հակառակորդների ծաղրի առարկան է դարձել (Հոբ 12։4; հմմտ. Եր 20։7), նրանց չար խոսքերի թիրախը (Սղ 64։3, 4), ատելության ու կատաղի հալածանքի զոհը (Առ 29։10; Ամս 5։10), նույնիսկ եթե տառապում է որևէ հիվանդությամբ կամ դժբախտության մեջ է, պետք է Հոբի պես ցանկացած գնով հաստատակամորեն նվիրված մնա Աստծուն (Հոբ 2։3)։
Մարդը կարող է անարատ մնալ ոչ թե իր բարոյական ուժի շնորհիվ, այլ միայն Եհովայի հանդեպ ամուր հավատի, նրան վստահելու և նրա փրկարար զորությանը ապավինելու շնորհիվ (Սղ 25։21)։ Աստված խոստանում է, որ կպահպանի անարատ վարք ունեցողների ուղին ու այդպիսով «վահան» և «ամրոց» կլինի նրանց համար (Առ 2։6-8; 10։29; Սղ 41։12)։ Քանի որ այդ մարդիկ շարունակ ձգտում են ունենալ Եհովայի հավանությունը, նրանց կյանքն ավելի կայուն է դառնում, և նրանք կարողանում են անշեղորեն ընթանալ դեպի իրենց նպատակները (Սղ 26։1-3; Առ 11։5; 28։18)։ Թեև Հոբը, վշտից իրեն կորցրած, նշեց, որ անօրենների իշխելու պատճառով անարատ մարդիկ տառապում են և նրանց պես մահանում են, սակայն Եհովան վստահեցնում է, որ գիտի, թե անարատներն ինչերի միջով են անցնում, և խոստանում է, որ նրանց մնայուն ժառանգություն կտա, նրանց ապագան խաղաղ կլինի, և նրանք բարիք կժառանգեն (Հոբ 9։20-22, ծնթ.; Սղ 37։18, 19, 37; 84։11; Առ 28։10)։ Ինչպես երևում է Հոբի օրինակից, մարդու արժեքը որոշվում է ոչ թե նրա հարստությամբ, այլ նրա անարատությամբ։ Հենց դա է նրան հարգանքի արժանի դարձնում (Առ 19։1; 28։6)։ Այդպիսի մարդու զավակները երջանիկ են (Առ 20։7), քանի որ ունեն իրենց հոր թողած լավ օրինակը և ճանաչված են որպես այնպիսի մարդու երեխաներ, ով իր ապրած կյանքով բարի անուն է ստեղծել ու հարգանք է վաստակել։
Եբրայերեն Գրվածքներում, բացի Հոբի ու Դավթի օրինակներից, բազմաթիվ այլ անարատ մարդկանց օրինակներ կան։ Աբրահամը Աստծու հանդեպ անսասան նվիրվածություն դրսևորեց՝ պատրաստ լինելով զոհել իր որդի Իսահակին (Ծն 22։1-12)։ Դանիելն ու նրա երեք ընկերները ևս հրաշալի օրինակ են. թե՛ երիտասարդ և թե՛ մեծ տարիքում փորձությունների բախվելիս նրանք անարատ մնացին (Դն 1։8-17; 3։13-23; 6։4-23)։ «Եբրայեցիներ» նամակի 11-րդ գլխում Պողոս առաքյալը թվարկում է նախաքրիստոնեական ժամանակներում ապրած բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց հավատի շնորհիվ անարատ են մնացել ամենատարբեր դժվարությունների ներքո (ուշադրություն դարձրու հատկապես 33-38-րդ համարներին)։
Անարատությունը Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում։ Թեև «անարատություն» բառը չի հանդիպում Քրիստոնեական Հունարեն Գրվածքների բնագրային տեքստում, սակայն անարատության մասին միտքը կարմիր թելի պես անցնում է Աստվածաշնչի այս հատվածում։ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, լավագույն օրինակը թողեց անարատ մնալու, ինչպես նաև իր երկնային Հոր աջակցությանն ու զորությանը ամբողջովին ապավինելու հարցում։ Այդպիսով նա «կատարելագործվեց», որպեսզի համապատասխան լինի ծառայելու որպես Քահանայապետ ու երկնային թագավորության օծյալ Թագավոր՝ մի թագավորության, որն ավելի մեծ է, քան Դավթինը (Եբ 5։7-9; 4։15; 7։26-28; Գրծ 2։34, 35)։ Անարատության միտքն ընդգծվում է Հիսուսի տված մեծագույն պատվիրանի մեջ, այն է՝ սիրել Եհովա Աստծուն ամբողջ սրտով, մտքով, հոգով և ուժով (Մթ 22։36-38)։ Հիսուսի մեկ այլ պատվեր՝ «կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Մթ 5։48), նույնպես ընդգծում է արդարության չափանիշներին լիովին հավատարիմ լինելու միտքը։ (Կատարելության միտք հաղորդող հունարեն բառերը ունեն ամբողջական, ավարտուն լինելու նշանակություն, այդ պատճառով դրանք որոշ չափով կրում են այն նույն իմաստը, ինչ վերոնշյալ եբրայերեն բառերը)։
Հիսուսի սովորեցրածները ցույց են տալիս, թե որքան կարևոր է սրտով մաքուր լինել, աչքը կենտրոնացած պահել մեկ բանի վրա, ունենալ անկեղծ մղումներ և խուսափել կեղծավորությունից՝ հատկանիշներ, որոնք բնորոշ են անարատ մարդուն (Մթ 5։8; 6։1-6, 16-18, 22, 23; Ղկ 11։34-36)։ Պողոսը նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը իր հրեա ժամանակակիցների աչքում անարատ ու անմեղադրելի մարդ էր։ Նա պահում էր Օրենքը, կատարում էր իր վրա դրված պարտականությունները և հեռու էր մնում արգելված բաներից (Փպ 3։6)։ Սակայն այդ ժամանակ Պողոսը անարատ չէր Եհովայի աչքում։ Նա ծանր մեղք էր գործում՝ հալածում էր Քրիստոսի եղբայրներին, ինչպես նաև աստվածանարգ ու հանդուգն մարդ էր (1Տմ 1։13, 15)։ Քրիստոնյա դառնալուց հետո Պողոսը Դավթի և Աստծու վաղեմի ծառաների նման ձգտում էր անարատ և անմեղադրելի լինել։ Ոչ ոք չէր կարող նրան մեղադրել՝ ասելով, թե նա իր ծառայությունը կատարելիս և ուրիշների հետ առնչվելիս անազնվությամբ և խորամանկությամբ է վարվում (2Կթ 4։1, 2; 6։3-10; 8։20, 21; 1Թղ 1։3-6)։
Պողոսի և առաջին դարի մյուս քրիստոնյաների անարատությունը փաստվում էր նաև նրանով, որ չնայած հակառակությանը, հալածանքին, զրկանքներին ու տառապանքին՝ նրանք շարունակում էին հաստատակամորեն կատարել Աստծու տված հանձնարարությունը՝ պահպանելով իրենց անկոտրում նվիրվածությունը նրա հանդեպ (Գրծ 5։27-41; 2Կթ 11։23-27)։
Բարձրյալին ուրախացնում են նրանք, ովքեր հոգևորապես հասուն են և մաքուր ու անարատ վարք ունեն (Առ 11։20)։ Ուստի անչափ կարևոր է, որ քրիստոնյաները անարատ լինեն և իրենց մեղադրելու հիմք չտան ուրիշներին (Փպ 2։15; 1Թղ 5։23)։