ԱՆԳԵ (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԳԻՐՔ)
Աստծու ներշնչմամբ գրված գրքերից, որը տեղ է գտել Եբրայերեն Գրվածքներում և դասվում է այսպես կոչված «փոքր մարգարեների» թվին։ Այն պարունակում է չորս ուղերձ, որ Եհովան հղել էր բաբելոնյան գերությունից վերադարձած հրեաներին՝ հորդորելով նրանց ավարտել Երուսաղեմի տաճարի վերակառուցումը։ Այն նաև մարգարեական գիրք է։ Նրանում, օրինակ, մարգարեացվել է, որ Եհովայի տունը փառքով է լցվելու, և մարդկային թագավորությունները տապալվելու են (Անգ 2։6, 7, 21, 22)։
Գրողը և կանոնականությունը։ Գիրքը գրել է Անգե մարգարեն, ով անձամբ է հաղորդել դրանում տեղ գտած յուրաքանչյուր ուղերձ (Անգ 1։1; 2։1, 10, 20; տես ԱՆԳԵ)։ Թեև աստվածաշնչյան գրքերի հին ցուցակներից շատերում «Անգե» գիրքը չի հանդիպում, ըստ ամենայնի այն ընդգրկված է եղել դրանցում նշված «տասներկու փոքր մարգարեների» մեջ, այլապես այդ գրքերը 12-ը չէին լինի։ Հրեաները երբեք կասկածի չեն ենթարկել այն փաստը, որ «Անգե» գիրքը Եբրայերեն Գրվածքների մաս է կազմում։ Այդ գրքի կանոնականությունը անառարկելիորեն հաստատվում է նրանով, որ Եբրայեցիներ 12։26-ում մեջբերվում է Անգե 2։6-ը (հմմտ. Անգ 2։21)։
Ոճը։ «Անգե» գիրքը գրված է պարզ լեզվով, և ասելիքը միանգամայն հստակ է։ Այնտեղ երբեմն մտածելու տեղիք տվող հարցեր են հանդիպում (Անգ 1։4, 9; 2։3, 12, 13, 15)։ Գրքում կան կշտամբանք, քաջալերանք և հույս ներշնչող մարգարեություններ։ Աստծու անունը՝ Եհովա, գրքի 38 համարներում հանդիպում է 35 անգամ, ինչից հստակ երևում է, որ այնտեղ գրված ուղերձները Աստված էր փոխանցել իր պատգամաբեր Անգեի միջոցով (1։13)։
Գրվելու ժամանակը և հանգամանքները։ Անգեն իր արձանագրած չորս ուղերձները հաղորդել է Երուսաղեմում մոտ չորս ամսվա ընթացքում։ Դա պարսից Դարեհ Վշտասպի իշխանության երկրորդ տարին էր (մ.թ.ա. 520 թ.)։ Գրքի գրությունն ակներևաբար ավարտվել է նույն տարում՝ մ.թ.ա. 520 թ.-ին (Անգ 1։1; 2։1, 10, 20)։ Այդ նույն ժամանակահատվածում նույն նպատակով մարգարեանում էր նաև Զաքարիան (Եզր 5։1, 2; 6։14)։
Հարատև օգուտներ բերող ուղերձներ։ Ի թիվս այլ բաների՝ «Անգե» գիրքը օգնում է Եհովայի հանդեպ ամուր հավատ ունենալ, ինչը կենսական է Աստծու ծառաների համար։ Գիրքը ցույց է տալիս, որ Աստված իր ժողովրդի հետ է (Անգ 1։13; 2։4, 5), նաև հորդորում է Նրա շահերը կյանքում առաջնային դարձնել (Անգ 1։2-8; Մթ 6։33)։ Այնտեղից պարզ է դառնում, որ Եհովային հաճելի չէ ձևական պաշտամունքը (Անգ 2։10-17; հմմտ. Ես 29։13, 14; Մթ 15։7-9), և որ հավատից բխող գործերը, որոնք ներդաշնակ են Աստծու կամքին, օրհնություն են բերում (Անգ 2։18, 19; հմմտ. Առ 10։22)։ Աստվածաշնչյան «Եբրայեցիներ» գիրքը գրողը բացատրում է, որ Անգե 2։6-ում գրվածը ավելի մեծ կատարում ունի՝ մատնանշելով դրա կապը Աստծու թագավորության հետ, որի Ղեկավարը Հիսուս Քրիստոսն է (Եբ 12։26-29)։
[շրջանակ]
«ԱՆԳԵ» ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Չորս ուղերձների նպատակն էր մղել հրեաներին վերսկսելու Եհովայի տաճարի շինարարական աշխատանքները
Գրվել է Երուսաղեմում հրեաների՝ գերությունից վերադառնալուց 17 տարի անց, երբ տաճարի շինարարությունը դեռ չէր ավարտվել
Ուղերձ՝ այն մարդկանց, ովքեր ապրում են բնափայտով հարդարված տներում, այն դեպքում, երբ Եհովայի տունը ավերակ է (1։1-15)
Դիմելով նրանց, ովքեր կարծում են, թե ժամանակը չէ կառուցելու տաճարը՝ Եհովան հստակ ասում է, որ իր գործի հանդեպ արհամարհական վերաբերմունքի պատճառով նրանք զրկվել են իր օրհնությունից. հողը քիչ բերք է տալիս, իսկ վարձու աշխատողները չնչին աշխատավարձ են ստանում
Զորաբաբելը, Հեսուն և ողջ ժողովուրդը ականջ են դնում Եհովայի ձայնին։ Եհովան խոստանում է, որ նրանց հետ կլինի տաճարի վերակառուցման աշխատանքների ժամանակ։ Շինարարությունը սկսվում է
Եհովան ազդարարում է, որ իր տունը փառքով կլցնի (2։1-9)
Սողոմոնի տաճարի փառքը տեսած տարեցների աչքին նոր շինությունը անշուք է թվում
Եհովան հորդորում է Զորաբաբելին, Հեսուին և ողջ ժողովրդին ուժեղ լինել, չհուսահատվել, շարունակել աշխատանքը և հավաստիացնում է, որ վերակառուցված տաճարի փառքը ավելի մեծ կլինի, քան նախորդինը
Ժողովրդին ասվում է, որ տաճարի վերակառուցման աշխատանքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով նրանք և նրանց բոլոր գործերը անմաքուր են դարձել Աստծու աչքին (2։10-19)
Քահանաներին հարցեր են ուղղվում։ Նրանց պատասխաններից երևում է, որ սրբությունը չի կարող փոխանցվել որևէ մեկին, իսկ անմաքրությունը կարող է
Եհովան քաջալերում է ժողովրդին՝ հավաստիացնելով, որ այն օրվանից, երբ գցվի տաճարի հիմքը, նա օրհնություն կբերի, և բերքն այլևս քիչ չի լինի
Ուղերձ՝ Զորաբաբելին այն մասին, որ Եհովան ցնցելու է երկինքն ու երկիրը (2։20-23)
Երբ Եհովան ցնցի երկինքն ու երկիրը և տապալի թագավորությունների գահը, թշնամիներն իրենց զենքերը իրար դեմ կուղղեն։ Այդպիսով ոչ մի ուժ չի կարողանա խոչընդոտել տաճարի վերակառուցմանը
Եհովան Զորաբաբելին իր կնքամատանին կդարձնի։ Դա երաշխիք կլինի, որ ինչ էլ պատահի, նա չի կորցնի իր դիրքը