ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Բուռն, անհագ ցանկություն։ Եբրայերեն խամադ և հունարեն էպիթիմեո բայերը նշանակում են «ուզենալ», «ցանկանալ» (Մք 2։2; Մթ 13։17)։ Ըստ համատեքստի՝ այս բառերը կարող են արտահայտել սխալ, եսասիրական ցանկության իմաստ (Ելք 20։17; Հռ 7։7)։ Հունարեն պլեոնեքսիա բառը բառացի նշանակում է «ավելին ունենալու ցանկություն» և Աստվածաշնչում թարգմանվել է «ագահություն» (Եփ 5։3; Կղ 3։5; 2Պտ 2։3)։
Ագահությունը կարող է դրսևորվել տարբեր կերպերով՝ փողասիրություն, իշխանություն կամ շահ ստանալու ցանկություն, ուտելու, խմելու, սեռական ցանկությունները բավարարելու կամ նյութական բաներ ունենալու անհագ փափագ։ Աստվածաշունչը քրիստոնյաներին զգուշացնում է, որ թույլ չտան՝ իրենց մեջ զարգանա այդ արատավոր հատկանիշը, և պատվիրում է որևէ շփում չունենալ այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն ագահ է (1Կթ 5։9-11)։ Ագահները հիշատակվում են անբարոյականների, կռապաշտների, կողակցին դավաճանողների, համասեռամոլների, գողերի, հարբեցողների, չարախոսների ու շորթողների հետ։ Եվ իսկապես, ագահները սովորաբար գործում են այն մեղքերից մի քանիսը, ինչ վերոնշյալ մարդիկ։ Եթե մարդը չձերբազատվի ագահությունից, նա չի ժառանգի Աստծու թագավորությունը (1Կթ 6։9, 10)։
Պողոս առաքյալը, դատապարտելով հիմար խոսակցություններն ու լկտի կատակները, ասաց. «Թող անբարոյականություն, ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ»։ Նրա խոսքերից երևում է, որ նման բաները ոչ միայն անընդունելի են քրիստոնյաների համար, այլև չպետք է հիշատակվեն նրանց զրույցներում՝ մարմնական ցանկությունները գոհացնելու նպատակով (Եփ 5։3; հմմտ. Փպ 4։8)։
Երևում է գործերից։ Ագահությունը վաղ թե ուշ դրսևորվում է ինչ-որ արարքով, որը բացահայտում է մարդու սրտում եղած բուռն, սխալ ցանկությունը։ Աստվածաշունչը գրի առնողներից մեկը՝ Հակոբոսը, նշել է, որ սխալ ցանկությունը հղիանալով մեղք է ծնում (Հկ 1։14, 15)։ Ուստի ագահ մարդու էությունը բացահայտվում է նրա արարքներով։ Պողոս առաքյալն ասել է, որ ագահ մարդը, ըստ էության, կռապաշտ է (Եփ 5։5)։ Ագահորեն մի բան ցանկանալով՝ անհատը իր բաղձանքի առարկան իր աստվածն է դարձնում՝ այն ավելի բարձր դասելով Արարչին ծառայելուց ու պաշտելուց (Հռ 1։24, 25)։
Հեռացնում է Աստծուց։ Քրիստոնյաները դուրս են եկել ամեն տեսակ անմաքրությամբ ողողված աշխարհից։ Պողոսը նշեց, որ այս աշխարհի մարդիկ ոչ թե ուղղակի անմաքուր գործեր են անում, այլ ագահաբար են անում դրանք։ Նման մարդիկ «հեռու են այն կյանքից, որ Աստված է առաջարկում»։ Մինչդեռ քրիստոնյաները, հասկանալով, որ իրենց Օրինակը՝ Քրիստոսը, զերծ էր նման արարքներից, գիտակցում են, որ պետք է հիմնովին փոխեն իրենց մտածելակերպը ու հագնեն նոր անձնավորությունը (Եփ 4։17-24; Հռ 12։2)։ Միևնույն ժամանակ նրանք ստիպված են ապրել այս աշխարհի ագահ մարդկանց մեջ, ուստի պետք է զգոն մնան, որպեսզի չկորցնեն իրենց մաքրությունը և լինեն լուսատուներ, որ շողում են այս աշխարհում (1Կթ 5։9, 10; Փպ 2։14, 15)։
Ծառայող օգնական լինելու պահանջներից մեկը շահամոլ չլինելն է, ինչը ագահության դրսևորում է (1Տմ 3։8)։ Քանի որ այդ տղամարդիկ ժողովի համար պետք է օրինակ լինեն, այս սկզբունքը կիրառելի է բոլոր քրիստոնյաների համար (1Պտ 5։2, 3)։ Դա են փաստում Պողոսի խոսքերն այն մասին, որ ագահները չեն ժառանգի Աստծու թագավորությունը (Եփ 5։5)։
Հիսուս Քրիստոսն ասաց, որ ագահությունը պղծում է մարդուն (Մկ 7։20-23)։ Նա հորդորեց զգուշանալ «ագահության ամեն դրսևորումից» և առակ պատմեց մի ագահ, հարուստ մարդու մասին, որի կյանքը տխուր ավարտ ունեցավ. նա այդպես էլ հարուստ չդարձավ «Աստծու աչքին» և մահից հետո ո՛չ կարող էր օգտվել իր կուտակած հարստությունից, ո՛չ էլ տնօրինել այն (Ղկ 12։15-21)։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաների «կյանքը պահված է Քրիստոսի մոտ», ուստի նրանք պետք է սպանեն իրենց հողեղեն մարմնի անդամները, որոնք դրդում են վատ բաների՝ ագահության, վնասակար ցանկությունների և ամեն տեսակ անմաքրության (Կղ 3։3, 5)։