Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Բամբասանք, զրպարտություն»
  • Բամբասանք, զրպարտություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բամբասանք, զրպարտություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս կարող եմ վերջ դնել բամբասանքին
    2007 Արթնացե՛ք
  • Ի՞նչ վատ բան կա բամբասելու մեջ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Աստվածաշնչի ըմբռնում
it «Բամբասանք, զրպարտություն»

ԲԱՄԲԱՍԱՆՔ, ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Բամբասանքը, կամ՝ ասեկոսեն դատարկ զրույց է, անստույգ տեղեկության տարածում։ Իսկ զրպարտությունը ինչ-որ մեկին վարկաբեկելու նպատակով նրա մասին չարամտորեն կեղծ տեղեկություն տարածելն է։

Ուրիշների մասին զրուցելը միշտ չէ, որ վատ է կամ վնասակար։ Իրենց զրույցներում մարդիկ գուցե գովեն ուրիշներին կամ հետաքրքրասիրությունից դրդված՝ նրանց մասին անվնաս ու անմեղ տեղեկություններ քննարկեն։ Սակայն նման զրույցները հեշտությամբ կարող են բացասական երանգ ստանալ՝ վերածվելով բամբասանքի, որը վնասաբեր է։ Աստվածաշունչը դատապարտում է դատարկ զրույցները և նշում, որ լեզուն դժվար է սանձահարել։ Այն «մեր մարմնի անդամների մեջ անարդարության մի աշխարհ է, քանի որ ապականում է ամբողջ մարմինը և այրում է մարդու կյանքը»։ Լեզվի կործանարար ազդեցությունն ընդգծելու համար անգամ ասվում է, որ այն «բռնկվում է գեհենից» (Հկ 3։6)։ Սուրբ Գրքում բազմիցս նշվում է, թե որքան վտանգավոր է դատարկ, անբովանդակալից խոսքը։ Այն վկայում է մարդու անմտության ու հիմարության մասին (Առ 15։2)։ Այդպիսի խոսքը որոգայթ է և կարող է կործանել մարդուն (Առ 13։3; 18։7)։ Առակագիրը զգուշացնում է, որ «շատախոս մարդը չի խուսափի մեղքից», և խորհուրդ է տալիս խոհեմությամբ վարվել ու հսկել շուրթերը (Առ 10։19)։ Նա նաև հորդորում է հեռու մնալ անմտածված, անբովանդակ և դատարկ զրույցներից՝ ասելով. «Նա, ով զսպում է իր լեզուն ու բերանը, իրեն հեռու է պահում խնդիրներից» (Առ 21։23)։

Հիսուս Քրիստոսն ասաց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը» (Մթ 12։34)։ Ուստի այն, ինչի մասին մարդը հաճախ խոսում է, ցույց է տալիս, թե ինչ կա նրա սրտում։ Աստվածաշունչը հորդորում է պահպանել սիրտը և մտածել ու խոսել «այն մասին, ինչը որ ճիշտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ ներդաշնակ է Աստծու արդար չափանիշներին, ինչը որ մաքուր է, ինչը որ մղում է սիրելու, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ վեհ է, և ինչը որ գովելի է» (Առ 4։23; Փպ 4։8)։ Հիսուսն ասաց, որ «մարդուն պղծում է.... այն, ինչ դուրս է գալիս նրա բերանից», այդ թվում՝ «մեղավոր մտքերը» և «սուտ վկայությունը»։ Նա նշեց, որ թեև այդ ամենը դուրս է գալիս բերանից, բայց բխում է սրտից (Մթ 15։11, 19)։

Բամբասանքը կարող է վերածվել զրպարտության և աղետալի հետևանքներ ունենալ զրպարտողի համար։ Ժողովող 10։12-14-ում հետևյալ իմաստուն խոսքերն են գրված. «Հիմարի շուրթերը կործանում են նրան։ Նրա առաջին բառերը հիմարություն են, վերջիններն էլ՝ անմտություն, որը կործանման է տանում։ Բայց հիմարը շարունակում է խոսել»։

Բամբասելով՝ մարդը տեղեկություններ է հայտնում ուրիշի անձնական կյանքի ու գործերի մասին։ Ընդ որում՝ դրանք կարող են լինել անհիմն շշուկներ և անգամ սուտ լուրեր։ Թեև բամբասողը գուցե չիմանա, որ իր տարածած տեղեկությունները հեռու են ճշմարտությունից, այդուհանդերձ, նա պատասխանատվություն է կրում այդ ասեկոսեները տարածելու համար։ Նա գուցե խոսի ուրիշի սխալների և թերությունների մասին։ Բայց անգամ եթե նրա ասածները ճիշտ են, դա չի արդարացնում նրան և վկայում է սիրո պակասի մասին։ Առակներից մեկն ասում է. «Ով ներում է մեղքը, հետամուտ է լինում սիրո, իսկ ով շարունակ խոսում է դրա մասին, բաժանում է մտերիմ ընկերներին» (Առ 17։9)։

Պողոս առաքյալը հորդորեց Տիմոթեոսին, ով վերակացու էր, լուրջ ուշադրություն դարձնել երիտասարդ այրի կանանց վարքին, ովքեր ո՛չ ընտանիքին հոգ տանելու պարտականություն ունեին, ո՛չ էլ ծառայում էին ուրիշներին։ Նա ասաց. «Նրանք պարապության են սովորում՝ տնից տուն շրջելով, այո՛, ոչ միայն պարապ են մնում, այլև բամբասում են և ուրիշների գործերին խառնվում՝ խոսելով բաներ, որ չպետք է խոսեն» (1Տմ 5։13)։ Դա խիստ դատապարտելի և կարգազանց վարք էր։ Թեսաղոնիկեցիներին գրած նամակում Պողոսը խոսեց որոշ քրիստոնյաների մասին, ովքեր «կարգազանց էին, ընդհանրապես չէին աշխատում և խառնվում էին իրենց չվերաբերող գործերին» (2Թղ 3։11)։ Իսկ Պետրոս առաքյալը «ուրիշների գործերին խառնվող» մարդկանց դասեց մարդասպանների, գողերի ու չարագործների շարքում (1Պտ 4։15)։

Մյուս կողմից՝ սխալ չէ ժողովի վրա բացասաբար անդրադարձող հանգամանքների մասին տեղեկացնել վերակացուներին, ովքեր իրավասություն և պատասխանատվություն ունեն համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Դա չի համարվում բամբասանք կամ զրպարտություն, ինչպես երևում է հին Կորնթոսի քրիստոնեական ժողովի մասին աստվածաշնչյան արձանագրությունից։ Տարաձայնությունների և մարդկանց անհարկի պատիվ տալու պատճառով ժողովը պառակտվել էր, և դրա միասնությունը խաթարվել էր։ Ոմն Քլոյեի տնեցիները, տեղյակ լինելով ստեղծված իրավիճակից և մտահոգվելով ժողովի հոգևոր բարօրությամբ, Պողոս առաքյալին տեղեկացրին այդ ամենի մասին։ Առաքյալը, ով այդ ժամանակ Եփեսոսում էր, արագ արձագանքեց և խրատական նամակ գրեց ժողովին (1Կթ 1։11)։

Ո՞րն է բամբասանքի ու զրպարտության տարբերությունը

Բամբասանքը որոշ դեպքերում գուցե անվնաս լինի (թեև կարող է վերածվել կամ հանգեցնել զրպարտության), մինչդեռ զրպարտությունը միշտ էլ վնաս է պատճառում, ցավեցնում ու բաժանումներ առաջացնում։ Անկախ նրանից՝ զրպարտողը չար միտումներ ունի, թե ոչ՝ նա արժանանում է Աստծու դատապարտությանը, չէ՞ որ «եղբայրների մեջ վեճ գցողը» գարշելի է նրա համար (Առ 6։16-19)։ Հունարեն դիաբոլոս բառը նշանակում է «զրպարտիչ», «մեղադրող»։ Աստվածաշնչում դիաբոլոս բառը կիրառվում է նաև Աստծու մեծագույն զրպարտչի՝ Սատանայի առնչությամբ և թարգմանվում է «Բանսարկու» (Հվ 8։44; Հտն 12։9, 10; Ծն 3։2-5)։ Դա ցույց է տալիս, թե իրականում ով է կանգնած զրպարտության հետևում։

Զրպարտությունը գայթակղության քար է ուրիշների, հատկապես այն մարդու համար, ով դրա զոհն է դարձել։ Իսրայելին տրված Աստծու օրենքում ասվում էր. «Ժողովրդի մեջ զրպարտություն տարածելով ման չգաք։ Ձեր դրացու կյանքի դեմ ոտնձգություն չանեք» (Ղև 19։16)։ Այս խոսքերն ընդգծում են, թե որքան վտանգավոր էր զրպարտությունը. նա, ում հասցեին կեղծ մեղադրանքներ էին հնչում, կարող էր մահապատժի ենթարկվել։ Քիչ չէին այն դեպքերը, երբ կեղծ վկայությունը անմեղ մարդկանց մահվան պատճառ էր դարձել (1Թգ 21։8-13; Մթ 26։59, 60)։

Զրպարտողը հաճույք է ստանում՝ գաղտնի տեղեկություն հայտնելով նրանց, ովքեր իրավասու չեն դա իմանալու (Առ 11։13)։ Նրան դուր է գալիս ցնցող լուրեր տարածելը։ Զրպարտողին լսողը նույնպես սխալ է վարվում և վնասում է ինքն իրեն (Առ 20։19; 26։22)։ Վարկաբեկիչ խոսքերին ականջ դնողը հնարավոր է՝ բացասաբար տրամադրվի իր ընկերների դեմ, ինչի հետևանքով գուցե բաժանումներ, թշնամանք ու վեճեր առաջանան (Առ 16։28)։

Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ «վերջին օրերում» շատ մարդիկ լինելու էին զրպարտող (2Տմ 3։1-3)։ Եթե Աստծու ժողովրդի մեջ զրպարտող է հայտնվում (տղամարդ, թե կին), ժողովում պատասխանատվություն ունեցող եղբայրները պետք է ուղղեն ու խրատեն նրան (1Տմ 3։11; Տիտ 2։1-5; 3Հվ 9, 10)։ Վեճեր հրահրելով՝ զրպարտությունը առաջ է բերում «մարմնական ցանկություններից բխող գործեր» (օրինակ՝ ատելություն, անհաշտություն, պառակտումներ), որոնց պատճառով թե՛ զրպարտողը, թե՛ նրա դրդմամբ մեղք գործողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի (Առ 16։28; Գղ 5։19-21)։ Թեև զրպարտողը դիմում է խորամանկության ու խաբեության, նրա չարությունը կբացահայտվի բոլորի առաջ (Առ 26։20-26)։ Հիսուսն իր առաքյալների ներկայությամբ քողազերծեց զրպարտիչ Հուդային (Հվ 6։70), իսկ հետո նրան ասաց, որ հեռանա։ Դեպքերի հետագա զարգացումը հանգեցրեց Հուդայի կործանմանը (Մթ 26։20-25; Հվ 13։21-27; 17։12)։

Զրպարտության տեսակներից է չարախոսությունը։ Ուրիշին չարախոսողը հեռացվում է ժողովից, քանի որ Աստվածաշունչը դատապարտում է այդպիսի մարդուն և ասում, որ նա արժանի չէ ապրելու (1Կթ 5։11; 6։9, 10)։ Զրպարտությունն ու չարախոսությունը հաճախ ուղեկցվում են Աստծու և այն մարդկանց դեմ ըմբոստությամբ, ում նա նշանակել է որպես ժողովի վերակացուներ։ Դրա վառ օրինակն են Կորխն ու իր համախոհները, ովքեր ըմբոստանալով Աստծու սահմանած կարգի դեմ՝ զրպարտչական խոսքեր ասացին Մովսեսի ու Ահարոնի հասցեին (Թվ 16։1-3, 12-14)։ Իր նամակում անդրադառնալով այս ըմբոստներին ու նրանց վախճանին՝ Հուդան քրիստոնյաներին զգուշացրեց, որ հեռու մնան անարգանքով խոսելուց, տրտնջալուց, դժգոհելուց և «մեծ-մեծ խոսելով՝ գլուխ գովալուց» (Հդ 10, 11, 14-16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը