ԱՐԴԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Եբրայերեն ցադեկ բայը (կապ ունի ցեդեկ բառի հետ, որը նշանակում է «արդարություն») երբեմն թարգմանվում է «արդար հայտարարել» (Ելք 23։7; Ես 50։8)։ Աստվածաշնչյան այս արտահայտությունը թարգմանվել է նաև «արդարացնել», «արդար երևալ», իսկ դրա գոյականական ձևերը թարգմանվել են «արդարացնողը» բառով։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում, որտեղ լիարժեք լուսաբանվում է այդ գաղափարը, բնագրային բառերը (դիկայոո [բայ], դիկայոմա և դիկայոսիս [գոյականներ]) հիմնականում հաղորդում են մեղադրանքը հանելու, անհատին անմեղ ճանաչելու, հետևաբար նրան արդարացնելու, կամ՝ արդար հայտարարելու և համապատասխանաբար վերաբերվելու միտք (տես W. Bauer’s Greek-English Lexicon of the New Testament (վեր. հրատ. խմբ.՝ F. W. Gingrich, F. Danker), 1979, էջ 197, 198; նաև H. Liddell, R. Scott, A Greek-English Lexicon (վեր. հրատ. խմբ.՝ H. Jones), Oxford, 1968, էջ 429)։։
Պողոս առաքյալը ասաց, որ Աստված «ճիշտ [բռց.՝ «արդար», դիկայոո բառաձևերից] կլինի» իր խոսքերում և հաղթող դուրս կգա, երբ զրպարտողներն իր դեմ մեղադրանք ներկայացնեն (Հռ 3։4)։ Հիսուսը նշեց, որ «իմաստությունը փաստվում է [բռց.՝ «արդարացվում է»] գործերով», և որ Դատաստանի օրը հաշիվ տալիս մարդիկ իրենց ասածների համար «կա՛մ արդար կհայտարարվեն [դիկայոո բառաձևերից], կա՛մ կդատապարտվեն» (Մթ 11։19; 12։36, 37)։ Նա ասաց, որ խոնարհ հարկահավաքը, որը տաճարում աղոթելիս զղջում արտահայտեց, «տաճարից հեռացավ Աստծու աչքին ավելի արդար», քան պարծենկոտ փարիսեցին, որը նույնպես այդ ժամանակ այնտեղ աղոթում էր (Ղկ 18։9-14; 16։15, ԱՆԹ)։ Պողոս առաքյալը բացատրեց, որ նա, ով մահանում է, «ազատվում է [դիկայոո բառաձևերից] մեղքից», քանի որ մահն արդեն իսկ պատիժ է նրա համար (Հռ 6։7, 23)։
Այդ իմաստներից բացի՝ աստվածաշնչյան որոշ համատեքստերում վերոնշյալ հունարեն բառերը հատուկ իմաստ ունեն՝ վերաբերում են Աստծու կողմից ինչ-որ մեկի անմեղ համարվելուն (Գրծ 13։38, 39; Հռ 8։33) կամ նրա կողմից լիովին անարատ և ապրելու արժանի հայտարարվելուն, ինչի մասին կխոսվի հաջորդիվ։
Նախաքրիստոնեական ժամանակներում։ Ադամը սկզբում կատարյալ, արդար մարդ էր, նա Աստծու որդի էր (Ղկ 3։38)։ Նա արդար էր, քանի որ Աստված էր ստեղծել նրան և հետո ասել. «Շատ լավ է» (Ծն 1։31)։ Սակայն Ադամը անարատ չմնաց, ուստի ո՛չ նա և ո՛չ նրա ապագա սերունդները չէին կարող արդար համարվել Աստծու աչքում (Ծն 3։17-19; Հռ 5։12)։
Այդուհանդերձ, Ադամի սերունդների մեջ եղել են հավատի տեր մարդիկ, ովքեր «քայլել են ճշմարիտ Աստծու հետ»։ Նրանցից են Նոյը, Ենոքը և Հոբը (Ծն 5։22; 6։9; 7։1; Հոբ 1։1, 8; 2։3)։ Աբրահամի մասին ասվում է, որ նա հավատաց Եհովա Աստծուն և «արդար հայտարարվեց»։ Ռախաբի մասին, որը բնակվում էր Երիքովում, գրված է, որ նա իր հավատը գործերով դրսևորեց և դրա համար «արդար հայտարարվեց»՝ ողջ մնաց Երիքով քաղաքի կործանման ժամանակ (Հկ 2։21-23, 25)։ Ուշագրավ է, որ թե՛ Հակոբոսի նամակում և թե՛ հռոմեացիներին Պողոսի գրած նամակում (Հռ 4։3-5, 9-11), որոնցում մեջբերված է Ծննդոց 15։6-ը, ասվում է, որ Աբրահամը իր հավատի շնորհիվ «արդար համարվեց»։ Այս արտահայտությունը հասկանալու համար հարկավոր է քննել այդ համարներում գործածված հունարեն լոգիզոմայ («համարել») բայի նշանակությունը։
Ինչ իմաստով են արդար «համարվել»։ Հին ժամանակներում հունարեն լոգիզոմայ բայը հաճախ գործածվում էր մաթեմատիկան հաշվարկների կամ թվաբանական գործողությունների, օրինակ՝ հաշվապահական հաշվառման առնչությամբ, և կիրառվում էր թե՛ ելքերի, թե՛ մուտքերի պարագայում։ Աստվածաշնչում այդ բառը գործածվել է «վերագրել», «ընդունել որպես», «համարել», «հաշվել», «հաշվառել», «հաշվի առնել» իմաստներով։ Օրինակ՝ 1 Կորնթացիներ 13։5-ում ասվում է, որ սերը «վիրավորանքները չի հաշվում [լոգիզոմայ բառաձևերից]» (հմմտ. 2Տմ 4։16)։ Հռոմեացիներ 4։8-ում մեջբերված են սաղմոսերգու Դավթի խոսքերը, ով ասաց. «Երջանիկ է այն մարդը, ում մեղքը Եհովան բնավ չի պահի իր մտքում [բռց.՝ «հաշվի չի առնի»]»։ Իսկ Պողոսը բացատրեց, որ այն մարդիկ, ովքեր արտաքին բաներով էին դատում, պետք է ճիշտ գնահատեին իրավիճակը, այսպես ասած՝ հաշվառման մատյան վարեին (2Կթ 10։2, 7, 10-12)։ Միևնույն ժամանակ առաքյալը մի մտահոգություն ուներ՝ չէր ուզում, որ «որևէ մեկը ավելի բարձր համարում ունենար [լոգիզոմայ բառաձևերից] իր [Պողոսի] մասին», այսինքն՝ ավելի շատ բան չվերագրեր իրեն, քան ինքն իրականում անում էր ծառայության մեջ (2Կթ 12։6, 7, ԱՆԹ)։
Լոգիզոմայ բառը կարող է նաև նշանակել «գնահատել որպես», «դիտել որպես», «համարել», «հաշվել» կամ «դասել (խմբին, կարգին կամ տեսակին)» (1Կթ 4։1)։ Օրինակ՝ Հիսուսն ասաց, որ «անօրենների հետ էր դասվելու [լոգիզոմայ բառաձևերից]», այսինքն՝ համարվելու էր նրանցից մեկը (Ղկ 22։37)։ Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոսն ասաց, որ եթե անթլփատ մարդը պահի Օրենքը, ապա «թեև անթլփատ է, թլփատված կհամարվի», այսինքն՝ նրա անթլփատությունը կգնահատվի կամ կդիտվի որպես թլփատություն (Հռ 2։26)։ Նա նույն իմաստով կիրառեց այդ բայը, երբ քրիստոնյաներին հորդորեց. «Համարեք, որ մեռած եք մեղք գործելու հարցում և պետք է ապրեք Աստծու կամքն անելու համար որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ» (Հռ 6։11)։ Իսկ այլազգի օծյալ քրիստոնյաները, որոնք բառացիորեն Աբրահամի սերունդը չէին, նրա «սերունդն էին համարվում» (Հռ 9։8)։
Ինչպե՞ս կարող էր Աբրահամը արդար հայտարարվել նախքան Քրիստոսի մահանալը
Աբրահամը գործերով դրսևորած իր հավատի համար «արդար համարվեց [դիտվեց]» (Հռ 4։20-22)։ Ինչ խոսք, դա չի նշանակում, որ նա և նախաքրիստոնեական ժամանակներում ապրած մյուս հավատարիմ մարդիկ կատարյալ էին՝ զերծ մեղքից։ Սակայն քանի որ նրանք հավատում էին «սերնդի» վերաբերյալ Աստծու խոստմանը և ձգտում էին պահել նրա պատվիրանները, անարդար չհամարվեցին, ինչպես մնացած մարդիկ, որոնք չունեին Աստծու հավանությունը (Ծն 3։15; Սղ 119։2, 3)։ Եհովայի աչքում նրանք անմեղ էին իրենից օտարացած մարդկանց համեմատ։ Ուստի սիրուց մղված՝ նա արդար համարեց նրանց (Սղ 32։1, 2; Եփ 2։12)։ Քանի որ այդ անկատար մարդիկ հավատ էին դրսևորում, Աստված կարող էր փոխհարաբերություններ ունենալ նրանց հետ և օրհնել նրանց՝ միևնույն ժամանակ չուրանալով արդարության իր կատարյալ չափանիշները (Սղ 36։10)։ Այդուհանդերձ, այդ մարդիկ գիտակցում էին, որ կարիք ունեն ազատվելու ժառանգած մեղքից, և սպասում էին, որ Աստված նշանակված ժամանակ փրկագնի իրենց (Սղ 49։7-9; Եբ 9։26)։
Քրիստոս Հիսուսի «մեկ արդարացնող արարքը»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսը կատարյալ մարմին ուներ (1Պտ 1։18, 19) և չկորցրեց իր կատարելությունը, քանի որ փորձությունների ներքո նվիրված մնաց Աստծուն և ամրացրեց անարատ մնալու իր վճռականությունը։ Դա ներդաշնակ էր Աստծու նպատակին, այն է՝ «չարչարանքների միջոցով կատարելագործել գլխավոր Առաջնորդին»՝ մարդկանց փրկության միջոցին (Եբ 2։10)։ Ինչպես նշվում է Եբրայեցիներ 5։7-10-ում, Հիսուսի հնազանդությունն ու անարատությունը կատարելագործվեցին, ինչի շնորհիվ նա ինքը կատարելագործվեց, որ կարողանա ստանձնել Աստծու կողմից նշանակված Քահանայապետի ու Փրկչի դերը։ Քանի որ Հիսուսն իր երկրային կյանքն ավարտեց՝ զերծ մնալով որևէ արատից, Աստված նրան արդար ճանաչեց։ Այսպիսով՝ նա միակ մարդն էր, ով, անցնելով փորձությունների միջով, սեփական արժանիքների շնորհիվ միանգամայն արդար համարվեց Աստծու աչքում։ Հիսուսի «մեկ արդարացնող [դիկայոմա բառաձևերից] արարքը», այսինքն՝ այն, որ նա իր ողջ կյանքի ընթացքում, անգամ մինչև իր զոհաբերական մահը կատարելապես արդար և անարատ մնաց, հիմք տվեց, որ իրեն հավատացողները նույնպես արդար հայտարարվեն (Հռ 5։17-19; 3։25, 26; 4։25)։
Քրիստոնեական ժողովում։ Երբ Աստծու Որդին եկավ երկիր և կատարեց իր դերը որպես խոստացյալ Փրկագնող, դա նոր հիմք ստեղծեց Աստծու համար, որ հարաբերություններ կառուցի իր երկրային ծառաների հետ։ Հիսուս Քրիստոսի հետևորդները, որոնք կանչվել են լինելու նրա հոգևոր եղբայրները և երկնային թագավորությունում նրա ժառանգակիցները (Հռ 8։17), առաջինն են, որ Աստծու կողմից արդար են հայտարարվում Հիսուսի հանդեպ իրենց ունեցած հավատի հիման վրա (Հռ 3։24, 28)։ Դա Եհովա Աստծու՝ Գերագույն Դատավորի կողմից արված իրավական քայլ է, ուստի ոչ ոք չի կարող «մեղադրանք ներկայացնել» նրա ընտրյալների դեմ (Հռ 8։33, 34)։ Ինչո՞ւ է Աստված նման քայլ ձեռնարկել։
Եհովան կատարյալ և սուրբ է (Ես 6։3), հետևաբար նրանք, ում նա ընդունում է որպես իր որդիներ, պետք է կատարյալ լինեն (2Օր 32։4, 5)։ Հիսուս Քրիստոսը՝ Աստծու միածին Որդին, փաստեց, որ կատարյալ է, «նվիրված, չարությունից զերծ, անպիղծ, մեղքով չարատավորված» (Եբ 7։26)։ Նրա հետևորդները, սակայն, ընտրվում են Ադամի որդիներից, իսկ Ադամը, ով մեղք էր գործել, առաջ էր բերել անկատար, մեղավոր մարդկային ընտանիք (Հռ 5։12; 1Կթ 15։22)։ Այդ պատճառով, ինչպես երևում է Հովհաննես 1։12, 13-ից, Հիսուսի հետևորդները ի սկզբանե Աստծու որդիներ չէին։ Սակայն Եհովա Աստված, դրսևորելով իր անզուգական բարությունը, «որդեգրման» գործընթաց սկսեց, ինչի շնորհիվ նա բարեհաճորեն ընդունում է այդ անհատներին որպես իր որդիներ, առանձնահատուկ հարաբերություններ է հաստատում նրանց հետ ու դարձնում իր ընտանիքի մի մասը (Հռ 8։15, 16; 1Հվ 3։1)։ Որպեսզի Աստված հիմք ունենա որդեգրելու Հիսուսի հետևորդներին, նա արդար է հայտարարում վերջիններիս Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ նրանց հավատի հիման վրա և մեղքի պատճառով այլևս մեղավոր չի համարում (Հռ 5։1, 2, 8-11; հմմտ. Հվ 1։12)։ Այդպիսով Աստված բոլոր առումներով արդար է համարում նրանց, ներում է մեղքերը և հաշիվ չի պահանջում դրանց համար (Հռ 4։6-8; 8։1, 2; Եբ 10։12, 14)։
Փաստորեն, այդ քրիստոնյաների արդար հայտարարվելը ավելին է ներառում, քան Աբրահամի և նախաքրիստոնեական ժամանակներում ապրած Եհովայի մյուս ծառաների դեպքում էր։ Անդրադառնալով Աբրահամի արդար հայտարարվելուն Հակոբոս աշակերտը գրեց. «Կատարվեց սուրբ գրքերից մեկում գրվածը՝ «Աբրահամը հավատաց Եհովային և դրա համար արդար համարվեց», և նա Եհովայի ընկերը կոչվեց» (Հկ 2։20-23)։ Այսպիսով՝ իր հավատի շնորհիվ Աբրահամը արդար հայտարարվեց և դարձավ Աստծու ընկեր, ոչ թե Աստծու որդի, ով «դարձյալ ծնվում» է և ունի երկնային կյանքի հեռանկար (Հվ 3։3)։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նախքան Քրիստոսի գալը մարդիկ Աստծու կողմից որդեգրվելու և երկնային հույս ստանալու հնարավորություն չեն ունեցել (Հվ 1։12, 17, 18; 2Տմ 1։10; 1Պտ 1։3; 1Հվ 3։1)։
Ինչ խոսք, թեև այդ քրիստոնյաները Աստծու աչքում արդար են համարվում, սակայն ֆիզիկապես կատարյալ չեն (1Հվ 1։8; 2։1)։ Քանի որ Քրիստոսի այդ հետևորդները երկնային կյանքի հեռանկար ունեն, երկրի վրա եղած ժամանակ կատարյալ լինելու կարիք չունեն (1Կթ 15։42-44, 50; Եբ 3։1; 1Պտ 1։3, 4)։ Այդուհանդերձ, շնորհիվ այն բանի, որ որդեգրված քրիստոնյաները արդար են հայտարարվել, արդարության վերաբերյալ Աստծու պահանջները բավարարվում են, ուստի նա կարող է նրանց հետ «նոր ուխտ» կնքել, որը վավերացվում է Հիսուս Քրիստոսի արյունով (Ղկ 22։20; Մթ 26։28)։ Որդեգրված այս օծյալ որդիները՝ նոր ուխտի մեջ մտած հոգևոր Իսրայելի անդամները, «մկրտվում են Քրիստոսի մահվանը բաժնեկից լինելու համար», այսինքն՝ ի վերջո «մահանում են այնպիսի մահով, որով նա մահացավ» (Հռ 6։3-5; Փպ 3։10, 11)։
Թեև Եհովան ներում է այդ քրիստոնյաների գործած մեղքերը, որոնք թուլությունների և անկատարության հետևանք են, նրանք, միևնույն է, պայքար են մղում, ինչպես երևում է հռոմեացիներին Պողոսի գրած նամակից (Հռ 7։21-25)։ Այդ պայքարն ընթանում է նրանց հիմնովին փոխված մտածելակերպը ղեկավարող օրենքի (Հռ 12։2; Եփ 4։23), այսինքն՝ «Աստծու օրենքի», և «մեղքի օրենքի» միջև, որն իրենց մարմնում է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ թեև նրանք արդար են համարվում, և նրանց մեղքերը ներված են, բայց նրանց մարմինները անկատար են։ Այս ներքին պայքարում փորձվում է նրանց անարատությունը։ Հաղթելու համար այդ քրիստոնյաներն Աստծու ոգու և իրենց գթասիրտ Քահանայապետի՝ Քրիստոս Հիսուսի օգնության կարիքն ունեն (Հռ 7։25; Եբ 2։17, 18)։ Միևնույն ժամանակ նրանք պետք է շարունակ հավատ դրսևորեն Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ, հետևեն նրան և այդպիսով Աստծու աչքում արդար մնան (հմմտ. Հտն 22։11)։ Դա անելով՝ նրանք «արժանի կմնան իրենց կոչմանը՝ որպես կանչվածներ ու ընտրվածներ» (2Պտ 1։10; Հռ 5։1, 9; 8։23-34; Տիտ 3։6, 7)։ Սակայն եթե նրանք բռնեն մեղքի ուղին և ուրանան հավատը, կկորցնեն Աստծու բարեհաճությունը և այլևս արդար չեն համարվի նրա աչքում, որովհետև «սյանն են գամում Աստծու Որդուն և հրապարակորեն խայտառակում են նրան» (Եբ 6։4-8)։ Այդպիսի մարդկանց կործանում է սպասում (Եբ 10։26-31, 38, 39)։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց, որ որոշ մեղքեր «չեն ներվի», իսկ Հովհաննես առաքյալը նշեց, որ «կա մեղք, որ մահացու չէ», և «կա մեղք, որ մահացու է» (Մթ 12։31, 32; 1Հվ 5։16, 17)։
Հիսուս Քրիստոսը, մինչև մահ հավատարիմ մնալով, «կյանքի բերվեց որպես ոգի» և ստացավ անմահություն ու չքայքայվող մարմին (1Պտ 3։18; 1Կթ 15։42, 45; 1Տմ 6։16)։ Այդպիսով նա «արդար հայտարարվեց, երբ ոգեղեն մարմնով էր» (1Տմ 3։16; Հռ 1։2-4), ու երկնքում նստեց Աստծու աջ կողմում (Եբ 8։1; Փպ 2։9-11)։ Քրիստոսի հավատարիմ հետևորդները հույս ունեն նրա պես հարություն առնելու (Հռ 6։5) և «բաժնեկից լինելու աստվածային բնույթին» (2Պտ 1։4)։
Ուրիշ արդարներ։ Հիսուսը իր առակներից մեկում, որտեղ խոսում է իր թագավորական փառքով գալու մասին, գառնանման մարդկանց կոչում է «արդարներ» (Մթ 25։31-46)։ Սակայն ուշագրավ է, որ առակում նշված «արդարները» այն անհատները չեն, ում Քրիստոսը կոչում է «իմ.... եղբայրներ» (Մթ 25։34, 37, 40, 46; հմմտ. Եբ 2։10, 11)։ Քանի որ այդ գառնանման մարդիկ աջակցում են Քրիստոսի հոգևոր եղբայրներին և այդպիսով հավատ դրսևորում նրա հանդեպ, նրանք ստանում են Աստծու օրհնությունը և կոչվում «արդարներ»։ Նրանք Աբրահամի պես արդար են համարվում և կոչվում Աստծու ընկերներ (Հկ 2։23)։ Արդար համարվելու շնորհիվ գառնանման մարդիկ կփրկվեն, մինչդեռ այծանման մարդիկ «կարժանանան հավիտենական մահվան» (Մթ 25։46)։
Արդարների հետ կապված նմանատիպ միտք կարելի է գտնել Հայտնություն 7։3-17-ում։ Այնտեղ արձանագրված տեսիլքում խոսվում է երկու խմբի մասին՝ «մեծ բազմության», որի թիվը նշված չէ, և 144 000-ի, «որոնց վրա կնիք է դրված» (հմմտ. Եփ 1։13, 14; 2Կթ 5։1)։ «Մեծ բազմությունը» արդար է համարվում Աստծու աչքում, քանի որ նրա անդամները «իրենց զգեստները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով» (Հտն 7։14)։
Երբ «մեծ բազմությունը» վերապրի «մեծ նեղությունից», նրա անդամները դեռևս արդար չեն հայտարարվի, որ կյանք ստանան, այսինքն՝ երկրի վրա հավիտյան ապրելու իրավունք ունենան։ Գառը՝ Քրիստոս Հիսուսը, այդ մարդկանց «կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները», և հարկ կլինի, որ նրանք Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում խմեն այդ ջրից (Հտն 7։17; 22։1, 2)։ Եթե վերջնական փորձության ժամանակ, որը տեղի կունենա հազար տարվա ավարտին, այդ մարդիկ հավատարիմ մնան Եհովային, նրանց անուններն ընդմիշտ կպահպանվեն կյանքի գրքում։ Դա նշանակում է, որ Եհովան լիակատար իմաստով արդար կճանաչի նրանց (Հտն 20։7, 8; տես ԿՅԱՆՔ, «Կյանքի ծառեր»)։
Աստված արդար է իր բոլոր գործերում։ Հստակ է, որ անկատար մարդկանց հետ հարաբերություններում Աստված երբեք չի խախտում արդարության իր չափանիշները։ Նա մեղավոր մարդկանց արդար չի հայտարարում իրենց արժանիքների հիման վրա՝ այդպիսով թողտվությամբ վերաբերվելով նրանց մեղքերին կամ աչք փակելով դրանց վրա (Սղ 143։1, 2)։ Պողոս առաքյալը բացատրեց. «Բոլորն էլ մեղավոր են ու չեն կարողանում արտացոլել Աստծու վեհ հատկությունները։ Եվ այն, որ Քրիստոս Հիսուսի վճարած փրկագնի հիման վրա նրանք կարող են ազատվել մեղքից և արդար հայտարարվել, ձրի պարգև է, որ Աստված տվել է նրանց իր անզուգական բարությամբ։ Աստված Քրիստոսին տվել է որպես զոհ, որ մարդիկ կարողանան հաշտվել իր հետ՝ հավատ ընծայելով նրա արյանը։ Աստված դա արել է ցույց տալու համար, որ չի խախտել արդարության իր չափանիշները, երբ մեծահոգաբար ներել է անցյալում մեղք գործած մարդկանց, և որ հիմա էլ չի խախտում արդարության իր չափանիշները, երբ արդար է հայտարարում Հիսուսի հանդեպ հավատ ունեցողին» (Հռ 3։23-26)։ Այսպիսով՝ Աստված, անզուգական բարություն դրսևորելով, զոհեց Քրիստոսի կյանքը, ինչով էլ իրավական հիմք ստեղծեց, որ ների հավատ ունեցողների մեղքերը՝ չխախտելով արդարության իր չափանիշները։
Սեփական արդարությունը փաստելու փորձեր։ Քանի որ միայն Աստված կարող է մարդուն արդար հայտարարել, սեփական արժանիքների կամ ուրիշների կարծիքի հիման վրա արդարանալու ցանկացած փորձ զուր է։ Թեև Հոբը Աստծուն չմեղադրեց որևէ վատ բանում, սակայն նա խիստ խորհուրդ ստացավ, քանի որ «փորձում էր ապացուցել, թե ինքն է ճիշտ [բռց.՝ «արդար»], ոչ թե Աստված» (Հոբ 32։1, 2)։ Հիսուսը առակի միջոցով շտկեց Օրենքի գիտակ մի մարդու մտածելակերպը, ով նրան հարցրեց, թե ինչպես կարող է հավիտենական կյանք ստանալ, բայց հետո ուզեց ցույց տալ իր արդար լինելը (Ղկ 10։25-37)։ Հիսուսը նաև դատապարտեց փարիսեցիներին այն բանի համար, որ մարդկանց առաջ ցույց էին տալիս, իբր արդար են վարվում (Ղկ 16։15, ԱՆԹ)։ Պողոս առաքյալը հստակ ցույց տվեց, որ անկատար ու մեղավոր լինելու պատճառով ոչ մի մարդ չի կարող արդար հայտարարվել, նույնիսկ եթե փորձի հաստատել իր արդարությունը՝ կատարելով Մովսիսական օրենքի պահանջները (Հռ 3։19-24; Գղ 3։10-12)։ Նա ընդգծեց, որ մարդը կարող է արդար հայտարարվել միայն Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի հիման վրա (Հռ 10։3, 4)։ Իսկ Հակոբոսի նամակից երևում է, որ այդ հավատը կենդանի է համարվում, եթե փաստվում է ոչ թե Օրենքով պահանջվող, այլ հավատից բխող գործերով։ Հենց այդպիսի հավատ ունեին Աբրահամն ու Ռախաբը (Հկ 2։24, 26)։
Որոշ մարդիկ, ովքեր պնդում էին, թե առաքյալ են, անարդարացիորեն կասկածի էին ենթարկում Պողոսի առաքյալ լինելը և քննադատում էին որպես քրիստոնյա նրա արած գործերը՝ ցանկանալով իրենց կողմը քաշել Կորնթոսի ժողովի անդամներին (2Կթ 11։12, 13)։ Պողոսը գիտեր, որ հավատարմորեն կատարում է Քրիստոսի տնտեսը լինելու պարտականությունը, ուստի իրեն չէր մտահոգում այդ մարդկանց կարծիքը, ովքեր, ասես «մարդկային դատարանում» նստած, դատում էին իրեն, թեև չունեին դրա լիազորությունը։ Պողոսն ինքն էլ իրեն չէր դատում, քանի որ ընդունում էր, որ Եհովան է իրեն դատողը (1Կթ 4։1-4)։ Այստեղ պարփակված է հետևյալ սկզբունքը. մարդիկ իրավունք չունեն որոշելու դիմացինը արդար է, թե՝ ոչ, եթե իրենց դատողությունը չեն հիմնում Աստծու Խոսքի վրա։ Յուրաքանչյուր մարդ պետք է ուշադիր քննի Սուրբ Գիրքը և թույլ տա, որ այն դատի իրեն (Եբ 4։12)։ Սակայն եթե քրիստոնյա եղբայրը, հատկապես ժողովի երեցը սխալ գործած անհատին խրատ է տալիս, որն ակնհայտորեն հիմնված է Աստծու Խոսքի վրա, վերջինս չպետք է մերժի այն և փորձի արդարանալ (Առ 12։1; Եբ 12։11; 13։17)։ Իսկ եթե նա, ում վստահված է քննել որևէ հարց կամ հարթել որևէ վեճ, «կաշառքի դիմաց արդարացնում է անօրենին», կդատապարտվի Աստծու կողմից (Ես 5։23; Հկ 2։8, 9)։