ԱԲԵՍՍԱ
[հնարավոր է՝ նշանակում է «հայրը կա (գոյություն ունի)»]։
Դավթի քույր Շարուհեայի որդին՝ Հովաբի և Ասայելի եղբայրը (2Սմ 2։18; 1Տգ 2։15, 16)։
Աբեսսան ավելի շատ էր աչքի ընկնում քաջությամբ, քան իր գլխավորած զորեղ ռազմիկները։ Մի անգամ նա միայնակ սպանեց 300 մարդու։ Նա այնպիսի մեծ համբավ ուներ, ինչպիսին ունեին Դավթի երեք ամենաուժեղ ռազմիկները, թեև, միևնույն է, նրանց չէր հասնում (2Սմ 23։18, 19)։
Աբեսսան հավատարմորեն աջակցում էր իր քեռի Դավթին նրա բոլոր ռազմարշավներում, սակայն տաքարյուն էր ու երբեմն անգթորեն էր վարվում, ինչի պատճառով հարկ էր լինում նրան սանձել։ Օրինակ՝ մի անգամ, երբ Աբեսսան և Դավիթը գիշերով թաքուն գնացին Սավուղի բանակատեղի, նա քնած Սավուղին՝ «Եհովայի օծյալին», ուզեց գետնին գամել նրա իսկ նիզակով, բայց Դավիթը կանգնեցրեց նրան (1Սմ 26։6-9)։ Երբ Աբիսողոմը ապստամբեց, Աբեսսային երկու անգամ հետ պահեցին Սեմեիին սպանելուց, ով անիծում էր թագավորին։ Սակայն Դավթին չհաջողվեց խոչընդոտել Աբեսսային, որ մասնակից չլինի Աբեների սպանությանը (2Սմ 3։30; 16։9-11; 19։21-23)։
Աբեսսան հայտնի դարձավ նաև նրանով, որ նրա գլխավորությամբ զորքը 18 000 եդոմացու կոտորեց, ինչպես նաև պարտության մատնեց ամմոնացիներին։ Երբ Սաբեե անունով մի բենիամինցի խռովություն բարձրացրեց, Աբեսսան մասնակցեց դրա ճնշմանը։ Նա կարևոր դեր ունեցավ նաև Դավթի մղած վերջին պատերազմում, որ արձանագրված է Աստվածաշնչում։ Եթե նա օգնության չհասներ Դավթին, մի հաղթանդամ փղշտացի կսպաներ վերջինիս (1Տգ 18։12; 19։11-15; 2Սմ 20։1, 6; 21։15-17)։