Բարի լուրի օգուտը Ձեր միջավայրին
Մեր օրերում մասամբ տարածված է այն կարծիքը, թե «քրիստոնեական սկզբունքները գործնականում կիրառելի չեն և ժամանակակից բարդ հասարակության մեջ դրանք պարզապես չեն գործում»։ Սակայն մի զրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել հնդիկ ժողովրդի նշանավոր առաջնորդ Մոհանդաս Գանդիի և Հնդկաստանի նախկին բրիտանացի փոխարքա լորդ Իրվինի միջև, բոլորովին այլ կարծիք արտահայտվեց։ Լորդ Իրվինը հարց էր ուղղել Գանդիին, թե, ըստ նրա, ի՞նչը կլուծեր Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև գոյություն ունեցող խնդիրները։ Վերցնելով Աստվածաշունչ գիրքը՝ Գանդին բացել էր Մատթէոս 5–րդ գլուխը և ասել. «Երբ ձեր երկիրն ու իմը փոխադարձ համաձայնության կգան Լեռան քարոզում Հիսուսի տված ուսմունքների հիման վրա, մենք կլուծենք ոչ միայն մեր երկրների, այլ նաև ողջ աշխարհի խնդիրները»։
Այդ քարոզում խոսվում է հոգևորին ձգտելու, հեզ, խաղաղասեր, գթառատ ու արդարատենչ լինելու մասին։ Դատապարտվում է ոչ միայն մարդասպանությունը, այլև ուրիշների հանդեպ ատելություն ունենալը, ոչ միայն պոռնկությունը, այլ նաև ցանկահարույց մտքերը։ Պախարակվում են անհիմն ամուսնալուծությունները, որոնց արդյունքում փլուզվում են ընտանեկան օջախները, և որոնց զոհն են դառնում երեխաները։ Այդ քարոզում մարդկանց հորդոր է տրվում. ‘Սիրեցե՛ք նույնիսկ ձեզ չսիրողներին, ողորմությո՛ւն տվեք կարիքավորներին, դադարե՛ք ուրիշներին անողորմաբար դատելուց, մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ հետ վարվեին’։ Բոլոր այս խորհուրդները կիրառելը մեծ օգուտներ կբերի։ Եվ մեր միջավայրում որքան շատ լինեն այդ սկզբունքները կիրառողները, այնքան ավելի բարեկիրթ կդառնա այդ միջավայրը։
Եհովայի վկաների թողած ազդեցությունն այս հարցում բավականին մեծ է։ Աստվածաշունչը սովորեցնում է նրանց հարգել ամուսնությունը։ Նրանց երեխաները ճիշտ սկզբունքներով են դաստիարակվում։ Մեծ կարևորություն է տրվում ընտանիքին։ Միավորված ընտանիքները նպաստում են մեր միջավայրի և նույնիսկ ազգի բարօրությանը։ Պատմությունը լի է բազում օրինակներով, թե ինչպես են աշխարհի հզոր տերությունները կործանվել ընտանեկան կապերի հետզհետե թուլացման ու անբարոյականության աճի հետևանքով։ Որքան շատ անհատներ և ընտանիքներ ընդունեն Եհովայի վկաների քաջալերական կոչը՝ ապրել քրիստոնեական սկզբունքների համաձայն, այնքան մեր միջավայրում քիչ կլինի իրավազանցությունը, անբարոյականությունն ու հանցագործությունը։
Մարդկային հասարակությանը մտահոգություն պատճառող լուրջ խնդիրներից է ռասայական նախապաշարումը։ Հակառակ այս տրամադրվածությանը՝ Պետրոս առաքյալն ասել է. «Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ. այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան»։ Իսկ Պողոսը գրել է. «Այլեւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը» (Գործք 10։34, 35; Գաղատացիս 3։28)։ Եհովայի վկաները նույն դիրքորոշումն ունեն։ Նրանց համաշխարհային գլխավոր վարչությունում, մասնաճյուղերում և ժողովներում միասին ապրում ու աշխատում են տարբեր ազգությունների ու ռասաների պատկանող մարդիկ։
Աֆրիկայում որոշ էթնիկական խմբեր մշտական բախումների մեջ են։ Մինչդեռ Եհովայի վկաների համաժողովներն այցելող տարբեր էթնիկական խմբերի պատկանող անհատներ լիակատար համերաշխությամբ ու ջերմ ընկերակցությամբ մեկտեղ ուտում, քնում և երկրպագություն են մատուցում։ Այդ փաստը նույնիսկ զարմացնում է պետական պաշտոնյաներին։ Ճշմարիտ քրիստոնեության միավորող ուժի մասին մի հոդված տպագրվեց Նյու Յորքում լույս տեսնող թերթերից մեկի՝ «Ամստերդամ նյուս»–ի 1958 թ. օգոստոսի 2–ի համարում։ Հոդվածի համար նյութ էր ծառայել Նյու Յորքի միջազգային համաժողովը (վերևում արդեն հիշատակված), որտեղ ավելի քան 250 000 մարդ էր հավաքվել։
«Ամենուրեք ազատ և ուրախ իրար հետ շփվում էին տարբեր խավերից ու աշխարհի տարբեր անկյուններից եկած սևամորթներ, սպիտակամորթներ ու դեղնամորթներ.... 120 երկրներից ժամանած Վկաները իրենց դրսևորած միասնականությամբ, խաղաղությամբ, ինչպես նաև իրենց երկրպագությամբ ցույց տվեցին ամերիկացներին, թե որքան հեշտ է դա անելը.... Այդ համաժողովը փայլուն օրինակն էր այն բանի, թե ինչպես կարող են մարդիկ աշխատել ու ապրել միասին»։
Շատերը կարող են ասել, թե քրիստոնեական սկզբունքները գործնական չեն այսօրվա աշխարհում։ Սակայն կա՞ մեկ այլ բան, որ կարող է ավելի շատ օգուտներ տալ։ Այդ սկզբունքները այսօր էլ կարող են իրական արժեք ունենալ, եթե գործադրվեն մեր միջավայրում, իսկ ապագայում, երբ Աստծո Թագավորությունը տիրի երկրի վրա, հիմք կծառայեն աշխարհի բոլոր ‘ազգերի, ցեղերի և ժողովուրդների’ միավորվելուն (Յայտնութիւն 7։9, 10)։
[մեջբերում 23–րդ էջի վրա]
Բոլոր ցեղերի և ռասաների ներկայացուցիչները աշխատում են ուս–ուսի տված
[մեջբերում 24–րդ էջի վրա]
Քրիստոնեական սկզբունքները գործնական են։ Կա՞ մեկ այլ բան, որ կարող է ավելի շատ օգուտներ տալ