Դաս 13
Ինչպե՞ս գտնել ճշմարիտ կրոնը
Աստված բոլո՞ր կրոններն է հավանում, թե՞ դրանցից միայն մեկը (1)
Ինչո՞ւ քրիստոնեական կոչվող կրոններն այդքան շատ են (2)
Ինչպե՞ս կարելի է ճշմարիտ քրիստոնյաներին ճանաչել (3—7)
1. Հիսուսը հիմնադրեց մեկ ճշմարիտ քրիստոնեական կրոն։ Ուստի այսօր Եհովա Աստծո ճշմարիտ երկրպագուների միմիայն մեկ մարմին, կամ խումբ պիտի լինի (Յովհաննէս 4։23, 24; Եփեսացիս 4։4, 5)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդկանցից միայն քչերն են գնում այն նեղ ճանապարհով, որը տանում է դեպի կյանք (Մատթէոս 7։13, 14)։
2. Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ առաքյալների մահից հետո հետզհետե քրիստոնյա ժողով կթափանցեին սխալ ուսմունքներ և ոչ քրիստոնեական սովորություններ։ Որոշ մարդիկ հավատացյալներին կհրապուրեին, որպեսզի, Քրիստոսին հետևելու փոխարեն, իրենց հետևեն (Մատթէոս 7։15, 21–23; Գործք 20։29, 30)։ Այդ իսկ պատճառով մենք այդքան զանազան կրոններ ենք տեսնում, որոնք պնդում են, թե քրիստոնեական են։ Իսկ ինչպե՞ս կարելի է ճշմարիտ քրիստոնյաներին ճանաչել։
3. Ճշմարիտ քրիստոնյաների ամենից աչքի ընկնող հատկանիշն այն է, որ նրանք իրար հանդեպ անկեղծ սեր ունեն (Յովհաննէս 13։34, 35)։ Նրանց չեն ուսուցանում այն գաղափարը, թե իրենք ավելի լավն են, քան ուրիշ ցեղերին կամ ռասաներին պատկանող մարդիկ։ Նրանց չեն սովորեցնում նաև այլազգի մարդկանց ատել (Գործք 10։34, 35)։ Ուստի նրանք պատերազմներին չեն մասնակցում։ Ճշմարիտ քրիստոնյաները միմյանց վերաբերվում են ինչպես քույր ու եղբայր (Ա Յովհաննէս 4։20, 21)։
4. Ճշմարիտ կրոնը բնորոշող մեկ այլ հատկանիշը այն դավանողների խորին հարգանքն է դեպի Աստվածաշունչը։ Նրանք ընդունում են այն որպես Աստծո Խոսք և հավատում են այն ամենին, ինչ այնտեղ ասվում է (Յովհաննէս 17։17; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Նրանք Աստծո Խոսքն ավելի կարևոր են համարում, քան մարդկային գաղափարներն ու սովորույթները (Մատթէոս 15։1–3, 7–9)։ Նրանք աշխատում են Աստվածաշնչի սկզբունքներով ապրել։ Հետևաբար, նրանք չեն քարոզում մի բան և անում ուրիշ բան (Տիտոս 1։15, 16)։
5. Ճշմարիտ կրոնը նաև պիտի Աստծո անունը պատվի (Մատթէոս 6։9)։ Հիսուսը ուրիշներին ճանաչեցրեց Աստծո անունը՝ Եհովա։ Ճշմարիտ քրիստոնյաները պարտավոր են նույնն անել (Յովհաննէս 17։6, 26; Հռովմայեցիս 10։13, 14)։ Ովքե՞ր են ձեր շրջապատում ուրիշներին հայտնում Աստծո անունը։
6. Ճշմարիտ քրիստոնյաները պարտավոր են քարոզել Աստծո Թագավորության մասին։ Այդ էր անում Հիսուսը։ Նա միշտ Թագավորության մասին էր պատմում (Ղուկաս 8։1)։ Նա իր աշակերտներին պատվիրեց նույն լուրը ողջ աշխարհում քարոզել (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Ճշմարիտ քրիստոնյաները համոզված են, որ միայն Աստծո Թագավորությունը այս աշխարհին կբերի իսկական խաղաղություն և ապահովություն (Սաղմոս 146։3–5)։
7. Հիսուսի աշակերտները այս չար աշխարհից չպիտի լինեն (Յովհաննէս 17։16)։ Նրանք չեն ներգրավվում աշխարհի քաղաքական գործերի և հասարակական բանավեճերի մեջ։ Նրանք խուսափում են աշխարհում ընդունված վտանգավոր վարքից, սովորություններից և դիրքորոշումից (Յակոբոս 1։27; 4։4)։ Ճանաչո՞ւմ եք ձեր միջավայրում կրոնական այնպիսի խմբի, որը ճշմարիտ քրիստոնեության այս նշաններն է կրում։
[Նկարազարդում 27–րդ էջի վրա]
Ճշմարիտ քրիստոնյաները սիրում են միմյանց, հարգում են Աստվածաշունչը և քարոզում են Աստծո Թագավորության մասին