Գլուխ 133
Հիսուսը ավարտում է այն ամենը, ինչ Աստված պատվիրել էր
ԻՆՉՊԻՍԻ՜ ուրախություն կլինի, երբ պատերազմող Թագավոր Հիսուս Քրիստոսը վերացնի Սատանային ու նրա անարդար աշխարհը։ Վերջապես կսկսվի Հիսուսի խաղաղ Հազարամյա Իշխանությունը։
Հիսուսի և իր թագավորակիցների առաջնորդության ներքո Արմագեդոնից վերապրածները կմաքրեն այդ արդար պատերազմից հետո մնացած փլատակները։ Ըստ ամենայնի, նրանք որոշ ժամանակ երեխաներ կունենան, և վերջիններս նույնպես մասնակցություն կունենան երկիրը հիասքանչ պարտեզի վերածելու հաճելի գործին։
Ժամանակի ընթացքում Հիսուսը հարություն կտա միլիոնավոր մարդկանց, որպեսզի նրանք էլ վայելեն այդ գեղեցիկ Դրախտը։ Հիսուսը կանի դա՝ կատարելով իր տված խոստումը. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, .... դուրս կգան»։
Հարություն առածների մեջ կլինի նախկին հանցագործը, որը Հիսուսի կողքին մահացավ տանջանքի ցցի վրա։ Հիշիր, որ Հիսուսը խոստացել էր նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Ոչ՛, այդ մարդը չի գնալու երկինք Հիսուսի հետ թագավորելու համար, ոչ էլ Հիսուսն է նորից մարդ դառնալու՝ նրա հետ երկրային Դրախտում ապրելու համար։ Հիսուսը նախկին հանցագործի հետ կլինի այն իմաստով, որ հարություն կտա նրան՝ ապրելու երկրային Դրախտում և հոգ կտանի, որ նրա թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր բոլոր կարիքները բավարարվեն, ինչպես պատկերված է հաջորդ էջի նկարում։
Միայն մտածի՛ր այդ մասին։ Հիսուսի սիրառատ առաջնորդության ներքո մարդկային ամբողջ ընտանիքը՝ Արմագեդոնից վերապրածները, նրանց սերունդները և միլիոնավոր հարություն առածներ, որոնք կհնազանդվեն իրեն, կատարյալ կդառնան։ Իր Թագավոր–Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովան հոգևոր առումով կապրի մարդկության հետ։ Հովհաննես առաքյալը երկընքից մի ձայն լսեց, որն ասում էր. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Երկրի վրա ապրող ոչ մի մարդ այլևս չի տառապի և չի հիվանդանա։
Հիսուսի Հազարամյա Իշխանության վերջում երկրի վրա կլինեն այն պայմանները, որոնք Աստված ի սկզբանե նախատեսել էր, երբ մարդկային առաջին զույգին՝ Ադամին ու Եվային ասել էր, որ աճեին, շատանային ու երկիրը լցնեին։ Այո, երկիրը կլցվի կատարյալ և արդար մարդկանցով։ Եվ դա կլինի այն բանի շնորհիվ, որ Հիսուսի քավիչ զոհաբերության օգուտները կկիրառվեն յուրաքանչյուրի հանդեպ։ Ադամական մեղքի պատճառով առաջ եկած մահը կվերանա։
Այսպիսով՝ Հիսուսն իրագործած կլինի այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր իրեն։ Ուստի հազար տարվա վերջում նա Թագավորությունը և կատարյալ մարդկային ընտանիքը կփոխանցի իր Հորը։ Այնուհետև Աստված անգործունեության «անդունդից» ազատ կարձակի Սատանային ու նրա դևերին։ Ինչո՞ւ։
Պատճառն այն է, որ հազար տարվա վերջում Դրախտում ապրողների մեծամասնությունը կլինեն հարություն առածները, որոնց հավատը երբեք չի փորձվել։ Մինչև մահանալը նրանք երբեք չեն իմացել Աստծու խոստումների մասին, ուստիև չէին կարող հավատ ցուցաբերել դրանց հանդեպ։ Իսկ հարություն առնելուց և աստվածաշնչյան ճշմարտությունների մասին սովորելուց հետո նրանց համար հեշտ կլինի ապրել Դրախտում և առանց հակառակությունների ծառայել Աստծուն։ Սակայն եթե Սատանան հնարավորություն ունենար փորձելու շեղել նրանց Աստծուն ծառայելուց, կմնայի՞ն արդյոք հավատարիմ։ Այս հարցին պատասխան տալու համար Սատանան պետք է ազատ արձակվի։
Հովհաննեսին տրված հայտնությունը ցույց է տալիս, որ Հիսուսի Հազարամյա Իշխանությունից հետո Սատանային կհաջողվի անորոշ թվով մարդկանց հեռացնել Աստծուն ծառայելուց։ Սակայն երբ վերջին փորձությունն ավարտվի, Սատանան, իր դևերը և բոլոր նրանք, ում նա կարողացել է մոլորեցնել, հավիտյան կկործանվեն։ Իսկ լիովին փորձված ու հավատարիմ մնացած անհատները կշարունակեն ապրել ու վայելել իրենց երկնային Հոր կողմից տրված օրհնությունները ամբողջ հավիտենականության ընթացքում։
Ակնհայտ է, որ Աստծու փառահեղ նպատակները իրագործելու հարցում Հիսուսը կարևոր դեր է ունեցել և կշարունակի ունենալ։ Ինչպիսի՜ հոյակապ ապագա կարող ենք վայելել այն բոլոր բաների շնորհիվ, որ նա կիրագործի որպես Աստծու երկնային մեծ Թագավոր։ Բայցևայնպես, մենք չենք կարող մոռանալ այն ամենը, ինչ նա արել է երկրի վրա եղած ժամանակ։
Հիսուսը հոժարակամորեն եկավ երկիր և սովորեցրեց մեզ իր Հոր մասին։ Բացի այդ, նա իր օրինակով ցույց տվեց Աստծու անգին հատկությունները։ Մեր սրտերը հուզմունքով են լցվում, երբ մտածում ենք նրա վեհ քաջության ու արիության, անզուգական իմաստության, որպես ուսուցիչ նրա սքանչելի ունակությունների, անվախորեն առաջնորդելու կարողության և նրա քնքուշ կարեկցանքի ու հոգատարության շուրջ։ Երբ հիշում ենք, թե ինչ անասելի տառապանքներ նա կրեց փրկագինը վճարելու համար, ինչի շնորհիվ կարող ենք կյանք ստանալ, անշուշտ, մեր սրտերը նրա հանդեպ մեծ գնահատանքով են լցվում։
Իրոք, ինչպիսի՜ մարդու հետ մենք ծանոթացանք՝ ուսումնասիրելով Հիսուսի կյանքը։ Նրա մեծությունը ակնհայտ է և ապշեցուցիչ։ Մենք մղվում ենք կրկնել հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի խոսքերը, որն ասաց. «Ահա՛ այն մարդը»։ Այո՛, իսկապես «մարդը»՝ երբևէ ապրած մեծագույն մարդը։
Եթե մենք ընդունում ենք Հիսուսի քավիչ զոհաբերությունը, կարող ենք ազատվել Ադամից ժառանգած մեղքի ու մահվան բեռից, և Հիսուսը կարող է դառնալ մեր «Հավիտենականության Հայրը»։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավիտենական կյանք ունենալ, պետք է ճանաչեն ոչ միայն Աստծուն, այլ նաև նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Թո՛ղ որ այս գրքի ընթերցանությունը և ուսումնասիրությունը օգնի քեզ ստանալ այդ կենսատու գիտությունը։ 1 Հովհաննես 2։17; 1։7; Հովհաննես 5։28, 29; 3։16; 17։3; 19։5; Ղուկաս 23։43; Ծննդոց 1։28; 1 Կորնթացիներ 15։24–28; Հայտնություն 20։1–3, 6–10; 21։3, 4; Եսայիա 9։6։
▪ Ի՞նչ հոյակապ առանձնաշնորհում կունենան Արմագեդոնից վերապրածներն ու նրանց երեխաները։
▪ Արմագեդոնից վերապրած մարդկանցից ու նրանց երեխաներից բացի՝ ո՞վ կվայելի Դրախտը, և ի՞նչ իմաստով Հիսուսը նրանց հետ կլինի։
▪ Ինչպիսի՞ պայմաններ կլինեն հազար տարվա վերջում, և ի՞նչ կանի Հիսուսը այդ ժամանակ։
▪ Ինչո՞ւ է Սատանան ազատ արձակվելու անդունդից, և ի վերջո ի՞նչ կլինի նրան և նրա բոլոր հետևորդներին։
▪ Ինչպե՞ս կարող է Հիսուսը դառնալ մեր «Հավիտենականության Հայրը»։