Գլուխ 109
Հիսուսը դատապարտում է իր հակառակորդներին
ՀԻՍՈՒՍՆ այնպիսի շփոթության մեջ է գցել իր կրոնական հակառակորդներին, որ նրանք վախենում են ուրիշ որևէ բան հարցնել նրան։ Ուստի նախաձեռնություն վերցնելով՝ նա բացահայտում է նրանց տգիտությունը։ Նա հարցնում է.
— Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա։
— Դավթի,— պատասխանում են փարիսեցիները։
Թեև Հիսուսը չի ժխտում այն փաստը, որ Դավիթը Քրիստոսի, կամ՝ Մեսիայի նախահայրն է, սակայն հարցնում է. «Այդ դեպքում ինչպե՞ս է, որ Դավիթը, ներշնչված լինելով, [110–րդ սաղմոսում] նրան «Տեր» է կոչում՝ ասելով. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»։ Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, այդ դեպքում էլ ինչպե՞ս է նա նրա որդին»։
Փարիսեցիները լուռ են մնում, քանի որ նրանք չգիտեն Քրիստոսի, կամ՝ օծյալի իսկական ինքնությունը։ Մեսիան պարզապես Դավթի մարմնավոր հետնորդներից մեկը չէ, ինչպես ակներևաբար կարծում են փարիսեցիները, այլ նա գոյություն է ունեցել երկնքում, ուստիև Դավթից վերադաս է, այսինքն՝ նրա Տերն է։
Այժմ խոսքն ուղղելով ժողովրդին ու իր աշակերտներին՝ Հիսուսը զգուշացնում է, որ հեռու մնան դպիրներից ու փարիսեցիներից։ Քանի որ վերջիններս «նստել են Մովսեսի աթոռին» և սովորեցնում են Աստծու Օրենքը, Հիսուսը հորդորում է իրեն լսողներին. «Այն ամենը, ինչ որ նրանք ասում են ձեզ, արե՛ք և պահե՛ք»։ Սակայն ավելացնում է. «Նրանց գործերի պես մի՛ արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում»։
Նրանք կեղծավորներ են, և Հիսուսը դատապարտում է նրանց այնպիսի խոսքերով, ինչպիսի խոսքերով որ դատապարտել էր մի քանի ամիս առաջ փարիսեցիներից մեկի տանը ճաշելիս։ «Այն բոլոր գործերը, որ նրանք անում են,— ասում է Հիսուսը,— մարդկանց երևալու համար են անում»։ Ապա մի քանի օրինակներ է բերում.
«Լայնացնում են իրենց գրապանակները»։ Դրանք փոքր տուփեր են, որոնք սովորաբար կրում են ճակատին կամ թևին։ Այդ տուփերում դրվում են Օրենքի չորս հատվածները՝ Ելից 13։1–10, 11–16 և Բ Օրինաց 6։4–9, 11։13–21 համարները։ Բայց փարիսեցիները մեծացնում են այս տուփերի չափերը, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե նախանձախնդիր են Օրենքի հանդեպ։
Հիսուսը նաև ասում է, որ նրանք «երկարացնում են իրենց հանդերձների ծոպերը»։ Թուոց 15։38–40-ում իսրայելացիներին պատվեր է տրվում, որ իրենց հանդերձների ծայրերին «ծոպեր շինեն», սակայն փարիսեցիները իրենց ծոպերը ավելի երկար են անում, քան մյուս իսրայելացիները։ Ամեն ինչ արվում է ցուցադրելու համար։ Ինչպես Հիսուսն է ասում, նրանք «սիրում են ամենապատվավոր տեղը»։
Ցավալի է, բայց աչքի ընկնելու ցանկությունը ազդել է նաև Հիսուսի աշակերտների վրա։ Այդ իսկ պատճառով նա խորհուրդ է տալիս. «Բայց դուք «Ռաբբի» մի՛ կանչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կանչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը։ Ոչ էլ «առաջնորդներ» կանչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը»։ Այո, աշակերտները պետք է ձերբազատվեն առաջինը լինելու ցանկությունից։ «Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի»,— խրախուսում է Հիսուսը։
Այնուհետև Հիսուսը մի շարք «վայեր» է ասում դպիրների և փարիսեցիների հասցեին՝ մի քանի անգամ նրանց անվանելով կեղծավորներ։ Նա ասում է, որ նրանք «երկնքի թագավորությունը փակում են մարդկանց առաջ» ու «կուլ են տալիս այրիների տները և ցուցադրաբար երկար աղոթքներ անում»։
«Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ»,— ասում է Հիսուսը։ Նա դատապարտում է փարիսեցիներին այն բանի համար, որ հոգևոր արժեքներ չունեն։ Դա երևում է այն բանից, որ նրանք ինքնակամորեն սահմանազատումներ են դնում։ Օրինակ՝ նրանք ասում են. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավորության տակ է»։ Նրանք ավելի մեծ շեշտ են դնում ոչ թե տաճարի հոգևոր արժեքների վրա, այլ նրա ոսկու վրա, ինչն էլ երևան է բերում նրանց բարոյական կուրությունը։
Այնուհետև Հիսուսը, ինչպես որ արել էր որոշ ժամանակ առաջ, դատապարտում է փարիսեցիներին այն բանի համար, որ արհամարհում են «Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատարմությունը», և միևնույն ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում աննշան բույսերի տասանորդը վճարելուն։
Հիսուսը փարիսեցիներին անվանում է «կույր առաջնորդներ, որոնք մժեղը քամում են, բայց ուղտը կուլ տալիս»։ Նրանք գինին քամելով՝ հանում են մժեղը ոչ թե պարզապես այն պատճառով, որ այն միջատ է, այլ որ ծիսականորեն անմաքուր է։ Մյուս կողմից, սակայն, նրանք արհամարհում են Օրենքի ավելի ծանրակշիռ բաները, ինչն էլ համեմատվում է ուղտ կուլ տալու հետ, որը նույնպես ծիսականորեն անմաքուր կենդանի է։ Մատթեոս 22։41–23։24; Մարկոս 12։35–40; Ղուկաս 20։41–47; Ղեւտացոց 11։4, 21–24։
▪ Ինչո՞ւ են փարիսեցիները լուռ մնում, երբ Հիսուսը նրանց հարցնում է Դավթի խոսքերի մասին՝ գրված 110–րդ սաղմոսում։
▪ Ինչո՞ւ են փարիսեցիները լայնացնում իրենց գրապանակները և երկարացնում իրենց հանդերձների ծոպերը։
▪ Ի՞նչ խորհուրդ է Հիսուսը տալիս իր աշակերտներին։
▪ Ի՞նչ սահմանազատումներ են դնում փարիսեցիները, և ի՞նչ խոսքերով է Հիսուսը նրանց դատապարտում ավելի ծանրակշիռ հարցերը արհամարհելու համար։