Գլուխ 99
Հիսուսը սովորեցնում է Երիքովում
ՇՈՒՏՈՎ Հիսուսն ու իր հետ ճամփորդող մարդկանց բազմությունը հասնում են Երիքով։ Երուսաղեմից դեպի այս քաղաք մոտավորապես մեկ օրվա ճանապարհ է։ Հավանաբար Երիքովը բաղկացած է երկու մասից. հին հրեական քաղաքը հռոմեական նոր քաղաքից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Մինչ բազմությունը դուրս է գալիս հին քաղաքից և մոտենում նորին, երկու կույր մուրացկաններ լսում են, որ իրարանցում է։ Նրանցից մեկի անունը Բարտիմեոս է։
Իմանալով, որ Հիսուսն է անցնում՝ Բարտիմեոսը և նրա կողքի մուրացկանը սկսում են բղավել. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ Երբ ժողովուրդը խստորեն պատվիրում է, որ լռեն, նրանք է՛լ ավելի բարձր են աղաղակում և ասում. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։
Լսելով ձայները՝ Հիսուսը կանգ է առնում։ Իր հետ լինողներին նա խնդրում է, որ բղավողներին իր մոտ կանչեն։ Նրանք էլ գնում են կույր մուրացկանների մոտ ու նրանցից մեկին ասում. «Քաջացի՛ր, վե՛ր կաց, նա կանչում է քեզ»։ Անսահման հուզմունքով լցված՝ այդ կույր մարդը մի կողմ է նետում իր վերնազգեստը, վեր է ցատկում և գնում դեպի Հիսուսը։
— Դուք ի՞նչ եք ուզում, որ ես անեմ ձեզ համար,— հարցնում է Հիսուսը։
— Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն,— խնդրում են երկու կույրերը։
Խղճահարվելով՝ Հիսուսը դիպչում է նրանց աչքերին։ Ըստ Մարկոսի հաղորդագրության՝ Հիսուսը նրանցից մեկին ասում է. «Գնա՛, քո հավատը բուժեց քեզ»։ Կույր մուրացկանները անմիջապես սկսում են տեսնել և, անկասկած, երկուսն էլ փառավորում են Աստծուն։ Երբ բոլորը տեսնում են պատահածը, նույնպես գովաբանում են Աստծուն։ Առանց հապաղելու՝ Բարտիմեոսն ու նրա ընկերը սկսում են հետևել Հիսուսին։
Մինչ Հիսուսը անցնում է Երիքովի միջով, բազմությունն արդեն մեծ թվերի է հասնում։ Ամեն մեկն ուզում է տեսնել նրան, ով բուժել է կույր մարդկանց։ Ժողովուրդն ամեն կողմից սեղմում է Հիսուսին, և այդ պատճառով ոմանք չեն կարողանում նույնիսկ աչքի ծայրով տեսնել նրան։ Նրանցից մեկը Զակքեոսն է, որը Երիքովի և այդ շրջանի մաքսահավաքների պետն է։ Նա այնքան կարճահասակ է, որ չի կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում։
Ուստի Զակքեոսը առաջ է վազում և բարձրանում մի ժանտաթզենու վրա՝ հենց այն ճանապարհին, որով անցնում է Հիսուսը։ Այստեղից նա ամեն ինչ կարող է տեսնել։ Երբ ժողովուրդը մոտենում է, Հիսուսը վեր է նայում ու կանչում. «Զակքեո՛ս, շտապ ցա՛ծ իջիր, որովհետև այսօր քո տանը պետք է մնամ»։ Զակքեոսն էլ ուրախացած ցած է իջնում և շտապում է տուն, որպեսզի պատրաստություններ տեսնի այս առանձնահատուկ այցելուի համար։
Սակայն երբ ժողովուրդը տեսնում է պատահածը, բոլորը սկսում են փնթփնթալ։ Նրանք կարծում են, թե պատշաճ չէ, որ Հիսուսը հյուրընկալվի այդպիսի մարդու տանը։ Բանն այն է, որ Զակքեոսը, լինելով մաքսահավաքների պետ, հարստացել է անազնվորեն դրամ շորթելով։
Շատերը գնում են Հիսուսի հետևից, և երբ նա մտնում է Զակքեոսի հարկի տակ, նրանք գանգատվում են. «Մեղավոր մարդու մոտ է մտնում իջևանելու»։ Մինչդեռ Հիսուսը նկատում է, որ Զակքեոսը պատրաստ է զղջալու։ Եվ նա հուսախաբ չի լինում, որովհետև Զակքեոսը կանգնում ու հայտարարում է. «Ահա իմ ունեցվածքի կեսը, Տե՛ր, տալիս եմ աղքատներին, և ինչ էլ որ շորթել եմ որևէ մեկից կեղծ մեղադրանքով, քառապատիկն եմ վերադարձնում»։
Զակքեոսը փաստում է, որ իսկապես զղջում է, քանի որ իր ունեցվածքի կեսը տալիս է աղքատներին, իսկ մյուս կեսը վերադարձնում է նրանց, ում խաբել է։ Թերևս հարկերի իր արձանագրություններից նա կարող է հաշվել, թե որքան է պարտք այդ մարդկանց։ Ուստի նա երդվում է, որ քառապատիկ կվերադարձնի, և դրանով պահում է Աստծու օրենքը, ըստ որի՝ եթե մեկը ոչխար գողանա, մեկ ոչխարի տեղ չորս ոչխար պետք է հատուցի։
Հիսուսին դուր է գալիս այն, թե ինչպես է Զակքեոսը խոստանում բաշխել իր ունեցվածքը։ Նա ասում է. «Այսօր փրկություն եկավ այս տանը, որովհետև նա նույնպես Աբրահամի որդի է։ Քանի որ մարդու Որդին եկավ փնտրելու և կորածը փրկելու»։
Որոշ ժամանակ առաջ Հիսուսը պատմել էր անառակ որդու մասին առակը և այդպիսով ցույց տվել, թե ինչպիսի վիճակում են գտնվում «կորածները»։ Իսկ այժմ տեսնում ենք կենդանի օրինակ մի մարդու, որը կորած էր, սակայն գտնվեց։ Ու թեև կրոնական առաջնորդներն ու նրանց հետևորդները փնթփնթում և գանգատվում են, որ Հիսուսը ուշադրություն է դարձնում Զակքեոսի պես մարդկանց, այնուամենայնիվ Հիսուսը շարունակում է փնտրել և ետ բերել Աբրահամի կորած որդիներին։ Մատթեոս 20։29–34; Մարկոս 10։46–52; Ղուկաս 18։35–19։10; Ելից 22։1։
▪ Հավանաբար որտե՞ղ է Հիսուսը հանդիպում կույր մուրացկաններին և ի՞նչ է անում նրանց համար։
▪ Ո՞վ է Զակքեոսը, և ինչո՞ւ է նա ծառը բարձրանում։
▪ Ինչպե՞ս է Զակքեոսը փաստում, որ զղջում է։
▪ Ի՞նչ դաս կարող ենք սովորել Զակքեոսի հանդեպ Հիսուսի վերաբերմունքից։