Գլուխ 97
Խաղողի այգու աշխատողները
ՀԻՍՈՒՍԸ քիչ առաջ հետևյալ խոսքերն ասաց. «Շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։ Այժմ նա պարզաբանում է այս խոսքերը՝ պատմելով մի առակ։ «Երկնքի թագավորությունը,— սկսում է նա,— նման է մի մարդու՝ տանտիրոջ, որը վաղ առավոտյան դուրս եկավ՝ իր խաղողի այգու համար աշխատողներ վարձելու»։
Նա շարունակում է. «Աշխատողների հետ համաձայնության գալով օրվա համար մեկ դինար վճարել՝ [տանտերը] նրանց ուղարկեց իր խաղողի այգին։ Երրորդ ժամի կողմերը դարձյալ դուրս գալով՝ տեսավ ուրիշների, որ անգործ կանգնել էին շուկայի հրապարակում, և ասաց նրանց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին, և ինչ որ արժան է, կտամ ձեզ»։ Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերի կողմերը դարձյալ դուրս եկավ ու նույն բանն արեց։ Եվ վերջապես տասնմեկերորդ ժամի կողմերը դուրս եկավ և ուրիշների էլ գտավ կանգնած ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրը անգործ կանգնել այստեղ»։ Նրանք պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք չվարձեց մեզ»։ Նա էլ ասաց նրանց. «Դուք նույնպես գնացեք խաղողի այգին»»։
Տանտերը, կամ՝ խաղողի այգու տերը, Եհովա Աստվածն է, իսկ խաղողի այգին Իսրայել ազգն է։ Խաղողի այգու աշխատողները այն մարդիկ են, որոնք մտան Օրենքի ուխտի տակ։ Նրանք հատկապես առաքյալների օրոք ապրող հրեաներն են։ Միայն ամբողջ օրն աշխատողների հետ է, որ տանտերը պայմանավորվում է աշխատավարձ տալ։ Օրվա աշխատանքի դիմաց վճարվում է մեկ դինար։ Քանի որ «երրորդ ժամը» ժամը 9։00–ն է, նրանք, ովքեր կանչվում են 3–րդ, 6–րդ, 9–րդ և 11–րդ ժամերին, համապատասխանաբար աշխատում են միայն 9, 6, 3 և 1 ժամ։
Ամբողջ օրը, կամ՝ 12 ժամ աշխատողները ներկայացնում են հրեա առաջնորդներին, ովքեր շարունակ զբաղված են կրոնական ծառայություններով։ Նրանք նման չեն Հիսուսի աշակերտներին, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են ձկնորսություն կամ ուրիշ գործեր անելով։ Մ. թ. 29–ի աշնանն էր, որ «տանտերը» Հիսուս Քրիստոսին ուղարկեց, որպեսզի նա հավաքի նրանց և դարձնի իր աշակերտները։ Այդպես նրանք դարձան «վերջինները», այսինքն՝ 11–րդ ժամի աշխատողները։
Ի վերջո այլաբանական աշխատանքային օրը ավարտվում է Հիսուսի մահով, և գալիս է աշխատողների վարձը տալու ժամանակը։ Աշխատավարձը արտասովոր կերպով է տրվում. սկզբում ստանում են վերջին կանչվածները, ինչպես որ Հիսուսը բացատրում է. «Երբ երեկո եղավ, այգու տերն ասաց իր գործավարին. «Կանչի՛ր աշխատողներին և տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները»։ Երբ եկան տասնմեկերորդ ժամին վարձվածները, նրանցից յուրաքանչյուրը մեկ դինար ստացավ։ Իսկ երբ առաջինները եկան, կարծեցին, թե իրենք ավելի շատ կստանան, բայց նրանք նույնպես մեկական դինար վարձ ստացան։ Եվ երբ ստացան, սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ՝ ասելով. «Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, բայց դու նրանց հավասարեցրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու այրող տաքությունը կրեցինք»։ Բայց նրանցից մեկին պատասխանելով՝ նա ասաց. «Բարեկա՛մ, ես քեզ ոչ մի անիրավություն չեմ անում։ Չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ Ուրեմն քոնը վերցրո՛ւ ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին տալ նույնը, ինչ որ քեզ։ Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածի հետ ուզածիս պես վարվելու։ Թե՞ աչքդ չար է, որ ես բարի եմ»»։ Վերջում Հիսուսը կրկնում է սկզբում ասված միտքը. «Այսպես՝ վերջինները առաջիններ կլինեն, իսկ առաջինները՝ վերջիններ»։
Դինարը տրվում է ոչ թե Հիսուսի մահվան ժամանակ, այլ մ. թ. 33–ի Պենտեկոստեին, երբ Քրիստոսը՝ «գործավարը», սուրբ ոգին թափում է իր աշակերտների վրա։ Հիսուսի այս աշակերտները նման են «վերջիններին», կամ՝ 11–րդ ժամին կանչվածներին։ Դինարը անմիջականորեն չի ներկայացնում սուրբ ոգու պարգևը։ Այն մի բան է, որ աշակերտները պետք է օգտագործեն երկրի վրա։ Այն ասես նրանց գոյության միջոցն է, նրանց հավիտենական կյանքը։ Այն հոգևոր իսրայելացիներ լինելու առանձնաշնորհումն է, որոնք օծվում են, որ քարոզեն Աստծու Թագավորության մասին։
Շուտով առաջին կանչվածները տեսնում են, որ Հիսուսի աշակերտները ստանում են իրենց վարձը և օգտագործում այլաբանական դինարը։ Սակայն նրանք ավելին են ցանկանում, քան սուրբ ոգին և Թագավորության առանձնաշնորհումները։ Նրանց տրտունջը և առարկությունները վերածվում են հալածանքների՝ ուղղված Քրիստոսի աշակերտների՝ խաղողի այգու «վերջին» աշխատողների դեմ։
Մի՞թե Հիսուսի առակը միայն առաջին դարում կատարվեց։ Ո՛չ։ Վերջին դարաշրջաններում քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը իր դիրքերի և պատասխանատվությունների պատճառով «առաջիններն» էր, որ պետք է վարձվեր Աստծու այլաբանական խաղողի այգում աշխատելու համար։ Հոգևորականները կարծում էին, որ «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» հետ համագործակցող նվիրված քարոզիչները Աստծու ծառայության մեջ որևէ նշանակում ունենալու հարցում «վերջիններն» են։ Բայց, փաստորեն, նրանց կողմից անարգված հենց այս անհատներն էին, որոնք ստացան դինարը, այսինքն՝ որպես Աստծու երկնային Թագավորության օծյալ դեսպաններ ծառայելու պատիվը։ Մատթեոս 19։30–20։16։
▪ Ի՞նչ է ներկայացնում խաղողի այգին։ Ո՞ւմ են ներկայացնում խաղողի այգու տերը և այն աշխատողները, որոնք աշխատեցին 12 ժամ ու 1 ժամ։
▪ Ե՞րբ ավարտվեց այլաբանական աշխատանքային օրը, և ե՞րբ տրվեց վարձը։
▪ Ի՞նչ է ներկայացնում դինարի վճարումը։