Գլուխ 93
Երբ մարդու Որդին հայտնվի
ՀԻՍՈՒՍԸ դեռ գտնվում է հյուսիսում (կա՛մ Սամարիայում, կա՛մ էլ Գալիլեայում)։ Այնտեղ փարիսեցիները նրան հարցնում են Թագավորության գալստյան մասին։ Նրանք կարծում են, թե այն գալու է մեծ շուքով ու հանդիսավորությամբ, սակայն Հիսուսն ասում է. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գա, ոչ էլ մարդիկ կասեն՝ «ահա այստե՛ղ է», կամ՝ «այնտե՛ղ է»։ Քանի որ ահա Աստծու թագավորությունը ձեր միջև է»։
«Ձեր միջև է» խոսքերը երբեմն թարգմանվում են հետևյալ կերպ՝ «ձեր մեջ է»։ Դրա համար էլ ոմանք կարծում են, որ Հիսուսն ուզում էր ասել, թե Աստծու Թագավորությունը իշխում է նրա ծառաների սրտերում։ Բայց միանգամայն պարզ է, որ Աստծու Թագավորությունը չի կարող լինել այդ անհավատ փարիսեցիների սրտում, ում հետ խոսում է Հիսուսը։ Մինչդեռ այն գտնվում է նրանց միջև, որովհետև Աստծու Թագավորության նշանակված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, նրանց հետ է։
Ակներևաբար, փարիսեցիների հեռանալուց հետո է, որ Հիսուսը իր աշակերտների հետ շարունակում է խոսել Թագավորության գալստյան մասին։ Նա հատկապես ի նկատի ունի թագավորական իշխանությամբ իր ապագա ներկայությունը, երբ զգուշացնում է. «Մարդիկ կասեն ձեզ՝ «ահա այնտե՛ղ է», կամ՝ «ահա այստե՛ղ է»։ Դուրս մի՛ գնացեք ու մի՛ ընկեք նրանց հետևից։ Որովհետև ինչպես կայծակն է իր փայլատակումով երկնքի տակ լուսավորում նրա մի ծայրից մյուս ծայրը, այնպես էլ մարդու Որդին կլինի»։ Այսպիսով՝ Հիսուսն ուզում է ասել, որ ինչպես կայծակն է երևում մեծ տարածության վրա, այնպես էլ թագավորական իշխանությամբ իր ներկայության ապացույցը տեսանելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տեսնել այն։
Ապա Հիսուսը համեմատություններ է անում անցյալում կատարված իրադարձությունների հետ, որպեսզի ցույց տա, թե իր ապագա ներկայության ժամանակ ինչպիսին կլինի մարդկանց վերաբերմունքը։ Նա ասում է. «Ինչպես որ եղավ Նոյի օրերում, այնպես էլ կլինի մարդու Որդու օրերում.... Նմանապես էլ, ինչպես որ եղավ Ղովտի օրերում. ուտում էին, խմում էին, առնում էին, ծախում էին, տնկում էին, կառուցում էին։ Բայց այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկընքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց նրանց բոլորին։ Նույն ձևով էլ կլինի այն օրը, երբ մարդու Որդին իրեն հայտնի դարձնի»։
Այստեղ Հիսուսը չի ուզում ասել, թե Նոյի և Ղովտի օրերում ապրող մարդիկ կործանվեցին այն պատճառով, որ զբաղված էին առօրյա գործերով՝ ուտելով, խմելով, առնելով, ծախելով, տնկելով և կառուցելով։ Նոյը, Ղովտը և նրանց ընտանիքի անդամներն էլ էին անում այդ բաները։ Բայց մյուս մարդիկ, զբաղված լինելով այդ առօրյա գործերով, ոչ մի ուշադրություն չէին դարձնում Աստծու կամքին, և հենց դա էր նրանց կործանման պատճառը։ Այդ նույն պատճառով էլ մարդիկ կկործանվեն մեր օրերում, երբ Քրիստոսը հայտնվի մեծ նեղության ժամանակ, որը գալու է իրերի այս համակարգի վրա։
Այժմ Հիսուսն ընդգծում է, թե որքան կարևոր է արագորեն արձագանքել թագավորական իշխանությամբ իր ապագա ներկայության ապացույցներին։ Նա ասում է. «Այն օրը նա, ով տանիքի վրա է, բայց նրա կահ–կարասին տան մեջ է, թող ցած չիջնի՝ վերցնելու, և ով դաշտում է, թող նա՛ էլ ետ չդառնա։ Հիշե՛ք Ղովտի կնոջը»։
Երբ Քրիստոսի ներկայության ապացույցները հայտնվեն, մարդիկ չպետք է թույլ տան, որ նյութականի հանդեպ իրենց կապվածությունը խանգարի անհապաղ քայլերի դիմելու։ Սոդոմից դուրս գալիս Ղովտի կինը ակներևաբար կարոտով ետ նայեց ետևում թողած բաներին, ինչի հետևանքով աղի սյուն դարձավ։
Շարունակելով նկարագրել, թե ինչպիսին կլինեն հանգամանքները իր ապագա ներկայության ժամանակ՝ Հիսուսն իր աշակերտներին ասում է. «Այն գիշեր երկու մարդ կլինեն անկողնում. մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Երկու կին նույն երկանքով աղալիս կլինեն. մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի»։
«Վերցվելը» համապատասխանում է նրան, թե ինչպես Նոյն ու իր ընտանիքը մտան տապան, և թե ինչպես հրեշտակները Ղովտին ու նրա ընտանիքին դուրս հանեցին Սոդոմից։ Այն փրկություն է նշանակում։ Իսկ «թողնվել» նշանակում է կործանվել։
Այս խոսքերից հետո աշակերտները հարցնում են. «Որտե՞ղ, Տե՛ր»։
«Որտեղ որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»,— պատասխանում է Հիսուսը։ Նրանք, ովքեր «վերցվում են» փրկություն ստանալու համար, նման են հեռատես արծիվների, որոնք հավաքվում են «մարմնի» մոտ։ Մարմինը ներկայացնում է ճշմարիտ Քրիստոսին՝ թագավորական իշխանությամբ իր անտեսանելի ներկայության ժամանակ, ինչպես նաև Եհովայի պատրաստած հոգևոր խնջույքը։ Ղուկաս 17։20–37; Ծննդոց 19։26։
▪ Ի՞նչ իմաստով էր Թագավորությունը փարիսեցիների միջև։
▪ Ի՞նչ առումով է Քրիստոսի ներկայությունը նմանվում կայծակի։
▪ Քրիստոսի ներկայության ժամանակ որոշ մարդիկ ի՞նչ պատճառով են կործանվելու։
▪ Ի՞նչ է նշանակում «վերցվել» և «թողնվել»։