Գլուխ 70
Բուժում է ի ծնե կույր մարդու
ՀՐԵԱՆԵՐԸ փորձում են քարկոծել Հիսուսին, բայց նա չի հեռանում Երուսաղեմից։ Շաբաթ օրը նա և իր աշակերտները քաղաքով անցնելիս տեսնում են մի մարդու, որն ի ծնե կույր է։ Աշակերտները հարցնում են Հիսուսին. «Ռաբբի՛, ո՞վ է մեղք գործել, այս մա՞րդը, թե՞ նրա ծնողները, որ նա կույր է ծնվել»։
Հավանաբար, որոշ ռաբբիների նման՝ աշակերտները հավատում են, թե մարդը կարող է իր մոր արգանդում մեղք գործել։ Բայց Հիսուսը պատասխանում է. «Ոչ այս մարդն է մեղք գործել, ոչ էլ նրա ծնողները, բայց սա եղել է նրա համար, որ Աստծու գործերը հայտնի դառնան նրա վրա»։ Այդ մարդու կուրությունը իր կամ իր ծնողների կողմից գործված որևէ մեղքի հետևանք չէ։ Առաջին մարդ Ադամի մեղքի պատճառով բոլոր մարդիկ անկատար են և կարող են ծնվել որոշ արատներով, օրինակ՝ կույր։ Այդ մարդու արատը այժմ հնարավորություն է տալիս Հիսուսին ցույց տալ Աստծու գործերը։
Հիսուսը շեշտում է, թե որքան հրատապ է այդ գործերն անելը։ «Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է կատարենք նրա՛ գործերը, ով ուղարկեց ինձ,— ասում է նա.— ահա գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, ես աշխարհի լույսն եմ»։ Շուտով Հիսուսի մահը կընկղմի նրան գերեզմանի խավարի մեջ, որտեղ նա այլևս ոչինչ չի կարողանա անել։ Իսկ մինչ այդ նա լույսի աղբյուր է աշխարհի համար։
Սա ասելուց հետո Հիսուսը թքում է գետնին և թքով կավ շինում, ապա կավը դնում է կույր մարդու աչքերին ու ասում. «Գնա՛, լվացվի՛ր Սիլովամի ավազանում»։ Մարդը հնազանդվում է, և երբ լվացվում է, սկսում է տեսնել։ Նա ցնծությամբ վերադառնում է. որքա՜ն ուրախ է նա, որ կյանքում առաջին անգամ կարողանում է տեսնել։
Հարևանները և նրան ճանաչող մարդիկ ապշահար են լինում։ Նրանք հարցնում են. «Սա այն մարդը չէ՞, որ նստում և մուրում էր»։ Ոմանք պատասխանում են. «Նա է»։ Բայց մյուսները չեն կարողանում հավատալ. «Նա չէ, այլ նման է նրան»։ Իսկ այդ մարդն ասում է. «Այդ ե՛ս եմ»։
— Հապա ինչպե՞ս աչքերդ բացվեցին,— հարցնում են մարդիկ։
— Հիսուս կոչված մարդը կավ շինեց, քսեց աչքերիս ու ասաց ինձ. «Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր»։ Ես էլ գնացի, լվացվեցի ու սկսեցի տեսնել։
— Ո՞ւր է այդ մարդը,— հարցնում են նրանք։
— Չգիտեմ,— պատասխանում է նա։
Նրանք էլ այդ մարդուն տանում են իրենց կրոնական առաջնորդների՝ փարիսեցիների մոտ։ Սրանք նույնպես հարցուփորձ են անում, թե ինչպես պատահեց, որ նա սկսեց տեսնել։ «Նա կավ դրեց աչքերիս, ես էլ լվացվեցի ու տեսնում եմ»,— բացատրում է նա։
Անկասկած, փարիսեցիները պետք է որ ուրախ լինեն այդ մուրացկանի համար։ Բայց դրա փոխարեն՝ նրանք սկսում են դատապարտել Հիսուսին։ «Այդ մարդը Աստծուց չէ»,— պնդում են նրանք։ Ինչո՞ւ են այդպես ասում։ «Քանի որ չի պահում շաբաթը»։ Սակայն փարիսեցիներից ոմանք մտածում են. «Մի մարդ, որ մեղավոր է, ինչպե՞ս կարող է այդպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ բաժանում է լինում։
— Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, որ քո աչքերը բացեց,— հարցնում են այդ մարդուն։
— Նա մարգարե՛ է,— պատասխանում է մուրացկանը։
Փարիսեցիները չեն ուզում հավատալ դրան։ Նրանք համոզված են, որ Հիսուսի և այդ մարդու միջև ինչ–որ գաղտնի համաձայնություն կա մարդկանց հիմարացնելու համար։ Այդ պատճառով կանչում են մուրացկանի ծնողներին, որպեսզի նրանց հարցուփորձ անեն և պարզեն եղելությունը։ Հովհաննես 8։59; 9։1–18։
▪ Ի՞նչն է մուրացկանի կուրության պատճառը, և ի՞նչը՝ ոչ։
▪ Ի՞նչ է «գիշերը», երբ ոչ ոք չի կարող գործել։
▪ Երբ կույր մարդը բուժվում է, ինչպե՞ս են արձագանքում նրան ճանաչող մարդիկ։
▪ Կույր մարդու բուժվելու հարցի շուրջ ինչպե՞ս են փարիսեցիների կարծիքները բաժանվում։