Գլուխ 61
Դիվահար տղան բուժվում է
ՄԻՆՉ Հիսուսը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը բացակայում են (հնարավոր է՝ նրանք գտնվում են Հերմոն լեռան վրա), մյուս աշակերտները դժվար կացության մեջ են հայտնվում։ Երբ Հիսուսը վերադառնում է, նկատում է, որ ինչ–որ բան այն չէ։ Աշակերտների շուրջը մի մեծ ամբոխ է հավաքվել, և դպիրները վիճում են նրանց հետ։ Տեսնելով Հիսուսին՝ մարդիկ անչափ զարմանում են ու առաջ վազելով՝ ողջունում նրան։ «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ»,— հարցնում է Հիսուսը։
Ժողովրդի միջից մի մարդ է առաջ գալիս և Հիսուսի առջև ծնկի գալով՝ ասում է. «Ուսուցի՛չ, իմ որդուն քեզ մոտ բերեցի, որովհետև համր ոգի ունի, և ուր որ բռնում է նրան, գետին է զարկում, և նրա բերանը փրփրում է, ու նա ատամները կրճտացնում է և ուժասպառ է լինում։ Քո աշակերտներին ասացի, որ դուրս հանեն նրան, բայց չկարողացան»։
Դպիրները, ակներևաբար, օգտվում են այն իրողությունից, որ աշակերտները չեն կարողանում բուժել տղային, և ծաղրում են նրանց։ Հենց այս լարված պահին գալիս է Հիսուսը։ «Ո՜վ անհավատ սերունդ,— ասում է նա,— մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ։ Մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ»։
Թվում է, թե Հիսուսն այս խոսքերն ուղղում է բոլոր ներկաներին, սակայն կասկած չկա, որ դրանք գլխավորապես ուղղված են դպիրներին, որոնք դժվար կացության մեջ են գցել իր աշակերտներին։ Այնուհետև Հիսուսն ասում է տղայի համար. «Ինձ մո՛տ բերեք նրան»։ Երբ տղային բերում են Հիսուսի մոտ, դևը նրան գետին է գցում և ուժեղ ցնցում։ Տղան գետնի վրա թավալվում է, և բերանից փրփուր է դուրս գալիս։
— Որքա՞ն ժամանակ է, որ այս բանը նրա հետ տեղի է ունենում,— հարցնում է Հիսուսը։
— Մանկությունից,— պատասխանում է հայրը։— Շատ անգամ [դևը] գցել է նրան կրակի ու ջրի մեջ, որ կործանի։
Ապա հայրն աղաչում է. «Եթե կարող ես ինչ–որ բան անել, խղճա՛ մեզ և օգնի՛ր»։
Թերևս երկար տարիներ հայրը օգնություն է փնտրել։ Եվ այժմ տեսնելով, որ Հիսուսի աշակերտների փորձերը անհաջողության մատնվեցին՝ նա ավելի մեծ հուսահատության մեջ է ընկել։ Լսելով նրա աղաչանքը՝ Հիսուսը քաջալերում է նրան ու ասում.
— Ասացիր՝ «եթե կարող ես». ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատ ունի։
— Ես ունե՛մ հավատ,— անմիջապես բացականչում է տղայի հայրը, բայց նաև խնդրում.— օգնի՛ր ինձ, եթե ինչ–որ տեղ հավատի պակաս ունեմ։
Նկատելով, որ ամբոխը կուտակվում է իրենց շուրջը՝ Հիսուսը սաստում է դևին. «Ո՛վ համր ու խուլ ոգի, հրամայո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս եկ նրանից և այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ Դևը կրկին ստիպում է տղային ճչալ և նրան սաստիկ ցնցելով՝ դուրս է գալիս նրա միջից։ Տղան անշարժ պառկած է գետնին, ուստի շատերը կարծում են, թե նա մահացել է։ Բայց Հիսուսը բռնում է տղայի ձեռքից, ու նա վեր է կենում։
Նախկինում, երբ աշակերտները քարոզելու էին ուղարկվել, նրանց հաջողվել էր դևեր հանել։ Ուստի այժմ տուն մտնելով՝ առանձին հարցնում են Հիսուսին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։
Ցույց տալով, որ պատճառը նրանց թերահավատությունն էր՝ Հիսուսը պատասխանում է. «Այս տեսակը ուրիշ բանով չի կարող դուրս գալ, եթե ոչ աղոթքով»։ Այդ դևը, ակներեվաբար, առանձնահատուկ ուժ ուներ, և որպեսզի նրան կարողանային հանել, հարկավոր էր նախօրոք պատրաստվել։ Անհրաժեշտ էր ամուր հավատ ունենալ և աղոթքով Աստծուց զորություն և օգնություն խնդրել։
Այնուհետև Հիսուսն ավելացնում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտե՛ղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար»։ Որքա՜ն զորեղ կարող է լինել հավատը։
Եհովայի ծառայության մեջ մեր առաջադիմությունը կասեցնող խոչընդոտներն ու դժվարությունները մեծ լեռների պես հսկայական ու անհաղթահարելի կարող են թվալ։ Սակայն Հիսուսը ցույց է տալիս, որ եթե մեր սրտերում հավատ զարգացնենք՝ ամրացնելով և զորացնելով այն, ապա այդպիսի հավատը կօգնի մեզ, որ հաղթահարենք լեռնանման խոչընդոտներն ու դժվարությունները։ Մարկոս 9։14–29; Մատթեոս 17։19, 20; Ղուկաս 9։37–43։
▪ Երբ Հիսուսը վերադառնում է Հերմոն լեռից, ի՞նչ տեսարանի է ականատես լինում։
▪ Հիսուսն ի՞նչ է քաջալերում դիվահար տղայի հորն անել։
▪ Ինչո՞ւ աշակերտները չէին կարողացել հանել դևին։
▪ Ինչպես ցույց տվեց Հիսուսը, որքա՞ն զորեղ կարող է լինել հավատը։