Գլուխ 27
Կանչում է Մատթեոսին
ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾԻՆ բուժելուց կարճ ժամանակ անց Հիսուսը Կափառնայումից գնում է դեպի Գալիլեայի ծովը։ Դարձյալ շատ ժողովուրդ է գալիս նրա մոտ, և նա սկսում է սովորեցնել նրանց։ Իր ճանապարհին Հիսուսը տեսնում է Մատթեոսին (որը նաև Ղևի է կոչվում)՝ մաքսատանը նստած։ «Իմ հետևո՛րդը դարձիր»,— հրավիրում է նրան Հիսուսը։
Ամենայն հավանականությամբ, Մատթեոսն արդեն ծանոթ է Հիսուսի ուսմունքներին, ինչպես որ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսն էին ծանոթ, երբ Հիսուսը հրավիրեց նրանց։ Եվ նրանց նման՝ Մատթեոսն անմիջապես ընդունում է հրավերը։ Նա վեր է կենում և թողնելով մաքսահավաքի իր գործը՝ գնում է Հիսուսի հետևից։
Որոշ ժամանակ անց հավանաբար իր կանչվելու առիթով Մատթեոսն իր տանը մեծ ընդունելություն է անում։ Բացի Հիսուսից ու նրա աշակերտներից՝ ներկա են նաև Մատթեոսի նախկին գործընկերները։ Հրեաների մեծ մասը արհամարհում է մաքսահավաքներին, քանի որ նրանք մաքս, կամ՝ տուրք են հավաքում հռոմեական իշխանությունների համար, որոնց հրեաներն ատում են։ Բացի այդ, նրանցից ոմանք անազնվորեն ժողովրդից ավելի շատ դրամ են գանձում, քան իրականում պահանջվում է։
Երբ փարիսեցիները տեսնում են, որ Հիսուսն այդպիսի մարդկանց հետ սեղան է նստել, հարցնում են նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը մաքսահավաքների ու մեղավորների հետ հաց ուտում»։ Լսելով այդ խոսքերը՝ Հիսուսը պատասխանում է նրանց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդներն ունեն։ Ուրեմն գնացե՛ք և սովորե՛ք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»։ Որովհետև ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Ակներևաբար, Մատթեոսն այս մաքսահավաքներին իր տուն է հրավիրել, որպեսզի լսեն Հիսուսին և հոգևորապես բժշկվեն։ Ուստի Հիսուսը շփվում է նրանց հետ, որպեսզի օգնի Աստծու հետ լավ հարաբերություններ հաստատել։ Հիսուսը չի արհամարհում նման մարդկանց, ինչպես ինքնահավան փարիսեցիներն են անում։ Ընդհակառակը՝ նա կարեկցում է նրանց և, ինչպես հոգևոր բժիշկ, օգնություն է ցույց տալիս։
Հետևաբար, մեղավորների հանդեպ ողորմություն դրսևորելը չի նշանակում, որ Հիսուսն արդարացնում է նրանց մեղքերը. դրանով նա արտահայտում է այն նույն ջերմ զգացմունքները, որ տածում է ֆիզիկապես հիվանդ մարդկանց հանդեպ։ Հիշիր, օրինակ, այն դեպքը, երբ Հիսուսը, իր ձեռքը կարեկցաբար մեկնելով դեպի բորոտը, դիպավ նրան և ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Թող որ մենք էլ ողորմություն դրսևորենք՝ օգնության ձեռք մեկնելով կարիքի մեջ գտնվողներին, և օգնենք նրանց հատկապես հոգևոր առումով։ Մատթեոս 8։3; 9։9–13; Մարկոս 2։13–17; Ղուկաս 5։27–32։
▪ Որտե՞ղ է Մատթեոսը, երբ Հիսուսը տեսնում է նրան։
▪ Ո՞վ է Մատթեոսը, և ինչո՞ւ են հրեաները արհամարհում այդպիսի մարդկանց։
▪ Ինչո՞ւմ են փարիսեցիները մեղադրում Հիսուսին, և ինչպե՞ս է նա պատասխանում։
▪ Ինչո՞ւ է Հիսուսը շփվում մեղավորների հետ։