Գլուխ 21
Հայրենի քաղաքի ժողովարանում
ԵՐԲ Հիսուսը վերադառնում է տուն, անկասկած, Նազարեթում հուզումնալից իրարանցում է սկըսվում։ Մոտավորապես մեկ տարի առաջ, երբ Հիսուսը գնաց Հովհաննեսի մոտ մկըրտվելու, նա ճանաչված էր որպես ատաղձագործ։ Բայց այժմ ամեն տեղ Հիսուսին ճանաչում են որպես հրաշքներ գործողի։ Քաղաքի բնակիչները շատ են ցանկանում, որ նա այստեղ՝ իրենց քաղաքում էլ այդպիսի հրաշքներ գործի։
Նրանք մեծ ակնկալիքներով են լցվում, երբ Հիսուսը, իր սովորության համաձայն, գնում է ժողովարան։ Այնտեղ նա վեր է կենում, որ ընթերցի, և նրան Եսայիա մարգարեի գիրքն են տալիս։ Նա բաց է անում այն տեղը, որտեղ խոսվում է Եհովայի կողմից ոգով Օծվածի մասին։ Այդ հատվածը մեր այժմյան Աստվածաշնչերում գտնվում է «Եսայիայի մարգարեության» 61–րդ գլխում։
Կարդալով, թե Օծյալը ինչպես պետք է գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեր, ինչպես նաև մարդկանց հայտներ Եհովայի ընդունելի տարվա մասին՝ Հիսուսը գիրքը վերադարձնում է սպասավորին և նստում իր տեղը։ Բոլորն իրենց աչքերը Հիսուսի վրա են հառել։ Նա հավանաբար մանրամասն բացատրում է իր կարդացած խոսքերը և ավելացնում. «Այս գրությունը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց»։
Ներկաները հիանում են Հիսուսի «շնորհալի խոսքերի» վրա։ Նրանք ասում են իրար. «Չէ՞ որ սա Հովսեփի որդին է»։ Սակայն իմանալով, որ մարդիկ ուզում են իր հրաշքները տեսնել՝ Հիսուսը շարունակում է. «Անշուշտ այս առածը կկիրառեք իմ նկատմամբ՝ «բժի՛շկ, ինքդ քե՛զ բժշկիր»։ Եվ կասեք. «Այն ամենը, ինչ որ լսեցինք, որ կատարվել է Կափառնայումում, այստեղ՝ քո հայրենի վայրերում էլ արա»»։ Ակներևաբար, Հիսուսի նախկին հարևանները մտածում են, թե առաջին հերթին նա պետք է իր համաքաղաքացիներին բուժի, ուստի իրենց արհամարհված են զգում։
Հասկանալով, թե ինչի մասին են նրանք մտածում՝ Հիսուսը իսրայելացիների պատմությունից համապատասխան դեպքեր է հիշատակում։ Նա նշում է, որ թեպետ Եղիայի օրերում Իսրայելում բազմաթիվ այրի կանայք կային, սակայն Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց։ Փոխարենը՝ նա ուղարկվեց Սիդոն՝ ոչ իսրայելացի մի այրի կնոջ մոտ և հրաշք գործելով՝ փրկեց նրա կյանքը։ Նմանապես, Եղիսեի օրերում շատ բորոտներ կային, բայց նա բուժեց միայն ասորի Նեեմանին։
Պատմությունից բերված այս վառ օրինակները, որոնք ցայտուն կերպով բացահայտում են ներկաների եսասիրությունն ու թերահավատությունը, գրգռում են նրանց բարկությունը։ Նրանք վեր են կենում և Հիսուսին քաղաքից դուրս հանելով՝ բարձրացնում են լեռան գագաթը, որի վրա կառուցված է Նազարեթը։ Այդ մարդիկ փորձում են Հիսուսին այնտեղից վայր գցել։ Բայց Հիսուսին հաջողվում է ազատվել նրանց ճանկերից և հեռանալ։ Ղուկաս 4։16–30; Գ Թագաւորաց 17։8–16; Դ Թագաւորաց 5։8–14։
▪ Ինչո՞ւ է Նազարեթում հուզումնալից իրարանցում սկսվում։
▪ Հիսուսի խոսքերը լսելով՝ մարդիկ ի՞նչ են մտածում, բայց ավելի ուշ ինչի՞ց են նրանք զայրանում։
▪ Ի՞նչ են մարդիկ փորձում անել Հիսուսին։