Գլուխ 14
Հիսուսի առաջին աշակերտները
ԱՆԱՊԱՏՈՒՄ 40 օր անցկացնելուց հետո Հիսուսը վերադառնում է Հովհաննեսի մոտ, որը մկրտել էր իրեն։ Երբ նա մոտենում է, Հովհաննեսը, ակներևաբար Հիսուսին մատնացույց անելով, բացականչում է այնտեղ գտնվողներին. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Սա նա է, որի մասին ասում էի. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»»։ Թեև Հովհաննեսն իր զարմիկ Հիսուսից ավելի մեծ է, սակայն նա գիտի, որ Հիսուսն իրենից առաջ գոյություն է ունեցել երկնքում իբրև ոգեղեն անձնավորություն։
Սակայն մի քանի շաբաթ առաջ, երբ Հիսուսը եկել էր մկրտվելու, Հովհաննեսն ըստ երևույթին ստույգ չգիտեր, որ Հիսուսն է լինելու Մեսիան։ «Նույնիսկ ե՛ս չէի ճանաչում նրան,— խոստովանում է Հովհաննեսը,— բայց ես եկա ջրում մկրտելու այն պատճառով, որ նա հայտնի դառնա Իսրայելին»։
Հովհաննեսը շարունակում է բացատրել իրեն լսողներին, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա մկրտեց Հիսուսին. «Ես տեսա ոգին աղավնու տեսքով երկնքից իջնելիս, և այն մնաց նրա վրա։ Նույնիսկ ե՛ս չէի ճանաչում նրան, բայց Նա, որ ինձ ուղարկեց ջրում մկրտելու, ասաց ինձ. «Ում վրա որ տեսնես ոգին իջնելիս և մնալիս, նա է սուրբ ոգով մկրտողը»։ Եվ ես տեսա ու վկայեցի, որ նա է Աստծու Որդին»։
Հաջորդ օրը Հովհաննեսին ու նրա երկու աշակերտներին է մոտենում Հիսուսը։ Հովհաննեսը կրկին ասում է. «Ահա՛ Աստծու Գառը»։ Լսելով այս խոսքերը՝ Հովհաննես Մկրտչի երկու աշակերտները գնում են Հիսուսի հետևից։ Նրանցից մեկը Անդրեասն է, իսկ մյուսը հավանաբար հենց այն մարդն է, որը գրի է առել այս դեպքերը։ Նրա անունը նույնպես Հովհաննես է։ Ըստ ամենայնի լինելով Մարիամի քույր Սաղոմեի որդին՝ այս Հովհաննեսը նույնպես Հիսուսի զարմիկն է։
Շրջվելով և տեսնելով, որ Անդրեասն ու Հովհաննեսը գալիս են իր հետևից՝ Հիսուսը հարցնում է.
— Ի՞նչ եք փնտրում։
— Ռաբբի՛,— հարցնում են նրանք,— որտե՞ղ ես օթևանում։
— Եկե՛ք և կտեսնե՛ք,— պատասխանում է Հիսուսը։
Մոտավորապես ցերեկվա ժամը չորսն է, և Անդրեասն ու Հովհաննեսը օրվա մնացած մասն անցկացնում են Հիսուսի հետ։ Անդրեասն այնքան է տպավորված, որ շտապելով գնում է գտնելու իր եղբորը, որին Պետրոս են անվանում։ «Գտա՛նք Մեսիային»,— ասում է նա եղբորը և Պետրոսին բերում Հիսուսի մոտ։ Հավանաբար Հովհաննեսն էլ այդ ժամանակ գտնում է իր եղբայր Հակոբոսին և նույնպես բերում է Հիսուսի մոտ։ Սակայն Հովհաննեսը այս տեղեկությունը չի արձանագրել իր Ավետարանում, ինչը և բնորոշ է իրեն։
Հետևյալ օրը Հիսուսը գտնում է Փիլիպպոսին, որը Բեթսայիդայից է՝ այն նույն քաղաքից, որտեղից Անդրեասն ու Պետրոսն են։ Հիսուսը հրավիրում է նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»։
Այնուհետև Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին, որին նաև Բարթողոմեոս են անվանում, և ասում է.
— Գտա՛նք նրան, որի մասին Մովսեսը գրել է Օրենքում, և Մարգարեներն էլ են գրել՝ Հովսեփի որդի Հիսուսին՝ Նազարեթից։
— Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա,— կասկածանքով հարցնում է Նաթանայելը։
— Արի՛ և տե՛ս,— հորդորում է Փիլիպպոսը։
Երբ նրանք գալիս են դեպի Հիսուսը, վերջինս ասում է Նաթանայելի մասին.
— Ահա մի իսկական իսրայելացի, որի մեջ ոչ մի նենգություն չկա։
— Որտեղի՞ց ես ինձ ճանաչում,— հարցնում է Նաթանայելը։
— Դեռ Փիլիպպոսը քեզ չկանչած, մինչ դու թզենու տակ էիր, ես տեսա քեզ,— պատասխանում է Հիսուսը։
Նաթանայելը շատ է զարմանում։
— Ռաբբի՛ [նշանակում է «Ուսուցիչ»], դու Աստծու Որդի՛ն ես, դու Իսրայելի Թագավո՛րն ես,— ասում է նա։
— Քանի որ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրա համա՞ր ես հավատում,— հարցնում է Հիսուսը,— դրանցից ավելի մեծ բաներ կտեսնես։— Ապա խոստանում է,— ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք կտեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին բարձրանալիս և իջնելիս դեպի մարդու Որդին։
Այս դեպքերից շատ չանցած՝ Հիսուսն իր նոր աշակերտների հետ հեռանում է Հորդանանի հովտից և ճանապարհ է ընկնում դեպի Գալիլեա։ Հովհաննես 1։29–51։
▪ Ովքե՞ր են Հիսուսի առաջին աշակերտները։
▪ Ինչպե՞ս են Պետրոսը, հավանաբար նաև Հակոբոսը ծանոթանում Հիսուսի հետ։
▪ Ի՞նչն է համոզում Նաթանայելին, որ Հիսուսն Աստծու Որդին է։