Գլուխ 11
Հովհաննեսը պատրաստում է ճանապարհը
ՏԱՍՆՅՈԹ տարի է անցել այն դեպքից, երբ 12 տարեկան Հիսուսը տաճարում հարցեր էր տալիս ուսուցիչներին։ Մ. թ. 29 թվականի գարունն է։ Թվում է, թե բոլոր մարդիկ Հիսուսի զարմիկի՝ Հովհաննեսի մասին են խոսում, որը քարոզում է ամբողջ երկրում՝ Հորդանան գետի շրջակայքում։
Հովհաննեսը թե՛ իր արտաքին տեսքով և թե՛ իր խոսքերով տպավորություն է գործում մարդկանց վրա։ Նրա հագուստը ուղտի մազից է, իսկ մեջքին կաշվե գոտի է կապած։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր է։ Իսկ ո՞րն է Հովհաննեսի պատգամը։ «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»։
Այս պատգամն արձագանք է գտնում լսողների սրտերում։ Շատերը հասկանում են, որ անհրաժեշտ է զղջալ, այսինքն՝ փոխել իրենց մտածելակերպն ու մերժել նախկին ապրելակերպը՝ որպես անցանկալի կյանքի ուղի։ Ուստի Հորդանանի շրջակայքից, նույնիսկ Երուսաղեմից մեծ թվով մարդիկ են գալիս Հովհաննեսի մոտ, և նա մկրտում է նրանց՝ ընկղմելով Հորդանան գետի մեջ։ Ինչո՞ւ։
Հովհաննեսը մարդկանց մկրտում է որպես խորհրդանիշ այն բանի, որ նրանք զղջում են Աստծու Օրենքի ուխտի դեմ իրենց գործած մեղքերի համար։ Ուստի երբ փարիսեցիներից և սադուկեցիներից ոմանք գալիս են Հորդանան, Հովհաննեսը դատապարտում է նրանց. «Իժերի՛ ծնունդներ,— ասում է նա,— զղջմանը արժանի պտո՛ւղ բերեք։ Եվ մի՛ համարձակվեք ինքներդ ձեր մեջ ասել, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից էլ կարող է Աբրահամի համար զավակներ վեր կացնել։ Կացինն արդեն ծառերի արմատի մոտ է դրված. ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի բերում, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի»։
Տեսնելով, որ ժողովուրդը Հովհաննեսի վրա մեծ ուշադրություն է դարձնում՝ հրեաները քահանաներ ու ղևտացիներ են ուղարկում նրա մոտ։ Վերջիններս հարցնում են Հովհաննեսին.
— Դու ո՞վ ես։
— Ես չեմ Քրիստոսը,— խոստովանում է Հովհաննեսը։
— Ուրեմն ի՞նչ է, դու Եղիա՞ն ես,— հարցնում են նրանք։
— Ո՛չ,— պատասխանում է նա։
— Մարգարե՞ն ես։
— Ո՛չ։
— Ասա՛ մեզ, դու ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին,— համառում են նրանք։— Ի՞նչ ես ասում քո մասին։
— Ես նրա ձայնն եմ, որ բարձրաձայն կանչում է անապատում՝ «ուղղե՛ք Եհովայի ճանապարհը», ինչպես որ Եսայիա մարգարեն է ասել,— բացատրում է Հովհաննեսը։
— Այդ դեպքում ինչո՞ւ ես մկրտում,— ուզում են նրանք իմանալ,— եթե ինքըդ ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Մարգարեն։
— Ես ջրում եմ մկըրտում,— պատասխանում է Հովհաննեսը։— Ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, նա, որը գալիս է իմ հետևից։
Հովհաննեսը ճանապարհ է պատրաստում՝ օգնելով մարդկանց նախապատրաստել իրենց սիրտը, որ ընդունեն Մեսիային՝ ապագա Թագավորին։ Նրա մասին Հովհաննեսն ասում է. «Նա, որ ինձանից հետո է գալիս, ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ»։ Նա նույնիսկ հետևյալ խոսքերն է ասում. «Ինձանից հետո եկողը ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»։
Այսպիսով՝ Հովհաննեսի պատգամը, թե «մոտեցել է երկնքի թագավորությունը», հանրային հայտարարություն է այն մասին, որ շուտով սկսվելու է Եհովայի կողմից նշանակված Թագավոր Հիսուս Քրիստոսի ծառայությունը։ Հովհաննես 1։6–8, 15–28; Մատթեոս 3։1–12; Ղուկաս 3։1–18; Գործեր 19։4։
▪ Ինչպիսի՞ անձնավորություն է Հովհաննեսը։
▪ Ինչո՞ւ է Հովհաննեսը մկրտում մարդկանց։
▪ Ինչո՞ւ Հովհաննեսը կարող է ասել, որ երկնքի Թագավորությունը մոտեցել է։