Արդյոք պատահականությո՞ւն է
Կրետի ինժեներական հմտությունը
● Կրետը հմուտ ինժեներ է։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։
Նկատի առնենք հետևյալը։ Նա իր բույնը շինում է սեփական արտադրության թղթիցa։ Այս միջատը իր տան «շինանյութը» հավաքում է բույսերից և չոր փայտից, որտեղ էլ, որ գտնի՝ գերաններից, ցանկապատի ձողերից, հեռախոսակապերի սյուներից կամ այլ շինարարական նյութերից։ Հետո սկսում է ծամել ցելյուլոզով հարուստ այդ «շինանյութը»՝ խառնելով այն սպիտակուցներ պարունակող իր լորձին։ Երբ այս պրոցեսի արդյունքում առաջացած մածուկը չորանում է, դառնում է թեթև, բայց դիմացկուն և պինդ թուղթ։ Ավելին, նրա թուքը պարունակում է հատուկ նյութեր, ինչի շնորհիվ թուղթը անջատում կամ կլանում է ջերմություն՝ այդպիսով անձրևոտ եղանակներին նորմալ ջերմաստիճան պահպանելով փչակների մեջ։
Փաստորեն, կրետը իր բույնը շինում է բերանով։ Արդյունքում ստացվում է ջրակայուն վեցանկյուն փչակների մի փունջ։ Այն բանի շնորհիվ, որ փչակները վեցանկյուն են, բույնը ամուր է, իսկ տարածքը խնայողաբար է օգտագործված։ Հետաքրքիր է, որ անձրևոտ տեղերում ապրող կրետների թուքը ավելի շատ ջրակայուն նյութեր է արտադրում։ Բացի այդ, կրետը այսպիսի պայմաններում իր բույնը ավելի ապահով տեղում է կառուցում՝ կախելով այն գլխիվայր։ Բայց կարևորն այն է, որ կրետները ոչ մի վնաս չեն հասցնում միջավայրին՝ ի տարբերություն թուղթ արտադրող գործարանների, որոնք աղտոտում են օդը, ջուրը և հողը։
Ինժեներներն ու գիտնականները ուսումնասիրում են կրետի արտադրությունը այն նպատակով, որ ստեղծեն թեթև, ամուր, ճկուն և կենսաքայքայելի շինանյութեր։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք երկու ավազահատիկի չափ ուղեղ ունեցող միջատը կարո՞ղ է մտածել, թե ինչպես թուղթ արտադրել և ինժեներական հմտությամբ բույն շինել, թե՞ նրա կենսաքիմիական և ինժեներական հմտությունները ծրագրված են եղել։
[ծանոթագրություն]
a Կրետների շատ տեսակներ թղթե բույն են շինում։ Նրանց բնի փչակները ծառայում են որպես սենյակներ ձվիկների համար, որոնք որոշ ժամանակ անց դառնում են թրթուռ։