Մեղմ, բայց ուժեղ շետլանդական պոնի
● Երբևէ տեսե՞լ ես շետլանդական պոնի։ Գուցե առիթ ես ունեցել նույնիսկ քշել պոնի։ Այս գեղեցիկ կենդանու հայրենիքը Շոտլանդիայից հյուսիս գտնվող Շետլանդական կղզիներն են։ Հետաքըրքիր է, որ պեղումների ժամանակ այս տարածքում հնագետները հայտնաբերել են փոքր պոնիների ոսկորներ, որոնք հազարավոր տարիների հնություն ունեն։
Շետլանդական պոնիներին հեշտությամբ կարելի է ճանաչել. նրանց վերջույթները կարճ են, բաշը և պոչի մազերը երկար են, իսկ ընդհանուր մազածածկը խիտ է, ինչը պաշտպանում է նրանց իրենց բնակավայրին հատուկ ցուրտ եղանակից։ Սովորաբար նրանց հասակը 70–107 սանտիմետր է, գույնը՝ սև կամ մուգ շագանակագույն։ Առավելագույն հասակը 107 սանտիմետր է՝ բացառությամբ ամերիկա-շետլանդական պոնիների, որոնք հասնում են մինչև 117 սանտիմետրի։
Սակայն պետք չէ խաբվել նրանց փոքր հասակին։ Այս կենդանիները շատ ուժեղ են։ Իրականում ձիազգիների ընտանիքում նրանք ամենաուժեղն են համարվում։ Այդ պատճառով էլ ժամանակին նրանց օգտագործել են տորֆ փոխադրելու և դաշտեր հերկելու համար, աշխատեցրել են հանքահորերում, քանի որ միայն փոքրամարմին կենդանին կարող էր անցնել թունելների միջով։ Որոշ պոնիներ նույնիսկ իրենց ողջ կյանքն են անցկացրել այդ հանքերում՝ հնարավորություն չունենալով տեսնելու արևի լույսը։
Հատկապես հատուկ մարզում ստացած պոնիները շատ մեղմ ու հանգիստ են և իդեալական ձիեր են երեխաների համար։ Վերջերս պարզ է դարձել, որ այս բարի կենդանիները դրական ազդեցություն են ունեցել հաշմանդամների և մտավոր հիվանդների վրա, երբ նրանց օգտագործել են թերապևտիկ ծրագրի շրջանակներում։
Քանի որ պոնիները գրավիչ հատկություններ ունեն և կարողանում են հարմարվել ցանկացած միջավայրի, նրանց տանում են աշխարհի տարբեր մասեր։ Շատ երկրներում կան մարդիկ, որոնք հետաքրքրված են կոնկրետ այս տեսակի պոնիներով, և նույնիսկ կազմում են նրանց տոհմածառը։ Ամեն դեպքում, այս բարի կենդանին իր հայրենիքում է իրեն ապահով զգում. այնտեղ նա ավելի առողջ է և բացի այդ, պահպանում է իր գենետիկ առանձնահատկությունները։
[նկար 15-րդ էջի վրա]
Ձիազգիների ընտանիքում շետլանդական պոնիները ամենաուժեղն են՝ չնայած իրենց կարճ հասակին
[նկար 15-րդ էջի վրա. թուլտվությամբ]
© S Sailer/A Sailer/age fotostock