Երջանիկ ընտանիքներ. մաս երկրորդ
Ինչպես արդեն նշվեց «Երջանիկ ընտանիքներ. մաս առաջին» բաժնում, Աստվածաշնչի սկզբունքները օգնում են ընտանիքներին հաղթահարելու իրենց դժվարություններըa։ Բոլոր նրանց, ովքեր ապրում են իր չափանիշների համաձայն, Եհովա Աստված խոստանում է. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղմոս 32։8)։
Ֆինանսական խնդիրներ։ Հաճախ ամուսինների վեճի պատճառը փողն է։ Սակայն Աստվածաշնչի սկզբունքները կարող են օգնել նրանց ճիշտ տրամադրվածություն պահպանելու, երբ ֆինանսական խնդիրներ են առաջանում ընտանիքում։ Հիսուսն ասել է. «Այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ի՛նչ պիտի ուտեք և ի՛նչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ի՛նչ պիտի հագնեք։.... Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթեոս 6։25, 32)։
23–րդ էջում գրված է Իսաքարի պատմությունը, որն ապրում է Միացյալ Նահանգներում։ Նա պատմում է, թե ինչ ֆինանսական խնդիրներ ունեցավ իր ընտանիքը, և ինչպես նրանք հաղթահարեցին այդ դժվարությունները այն բանից հետո, երբ «Կատրինա» փոթորիկը ավերեց իրենց տունը։
Հիվանդություն։ Ինչ խոսք, բոլոր մարդիկ էլ հիվանդանում են։ Երբեմն հիվանդությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Իսկ ի՞նչ անել, երբ ընտանիքից մեկը լուրջ հիվանդություն է ձեռք բերում, որը հնարավոր չէ բուժել։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան հոգ կտանի այդպիսի հիվանդներին և «կ’մխիթարէ նորանց տկարութեան անկողնում» (Սաղմոս 41։1–3)։ Եհովան դա կարող է անել ընտանիքի մյուս անդամների միջոցով։
24–րդ էջում գրված է Ճապոնիայում ապրող Նորիկոյի պատմությունը։ Նրա ամուսինը՝ Հաջմեն, պատմում է, թե ինչպես է իր աղջիկների հետ հոգ տանում Նորիկոյի մասին։ Վերջինս տառապում է Շարկոյի հիվանդությամբ։
Երեխայի մահը։ Երեխայի մահը ամենամեծ ողբերգությունն է ընտանիքի համար։ Եհովան խոստանում է սրբել ցավի ու վշտի արցունքները (Հայտնություն 21։1–4)։ Սակայն նույնիսկ այսօր նա մխիթարում է սրտով կոտրվածներին (Սաղմոս 147։3)։
25–րդ էջում գրված է Ֆերնանդոյի և Դիլմայի մասին, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում։ Նրանց նորածին աղջիկը մահացել է։ Նրանք պատմում են, թե ինչպես է Աստվածաշունչը ուժ տվել իրենց դիմանալու այդ ծանր վշտին։
Իրոք, Աստվածաշունչը վստահելի առաջնորդություն է այն ընտանիքների համար, ովքեր մեծ փորձություններ են դիմագրավում։ Կարդացեք հաջորդ էջերում գտնվող պատմությունները։
[ծանոթագրություն]
a Տե՛ս այս պարբերագրի 14–17-րդ էջերը։
[շրջանակ/նկարներ 23-րդ էջի վրա]
Ինչպես հաղթահարեցինք ֆինանսական խնդիրները
Պատմում է Իսաքար Նիկոլզը, ԱՄՆ
««Կատրինա» փոթորիկը ավերեց մեր տունը, միայն բետոնե հատակն էր մնացել։ Իսկ ուսումնարանի շենքը, որտեղ ես աշխատում էի, մեկուկես ամիս ջրի տակ մնաց»։
ԵՍ, ԿԻՆՍ՝ Միշելը, և մեր երկու տարեկան աղջնակը՝ Սիդնին, ապրում էինք Բեյ Սենտ Լուիս քաղաքում (Միսսիսիպի նահանգ, ԱՄՆ)։ Քանի որ Եհովայի վկա ենք, մեր առջև նպատակ էինք դրել որքան հնարավոր է շատ մասնակցել քարոզչությանը։ Ես դասավանդում էի պրոֆեսիոնալ–տեխնիկական ուսումնարանում։ Այն գտնվում էր Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)։ Աշխատում էի երեք օր, իսկ ազատ ժամանակս օգտագործում էի մարդկանց աստվածաշնչային ճշմարտությունները սովորեցնելու համար։ Շատ հարմար գրաֆիկ ունեինք։ Սակայն մի օր լուրերով հայտնեցին, որ շուտով սկսվելու է «Կատրինա» փոթորիկը (2005 թ. ամռանը)։ Անմիջապես քաղաքը էվակուացվեց։
Ի վերջո, փոթորիկը դադարեց։ Մեր տունը, ինչպես նաև ուսումնարանը, որտեղ դասավանդում էի, ամբողջությամբ ավերվել էին։ Ապահովագրության ընկերությունը և կառավարությունը մեզ տուն, ինչպես նաև գումար տրամադրեցին, սակայն ինձ համար դժվար էր մշտական աշխատանք գտնել։ Այդ ընթացքում ապահովագրության հետ կապված ծախսերը ավելացան և ապրուստը թանկացավ։ Բացի այդ, կինս ջրից վիրուսային հիվանդություն ձեռք բերեց։ Նրա իմունային համակարգը այնքան թուլացավ, որ ավելի ուշ վարակվեց մեկ ուրիշ վիրուսով, որն առաջանում է մոծակի խայթոցից։
Մենք հարմարվեցինք նոր հանգամանքներին. սկսեցինք խնայողաբար ծախսել փողը, անգամ անհրաժեշտ բաների համար։ Աշխատանքի հարցում ընտրության հնարավորություն չկար, պետք է անեի այն գործը, որ կգտնեի։
Պետք է խոստովանեմ, որ հեշտ չէր համակերպվել մեր ունեցվածքի կորստի հետ։ Սակայն երախտապարտ էինք Աստծուն, որ կենդանի ենք մնացել։ Տեղի ունեցածը ցույց տվեց, որ նյութական բաները այդքան էլ մեծ արժեք չունեն։ Հիշում էինք Հիսուսի խոսքերը. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։
Շատերը մեզնից ավելի շատ բան կորցրին, ոմանք կորցրին անգամ իրենց կյանքը։ Պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ աղետից անմիջապես հետո սկսեցի մասնակցել փրկարարական աշխատանքներին և մխիթարել ու քաջալերել նրանց, ովքեր մեծ կորուստներ էին ունեցել։
Այդ ծանր պահերին Սաղմոս 102։17–ում գրված խոսքերը մեզ շատ են սփոփել։ Այնտեղ գրված է, որ Եհովա Աստված «մտիկ է տալիս խեղճերի աղօթքին, եւ չէ անարգում նորանց աղօթքը»։ Մենք ընտանիքով զգացել ենք, թե որքան ճշմարիտ են այս խոսքերը։
[շրջանակ 23-րդ էջի վրա]
«Կատրինա» և «Ռիտա» փոթորիկները մեծ վնասներ հասցրին Միացյալ Նահանգներին (2005 թ.)։ Եհովայի վկաները անմիջապես փրկարարների 13 ջոկատ կազմեցին, ստեղծեցին 9 պահեստ և չորս վառելանյութի պահեստ։ Միացյալ Նահանգներից և 13 այլ երկրներից մոտ 17 000 Վկաներ եկան աղետի գոտի՝ օգնություն ցույց տալու։ Նրանք հազարավոր տներ վերակառուցեցին։
[շրջանակ/նկարներ 24-րդ էջի վրա]
Երբ հիվանդանում է ընտանիքի անդամը
Պատմում է Հաջմե Իտոն, Ճապոնիա
«Ես շատ էի սիրում Նորիկոյի հետ համեղ բաներ պատրաստել։ Սակայն նա հիվանդացավ։ Հիմա նա չի կարողանում ուտել և խմել, անգամ խոսել։ Նա նստած է հաշմանդամի սայլակին և շնչում է արհեստական շնչառության ապարատի օգնությամբ»։
ԿԻՆՍ՝ Նորիկոն, 2006 թ. մայիսին սկսեց դժվարությամբ խոսել։ Իսկ ամռանը նա արդեն դժվարությամբ էր ուտում և խմում։ Սեպտեմբերին բժիշկները հայտնեցին մեզ, որ նա տառապում է Շարկոյի հիվանդությամբ։ Դա մի հիվանդություն է, որը ախտահարում է ուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջները։ Ընդամենը չորս ամսում մեր կյանքը ամբողջությամբ փոխվեց։ Սակայն խնդիրները դեռ նոր էին սկսվում։
Ժամանակի ընթացքում Նորիկոյի լեզուն, ինչպես նաև աջ ձեռքը կաթվածահարվեցին։ Հատուկ խողովակի միջոցով, որն անմիջապես մտնում էր ստամոքսի մեջ, նա կարողանում էր սնվել, իսկ հետագայում վիրահատության միջոցով նրա վզի մեջ հատուկ խողովակ տեղադրեցին, որպեսզի օդ անցնի։ Նա արդեն ի վիճակի չէր խոսելու։ Նորիկոյի համար դա իրոք մեծ փորձություն էր, քանի որ նա շատ ակտիվ անձնավորություն է եղել։ Մենք Եհովայի վկաներ ենք։ Նորիկոն և աղջիկներս իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում էին քարոզչական գործին։ Իսկ այժմ կինս հիմնականում պառկած է լինում անկողնում։
Այդուհանդերձ, Նորիկոն չի վհատվում։ Թեև նա հաշմանդամի սայլակի վրա է նստում և շնչառական սարքի միջոցով է շնչում, բայց հաճախում է ժողովի հանդիպումներին։ Քանի որ նրա լսողությունը վատացել է, աղջիկներս ժողովի ընթացքում թղթերի վրա գրի են առնում կարևոր մտքերը, որ նա օգուտներ ստանա ծրագրից։ Թեև նա դադարեցրել է լիաժամ ծառայությունը, սակայն համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ շարունակում է քարոզել բարի լուրը՝ մարդկանց նամակներ գրելով (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։1–4)։
Նորիկոյին հոգ տանելու հարցում մենք համագործակցում ենք։ Աղջիկներս հարմար գրաֆիկով աշխատանք են գտել, ինչը թույլ է տալիս նրանց ավելի շատ լինել տանը։ Ամեն օր երեքով բազում գործեր ենք անում, որոնք մի ժամանակ Նորիկոն էր անում։
Երբեմն առավոտյան Նորիկոյին նայելիս նկատում եմ, որ նա հոգնած է։ Իմ մեջ ցանկություն է առաջանում ասելու, որ այդ օրը ավելի հանգիստ անցկացնի, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ նա շատ է ուզում բարի լուրը քարոզել մարդկանց։ Երբ պատրաստում եմ համակարգիչը, նրա աչքերը սկսում են շողալ։ Իսկ երբ սկսում է նամակներ գրել, ավելի լավ է զգում իրեն։ Ու ես նորից համոզվում եմ, որ անչափ կարևոր է «միշտ շատ բան ունենալ անելու Տիրոջ գործում» (1 Կորնթացիներ 15։58)։
2006 թ. «Արթնացե՛ք»–ում գրված Ջեյսոն Ստյուարտի կենսագրությունը օգնել է Նորիկոյին հուսահատության գիրկը չընկնել։ Երբ հիվանդանոցում բժիշկները հարցրին, թե ինչով է պայմանավորված Նորիկոյի դրական տրամադրվածությունը, նա պատմեց նրանց պարբերագրում գրված այդ հոդվածի մասին։ Մենք նույնիսկ մի քանի օրինակներ բաժանեցինք նրանց անձնակազմին։ Կինս կարողանում է տոկալ՝ իր հավատի մասին ուրիշներին պատմելով։
Արդեն 30 տարի է, ինչ մենք ամուսնացած ենք, սակայն այս երեք տարիների ընթացքում սկսեցի գնահատել նրա այն հատկությունները, որոնց նախկինում ուշադրություն չէի դարձրել։ Ես այնքա՜ն ուրախ եմ, որ ամուսնացել եմ նրա հետ։
[շրջանակ/նկարներ 25-րդ էջի վրա]
Երբ մահը խլում է երեխայիդ
Պատմում են Ֆերնանդո և Դիլմա Ֆրեյտասները, ԱՄՆ
«Թե ինչ ես զգում, երբ կորցնում ես երեխայիդ, անհնար է բառերով նկարագրել»։
ՄԵՐ աղջնակը, որի անունը Փրեշս էինք դրել, մահացավ 2006 թ. ապրիլի 16–ին։ Նա ընդամենը տասը օրական էր։ Հղիությունից երեք ամիս հետո բժիշկները հայտնաբերեցին, որ մեր չծնված երեխան սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Մինչ մոտենում էր ծննդաբերելու ժամանակը, ավելի պարզ էր դառնում, որ նույնիսկ եթե երեխան կենդանի ծնվի, միևնույն է, շատ չանցած՝ կմահանա։ Ծայրաստիճան դժվար կացության մեջ էինք հայտնվել ու չէինք կարողանում համակերպվել այդ մտքի հետ։ Մենք ունեինք երեք առողջ երեխա։ Չէինք հավատում, որ չորրորդը պետք է մահանա։
Երբ ծնվեց մեր աղջիկը, քրոմոսոմային հիվանդությունների մի մասնագետ պարզեց, որ նա ունի մի հիվանդություն, որը կոչվում է 18–րդ քրոմոսոմի տրիսոմիա։ Այս հիվանդությունն ունենում է 5 000 երեխայից մեկը։ Պարզ էր, որ մեր փոքրիկը երկար չի ապրի։ Մենք անչափ վհատված էինք, քանի որ գրեթե ոչ մի բան չէինք կարող անել մեր երեխայի համար։ Միակ բանը, որ կարող էինք անել, նրա կողքին լինել էր այդ կարճ ժամանակաընթացքում։
Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք գոնե տասը օր լինել Փրեշսի հետ։ Այդ ընթացքում նրա և ամբողջ ընտանիքի միջև ջերմ կապվածություն առաջացավ։ Գրկում էինք նրան, խոսում նրա հետ, համբուրում և շատ էինք նկարում։ Անգամ քննարկում էինք, թե ամենից շատ ում է նման։ Այն մասնագետը, որը հայտնաբերել էր Փրեշըսի հիվանդությունը, ամեն օր այցելում էր հիվանդանոց՝ մեզ տեսնելու։ Նա մեզ հետ լաց էր լինում և շատ էր ափսոսում, որ փոքրիկը հիվանդ է ծնվել։ Նույնիսկ նկարեց Փրեշսին՝ որպես հիշատակ պահելու համար։ Հետո այդ նկարից մի օրինակ տվեց մեզ։
Լինելով Եհովայի վկաներ՝ մենք հավատում ենք, որ շուտով Աստված դրախտային պայմաններ կհաստատի երկրի վրա։ Մենք գիտենք, որ Եհովան կարոտով է սպասում այն ժամանակին, երբ կյանքի է բերելու բոլոր նրանց, ովքեր մահացել են, այդ թվում նաև Փրեշսի նման նորածին երեխաներին (Յոբ 14։14, 15; Հովհաննես 5։28, 29)։ Ընտանիքով անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ ամուր կգրկենք մեր բալիկին։ Ամեն անգամ, երբ լսում ենք «դրախտ» բառը, այդ վառ հույսը մեզ ուրախացնում է։ Իսկ մինչ այդ մխիթարվում ենք՝ իմանալով, որ Փրեշսը Աստծու հիշողության մեջ է և այլևս չի տանջվում (Ժողովող 9։5, 10)։