Աստվածահաճո կրթության օգուտները
Այն ծնողները, որոնք մանկուց կրթում են իրենց երեխաներին, հաճախ լավ արդյունքների են հասնում։ Պերուում (Հարավային Ամերիկա) ապրող Դորիան անունով մի տղա Եհովայի վկաների Թագավորության սրահում իր առաջին ելույթը ներկայացրեց Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ ընդամենը չորս տարեկանում։ Երբ նա սկսեց դպրոց գնալ, կարողացավ իր ուսուցչին և համադասարանցիներին ինքնուրույն բացատրել, թե ինչու չի նշում Սուրբ Ծնունդը։
Երբ Դորիանը հինգ տարեկան էր, նրան խնդրեցին ելույթ ունենալ ամբողջ դպրոցի՝ մոտ 500 աշակերտների առաջ այն մասին, թե ինչ կարծիք ունի «Հայրերի օրվա» վերաբերյալ։ Նա պատրաստեց տասը րոպեանոց ելույթ, որը վերնագրեց՝ «Հայրերի պատասխանատվությունները»։ Այն հիմնված էր Եփեսացիներ 6։4–ի վրա։ Ելույթի վերջում նա ասաց. «Հայրերի համար տարին մեկ անգամ տոն նշելու փոխարեն՝ լավ կլինի, որ երեխաները հարգեն և հնազանդվեն նրանց ամեն օր»։
1943 թ.–ին Աստվածապետական ծառայության դպրոցը դարձավ Եհովայի վկաների շաբաթական հանդիպումներից մեկը։ Այն նախատեսված է թե՛ երիտասարդների և թե՛ տարեցների՝ հանրության առջև խոսելու ունակությունները բարելավելու համար։ Սկսած 1943 թ.–ից՝ Աստվածաշնչի վրա հիմնված այս կրթությունը լրացնում է այն կրթությանը, որը ծնողները տալիս են իրենց երեխաներին (Առակաց 22։6)։
2005 թ. նոյեմբերին վեցամյա Սիմոնը, որն ապրում է Շվեյցարիայում, Աստվածաշնչի իր առաջին ընթերցանությունը ներկայացրեց Աստվածապետական ծառայության դպրոցում։ Մոտավորապես մեկ տարի հետո Եհովայի վկաների մեծ համաժողովներից մեկի ժամանակ նա հարցազրույց ունեցավ։ Ի՞նչ տեսակետ էր նա զարգացրել հոգևոր բաների հանդեպ։
Սիմոնին դուր է գալիս հաճախել քրիստոնեական հանդիպումներին, և դա երևում է այն բանից, որ նա ջանք է գործադրում բաց չթողնել ոչ մի հանդիպում, անգամ եթե հոգնած է։ Բացի այդ, նա իր ընտանիքի անդամներին ուղեկցում է ծառայության մեջ։ Ամեն ամիս նա «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի 30–50 օրինակ է տալիս տարբեր տարիքի մարդկանց։ Ավելին, նա հաճախ է Աստվածաշնչի մասին զրուցում իր հոր հետ, որը Եհովայի վկա չէ, և քաջալերում է նրան ընտանիքի մյուս անդամների հետ միասին գնալ ժողովի հանդիպումներին։
Անշուշտ, այն ծնողները, որոնք իրենց երեխաներին մեծացնում են «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով»՝ մեծ ուրախություն են ստանում, երբ երեխաները արձագանքում են իրենց ստացած կրթությանը և պտուղներ են բերում (Եփեսացիներ 6։4; Հակոբոս 3։17, 18)։
[Նկար 28–րդ էջի վրա]
Դորիանը դպրոցում
[Նկար 28–րդ էջի վրա]
Սիմոնը Թագավորության սրահում