Մխիթարություն դժբախտության պահին
Դոլորես Գոմեսը, որը Եհովայի վկա էր, ապրում էր Բարսելոնի (Իսպանիա) մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում։ Դոլորեսը 44 տարեկան էր, երբ բժիշկը հայտնեց, որ նա գլխուղեղի ուռուցք ունի և դժվար թե ութ ամսից ավելի ապրի։ Դոլորեսի հավատակիցները առատորեն արտահայտում էին իրենց սերը նրա հանդեպ։ Նրա մահից մի քանի օր առաջ ժամանեցին Իսպանիայի տարբեր մասերում ապրող հարազատները, որոնք Վկաներ չէին։
Տեղի Վկաները հոգ տարան նրանց՝ տրամադրելով գիշերելու տեղ, տրանսպորտ և այլ անհրաժեշտ բաներ, ինչպես նաև ապահովելով սննդով։ Դոլորեսի անսասան հավատն ու արժանապատվությունը, որը նա դրսևորեց մինչև մահ, ինչպես նաև տեղի Վկաների հյուրընկալությունը հուզեցին այդ կնոջ ընտանիքի անդամների սրտերը։ Ստորև բերվում է այն նամակը, որտեղ նրանք իրենց զգացումներն են արտահայտել։
«Այս նամակն ուղղված է մի խումբ տղամարդկանց և կանանց, ովքեր սեր են քարոզում ոչ միայն իրենց խոսքերով, այլև գործերով, որոնց միջոցով արտահայտում են իրենց սրտի անկեղծ զգացմունքները։ Մենք դա ճաշակեցինք մեր կյանքի մի առանձնահատուկ շրջանում՝ մեր քրոջ՝ Լոլիի (Դոլորեսի) մահացու հիվանդության ժամանակ։
Ուստի բոլորս էլ (Իսպանիայի հեռավոր շրջաններում ապրող նրա հարազատները), որ ցավ ենք ապրում այս մեծ կորստի համար, ուզում ենք արտահայտել երախտագիտության և սիրո մեր խորը զգացումները ձեր բոլորի հանդեպ, քանի որ դուք Դոլորեսի հետ եք եղել թե՛ նրա ուրախ պահերին, թե՛ տխուր, թե՛ հաղթանակների, թե՛ ցավերի ժամանակ, մինչև նրա կյանքի վերջին պահը երկրի վրա։
Նաև ցանկանում ենք հաղորդել, որ ձեզանում մենք տեսանք սիրո և միասնության մեծագույն արտահայտումներից մեկը։ Մենք վերադառնում ենք մեր տներն ու ընտանիքները, նաև առօրյային, սակայն արդեն նույն անձնավորությունները չենք, քանի որ մեր քրոջ՝ Լոլիի և ձեր մեջ իշխող սերը մեծապես ազդել է մեզ վրա։ Դա կօգնի մեզ շարունակել մեր կյանքը։
Մենք ցտեսություն ենք ասում ձեզ ջերմ սիրով և խորը երախտագիտությամբ լցված սրտով։ Մինչ հանդիպում, սիրելիներ, թող որ Եհովան օրհնի ձեզ և երջանկություն պարգևի»։
Նամակը ստորագրել են Դոլորես Գոմեսի եղբայրներն ու քույրերը
[Նկարազարդում 31–րդ էջի վրա]
Տեղի Վկաներից մի քանիսը