Մեզ նախազգուշացրել էր «Արթնացե՛ք»–ը
«ԱՐԹՆԱՑԵ՛Ք»–Ը կանոնավորաբար ընթերցող մարդիկ բարձր են գնահատում այս պարբերագրում տեղ գտած հոդվածները։ Սակայն Գերմանիայում բնակվող մի ամուսնական զույգի համար, որ անցյալ տարվա դեկտեմբերին իր արձակուրդն էր անցկացնում Կհաու Լակում (Թաիլանդ), հատուկ նշանակություն ունեցավ 2001 թ. փետրվարի 8–ի համարում տպագրված «Աղետաբեր ալիքներ. առասպել և իրականություն» հոդվածը (անգլ., ռուս.)։
Նրանց հետ տեղի ունեցած դեպքը հրապարակվեց գերմանական մի պարբերաթերթում («Frankenpost» («Selber Tagblatt»))։ Այնտեղ կարդում ենք. «Ինչպես հիշում է Ռոզվիտա Գեզելը, այդ օրը ծովում որոշ ժամանակ լողալուց հետո նրանք գնացին հյուրանոց, որ փոխեն իրենց հագուստը։ Ապա Գեզելները ականատես եղան մի ահազդու տեսարանի։ Ռեյները պատմում է. «Երբ տասը րոպե անց ափ վերադարձանք, ծովն անհետացել էր»։ Յոթ կիլոմետրի վրա երևում էր միայն ծովի հատակը, որ ձգվում էր մինչև խութերը։ «Բոլոր լողորդները, որ մնացել էին ջրում, տարվել էին դեպի ծով»։ Իրենց փրկությունը Գեզելները վերագրվում են «Արթնացե՛ք»–ում տեղ գտած հոդվածին։ Այնտեղ նրանք կարդացել էին, որ ցունամիից առաջ հաճախ արտասովոր մակընթացություններ են լինում։
Երբ որոշակի հեռավորության վրա նրանք տեսան հսկայական ալիքը, շրջվեցին ու սկսեցին վազել։ Ռեյներ Գեզելի խոսքերով՝ ջրի այդ սյունը հասնում էր 12–15 մետր բարձրության։ Նրա ամենացավալի հիշողություններից մեկն այն է, որ մյուս զբոսաշրջիկները, ափին կանգնած, ապշահար նայում էին ծովին։ «Նրանք տեղից անգամ չշարժվեցին։ Ես աղաղակեցի, որ փախուստի դիմեն իրենց կյանքը փրկելու համար, բայց նրանք ոչ մի արձագանք չտվեցին։ Չեմ կարծում, թե այդ մարդկանցից որևէ մեկը փրկվել է»,— պատմում է Ռեյները։
Վերոհիշյալ պարբերաթերթում Գեզելների մասին նաև ասվում էր. «Քանի որ նրանք Եհովայի վկաներ են, իրենց արձակուրդի ժամանակ կապ էին հաստատել մոտակա ժողովի հետ, որ գտնվում է Կհաու Լակից 140 կիլոմետր հեռավորության վրա։ Երբ Գեզելների հավատակիցները իմացան տեղի ունեցած աղետի մասին, բոլորը միասին գնացին Կհաու Լակ՝ նրանց փնտրելու»։
Այդ ամուսինները, որ այժմ ապահով վերադարձել են Գերմանիա, անչափ երախտապարտ են «Արթնացե՛ք»–ում տպագրվող արժեքավոր տեղեկությունների համար։ Գեզելները շնորհակալ են նաև թաի ժողովրդի ներկայացուցիչներից, որ օգնության ձեռք մեկնեցին իրենց։ Եվ հատկապես նրանք շնորհակալ են իրենց հոգևոր եղբայրներից, որոնք անկեղծ քրիստոնեական սեր ցուցաբերեցին իրենց հանդեպ։