Անպաշտպան ունկնդիրները
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՑ
ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԸ, տեսաֆիլմերը, հեռուստատեսությունը, թվային տեսասկավառակները, էլեկտրոնային խաղերը և Ինտերնետը դարձել են բազում երեխաների կյանքի անբաժանելի մասը։ Ինչպես նշվում է վերջերս լույս տեսած մի հաղորդագրության մեջ, որը հրատարակվել է Ֆինլանդիայի՝ ֆիլմերի դասակարգման վարչության կողմից, «համաձայն որոշ հաշվարկների՝ այն ժամանակը, որ երեխաներն ու պատանիները անցկացնում են հեռուստատեսային միջոցների առջև, 20–30 անգամ գերազանցում է ընտանիքի հետ անցկացված ժամանակին»։a Ցավոք, դրա հետևանքով երեխաները վնասակար շատ բաներ են դիտում։
Որոշ երկրներում պետական իշխանությունները փորձում են պաշտպանել երեխաներին՝ տարիքային սահմանափակումներ դնելով և հաղորդումներն ու ֆիլմերը դասակարգելով։ Այնուամենայնիվ, ըստ նույն հաղորդագրության՝ երեխաներն ու նրանց ծնողները ոչ միշտ են հասկանում այդ քայլի նպատակը և հակված են նվազեցնել դրա կարևորությունը։ Բացի այդ, հայտնի է, որ շատ կինոթատրոններում և տեսաֆիլմերի վարձութակետերում տարիքային սահմանափակումները անտեսվում են։ Ավելին, որոշ հաղորդումներ և կինոնկարներ ընդհանրապես դասակարգված չեն։
Հարցմանը մասնակցած ուսուցիչներից մեկը նշեց. «Ինչպես երևում է, աշակերտները մեծամասամբ կարծում են, որ եթե բացահայտորեն արյունահեղություն ցույց չի տրվում, ապա ներկայացվածը բռնություն չէ»։ Շատ տեսաֆիլմեր և համակարգչային խաղեր, նույնիսկ երեխաների համար նկարահանված մուլտիպիլիկացիոն կինոնկարներ, այնպիսի ինֆորմացիա են հաղորդում, որը կարող է վնաս հասցնել։
Նույն հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «հիմնական պատասխանատվությունը այն հարցում, թե ինչ ֆիլմեր կամ հեռուստատեսային ծրագրեր կդիտեն երեխաները, դրված է» ընտանիքի վրա։ Հաղորդագրությունն ավարտվում է մտածելու առիթ տվող հետևյալ հարցով. «Արդյո՞ք մենք՝ մեծահասակներս, ունենք բավականաչափ ցանկություն, ուժ և միջոցներ՝ երեխաներին հեռուստատեսային միջոցների վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար»։
[Ծանոթագրություն]
a Այս հաղորդագրությունը («The Age Limits of Visual Programs and Child Protection») հիմնված է մի հետազոտության վրա, որն անցկացվել է տարրական դասարանների մոտ 340 աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։